Բժիշկ Գևորգ Գրիգորյանի հիմնադրած Medmedia.am կայքը, որը պարբերաբար աչքի է ընկնում COVID-19-ի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկությունների և դավադրությունների տեսությունների տարածմամբ, ֆինանսավորվում է ԱՄՆ հարկատուների գումարներով։ Կայքի որոշ հրապարակումներ COVID-19-ն անվանում են «կեղծ համավարակ» և կոչ անում հրաժարվել պատվաստումներից։
Բժիշկն ու չստուգված փաստերը
Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելուց հետո բժիշկ Գևորգ Գրիգորյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը և լրագրող Անի Հովհաննիսյանը մարտին ստեղծեցին «COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը», որը խոստանում է անաչառ փաստեր ներկայացնել երկրում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ։
openDemocracy-ն պարզել է, որ խմբի անդամներից Գևորգ Գրիգորյանին է պատկանում Medmedia.am կայքը, որը գործարկվել է ԱՄՆ դեսպանության դրամաշնորհի միջոցով։ Հատկանշական է, սակայն, որ երիտասարդ ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը հաճախ է հանդես գալիս չփաստարկված հայտարարություններով։
Օրինակ, նա հայտարարել էր, որ մարդու պապիլոմավիրուսի պատվաստանյութը (որը, ի թիվս այլնի, պաշտպանում է կանանց արգանդի պարանոցի քաղցկեղից) նախատեսված է գեյերի համար, ինչպես նաև այն, որ «Գարդասիլի» առաջացրած «վտանգն ավելի մեծ է», քան արգանդի քաղցկեղի տարածվածությունը։
Գևորգ Գրիգորյանը հայտնի է նաև ԼԳԲՏ համայնքի դեմ խիստ հայացքներով։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրառումներ է արել, որ «կլինի այն մարդկանցից մեկը, որը միշտ կպայքարի միասեռամոլության դեմ», և որ «պետք է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին հրապարակային այրել»։
Բացի այդ, նա կապեր ունի տեղական ծայրահեղ աջ ակտիվիստների հետ։
Գրիգորյանը հիմնադրել է «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ-ն, որը հորդորում է բնակչությանը «առողջությանը վերաբերող հարցերին մոտենալ խիստ լրջորեն, չխախտել «Մի՛ վնասիր» սկզբունքը և որևէ հայտարարություն անելուց առաջ ներկայացնել հիմնավորված փաստեր և չտարածել մանիպուլյատիվ տեղեկատվություն»։
Ի հեճուկս նման հայտարարությունների՝ խորհուրդը նախկինում ներգրավված է եղել մարդու պապիլոմավիրուսի պատվաստումների դեմ քարոզչական արշավներում։ 2019-ին այն կոչ է արել քաղաքացիներին «ֆինանսական կամ այլ մեթոդներով» աջակցություն ցուցաբերել՝ հանրության շրջանում «Գարդասիլ-4» պատվաստանյութի դեմ իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով։
ԱՄՆ հարկատուների գումարները՝ խնդրահարույց կայքին
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը openDemocracy-ի հետ զրույցում հաստատել է, որ Medmedia.am-ը դրամաշնորհ է ստացել «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի միջոցով, «Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհներ» ծրագրի շրջանակում, սակայն չի հաստատել աջակցության հստակ չափը։
ԱՄՆ Պետական դեպարտամենտի Հասարակայնության հետ կապերի գրասենյակի տրամադրած այս դրամաշնորհի նպատակը «ժողովրդավարության խթանումն է» և կարող է տարեկան մինչև 50,000 դոլար կազմել։
Պարզ չէ նաև, թե արդյո՞ք կայքն ունի ֆինանսավորման այլ աղբյուրներ. կայքում այդ մասին հիշատակումներ չկան։
Medmedia.am-ը հրապարակում է կարճ հոդվածներ, լուրեր, տեսանյութեր և հարցազրույցներ՝ առողջապահական ամենատարբեր թեմաների մասին՝ առողջ սնունդից մինչև ատամների խնամք։ Կայքում, սակայն, բացակայում են խմբագրակազմի և լրագրողների մասին տեղեկությունները։ Որոշ հոդվածներում նշվում են հեղինակների անուններ, մյուսները պարզապես անանուն են։
Կայքի ամենաընթերցված հոդվածները հիմնականում վերահրապարակված ֆեյսբուքյան գրառումներ են, որոնք կայքում տեղադրվում են առանց խմբագրման։
Անցած ամսվա ընթացքում կայքը հրապարակել է ավելի քան մեկ տասնյակ այդպիսի գրառումներ, որոնք ներառում են ոչ հավաստի և չստուգված տեղեկություններ COVID-19-ի կամ պատվաստումների վերաբերյալ։
Կայքում վերատպված ֆեյսբուքյան գրառումները սովորաբար պատկանում են նույն հեղինակներին, սակայն լրատվական հարթակում դրանք ստանում են շատ ավելի լայն տարածում, քան կունենային միայն Ֆեյսբուքում։
Մայիսի դրությամբ կայքի ամենաընթերցված հոդվածը կոչ է անում հայաստանցիներին «մերժել COVID 19-ի դեմ պատվաստումների համար նախատեսված ցանկացած ծրագիր»։ Հրապարակումն ունի ավելի քան 131,000 դիտում և 28,000 ֆեյսբուքյան հավանում։ Մինչդեռ, ֆեյսբուքյան հարթակում այս հայտարարությունը, մինչև կայքում հրապարակվելը, ուներ ընդամենը 129 հավանում և 190 տարածում։
Կայքի երկրորդ ամենաընթերցված հոդվածը նշում է, որ «դիահերձարանն ինֆարկտից մահացածի հարազատներին առաջարկել է 100,000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը, իբր, մահացել է կորոնավիրուսից»։ Ավելի ուշ «Փաստերի ստուգման հարթակը» գնացել էր այս տեղեկության հետքերով և պարզել, որ այն փաստահեն չէ և ավելի շատ բամբասանք է։
Որոշ հրապարակումներ էլ COVID-19-ը նկարագրում են որպես «կեղծ համավարակ» կամ նշում, որ «վարակված պացիենտներին առաջարկել են պատվաստել «Գարդասիլ» տեսակի պատվաստանյութ»։
Medmedia.am-ն աչքի է ընկնում նաև մանիպուլյատիվ հրապարակումների տարածմամբ։ «Ասողին լսող է պետք» վերտառությամբ անանուն հոդվածների շարքն ավելի շատ խուճապային տրամադրություններ է տարածում, քան տեղեկատվական բնույթ կրում։ Կարող եք ծանոթանալ շարքի առաջին, երկրորդ և երրորդ մասերին։
Փորձագետները կայքի բովանդակությունը վտանգավոր են որակում
ԱՄՆ-ի և Հայաստանի հանրային առողջության փորձագետները քննադատում են կայքի գործունեությունը։
«Կարծում եմ, որ այս ապատեղեկատվությունը չափազանց վտանգավոր է»,- openDemocracy-ի հետ զրույցում ասում է ամերիկացի բժիշկ, իմունոլոգիայի փորձագետ և ռոտավիրուսի պատվաստանյութի գյուտի համահեղինակ Փոլ Օֆիթը։
ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ զգուշացնում է, որ «այսպիսի ապատեղեկատվությունը կարող է վատթարացնել COVID-19-ի տարածման իրավիճակը» երկրում։
«Նրանք փորձում են խուճապ տարածել և տապալել պատվաստանյութի պահանջարկը՝ անգամ մինչև դրա ստեղծումը»,- ասում է Գայանե Սահակյանը՝ անդրադառնալով ճգնաժամի պայմաններում նման կեղծ պնդումների տարածմամբ զբաղվող բժիշկներին։
Ամերիկյան First Draft News ընկերության տնօրեն և ապատեղեկատվության գծով փորձագետ Քլեյր Ուարդլն էլ նշում է, որ «ոչինչ չի կարող արդարացնել պրոֆեսիոնալ «լրատվական կայքի» կողմից նման տեսությունների առաջքաշումը […]։ Մարդիկ սովորաբար ավելի հակված են հավատալու այդ լուրերին և կիսելու դրանք մյուսների հետ, քանի որ հավատում են, որ տեղեկատվությունը ստուգվել է «պաշտոնական աղբյուրի» կողմից»։
Փորձագետը նկատում է, որ ԱՄՆ Պետական դեպարտամենտը կարծես թե «տեղեկատվական նախաձեռնություններին աջակցում է ամբողջ աշխարհում՝ առանց դրանց բովանդակության, մեթոդների և դրդապատճառների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու ունակության»։
«Այս օրինակը պետք է սթափեցման կոչ և ահազանգ լինի, որ վտանգավոր դավադրությունների տեսություններն ու բամբասանքները տարածվում են ամենատարբեր դերակատարների կողմից, և զգոնության պահպանումն անհրաժեշտություն է»,- ասում է Ուարդլը։
Հակապատվաստումային տեսությունները՝ COVID-19-ի ֆոնին
Հայաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 7700 դեպք, իսկ մայիսի 26-ին գրանցվել է 372 նոր դեպք։ Պաշտոնյաները մտավախություն ունեն, որ դավադրությունների տեսությունների տարածումը բացասաբար կազդի COVID-19-ին հանրության արձագանքի ու բնակչության առողջության վերականգման վրա։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս հայտարարել է, որ «եթե հակապատվաստումային քարոզչությունը շարունակվի նույն տեմպերով, ապա այն կքրեականացվի»։
Գայանե Սահակյանն էլ տեղեկացրել է, որ հակապատվաստումային տեսությունների տարածման ֆոնին 2019-ին Հայաստանում արդեն արձանագրվել է երեխաների պատվաստումների թվի անկում։
Medmedia.am-ի հրապարակումները հաճախ են թիրախավորում նաև Առողջապահության նախարարությանն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։
Ֆինանսավորում ԱՄՆ-ից և ԵՄ-ից
Հայկական առողջապահական ազգային խորհուրդը ևս գործարկվել է օտարերկրյա աջակցության շնորհիվ։ Այն հիմնադրվել է 2019-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է «մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա»։
Հայաստանում ԵՄ պատվիրակությունն openDemocracy-ին տեղեկացրել է, որ մեկ այլ ՀԿ-ի կողմից մոտ 10,000 եվրո է ԵՄ միջոցներից որպես ենթադրամաշնորհ հատկացվել «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային», որը հիմնել է Medmedia.am-ը և ֆինանսավորում ստացել նաև ԱՄՆ-ից։
ԵՄ-ում նշել են, որ ասոցիացիան 14 տեղական այլ կազմակերպությունների հետ համահիմնել է «Հայկական առողջապահական ազգային խորհուրդը», որը «չի ստացել ԵՄ անմիջական աջակցությունը» և որի՝ պատվաստումների վերաբերյալ դիրքորոշումը «ձևավորվել է ԵՄ ֆինանսավորած դրամաշնորհային ծրագրի ավարտից շատ ավելի ուշ»։
«ԵՄ-ն իր ֆինանսավորման միջոցով որևէ պատասխանատվություն չի ստանձնում դրամաշնորհ ստացած կազմակերպությունների արտահայտած տեսակետների համար»,— ընդգծում է ԵՄ պատվիրակությունը՝ հավելելով, որ այն «խստորեն հետևում է» ԱՀԿ-ի ցուցումներին և այս համատեքստում պայքարում նաև ապատեղեկատվության տարածման դեմ։
ԱՄՆ դեսպանությունն էլ կայքում ապատեղեկատվության տարածման վերաբերյալ հարցին պատասխանում է, որ Medmedia.am-ը դրամաշնորհ ստացած նախագծի բազմաթիվ բաղադրիչներից մեկն է և «հիմնականում հրապարակում է պաշտոնական տեղեկություններ, ինչպես նաև կարծիքներ ու հարցազրույցներ Հայաստանի առողջապահական ոլորտի վերաբերյալ»։
ԱՄՆ դեսպանությունը հավելում է, որ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային» տրամադրած դրամաշնորհի նպատակը «Հայաստանի առողջապահության համակարգում կոռուպցիոն ռիսկերի կրճատումն է», ինչպես նաև «ոլորտի կառավարման և քաղաքականության իրականացման թափանցիկության ու հաշվետվողականության մշտադիտարկումը»։
Սակայն քիչ հավանական է թվում այն, որ դեսպանությունը տեղյակ չէ կայքի գործունեությունից կամ Գևորգ Գրիգորյանի կենսագրությունից։ Դեսպանության կայքում տեղադրված՝ դրամաշնորհի ծրագրի վերաբերյալ մանրամասները վկայում են, որ հայտերի ընտրության գործընթացը պահանջում է հիմնական շահառուների «մեկ էջանոց կենսագրության» ներկայացում և ծրագրած գործողությունների «եռաստիճան դիտարկում»։
Գևորգ Գրիգորյանը ևս openDemocracy-ի հետ զրույցում հաստատում է, որ «Medmedia.am-ը հիմնվել է ԱՄՆ դեսպանության տրամադրած դրամաշնորհի շրջանակում»։
Կայքի մասին նա նշել է. «Նյութերի բովանդակությունը կարող է չհամընկնել խմբագրական խորհրդի կարծիքի հետ, սակայն որպես լրատվամիջոց՝ մենք պարտավոր ենք լուսաբանել ինչպես քաղաքացիական հասարակության տեսակետները (անկախ բովանդակությունից և կարծիքների համընկնումից), այնպես էլ լիազոր մարմնի կարծիքը»:
«Մեր կայքը պատրաստ է համագործակցություն ծավալել և ծրագրեր իրականացնել՝ ուղղված երկրում պատվաստումների ծածկույթի ընդլայնմանը»,- հավելում է Գևորգ Գրիգորյանը՝ ի հակադրություն Medmedia.am-ի ամենաընթերցված մի քանի հրապարակումներում առկա ուղերձի։
Սա openDemocracy-ի Tracking the Backlash նախագծում հրապարակված հոդվածի թարգմանված և խմբագրված տարբերակն է։
Տաթև Հովհաննիսյան