Ընդդիմադիր «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շուրջ մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողություններում քրեական հանցակազմ կա: Այս մասին Մարուքյանը ասել է հունիսի 11-ին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի եթերում։ Պատգամավորը նաև խուսափել է «քաղբանտարկյալներ» կոչել անցած տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամներին:
Մարուքյանի հայտարարությանը հետևեց newsbook.am լրատվականին ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցազրույցը, ուր նա հայտարարեց, որ «Սասնա ծռերի» գործողությունները միանշանակ հանցակազմ են պարունակում։
Այս հարցազրույցները մեծ աղմուկ բարձրացրեցին սոցիալական ցանցերում: Այդ պատճառով SUT.am-ը որոշեց վերհիշել «Սասնա ծռերի» գործողությունների մասին նույն «Ելքի» ներկայացուցիչների այն հայտարարությունները, որոնք արվել էին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ (2016թ․-ի հուլիսին):
Այսպես, օրինակ, դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարի հայտարարել է, որ սխալ է իրավիճակը գնահատել քրեական օրենսգրքով։
«Եթե մենք այս իրավիճակը պետք է գնահատենք քրեական օրենսգիրքը բացելով և ցիտելով, սա նշանակում է, որ մենք ճիշտ չենք հասկանում տեղի ունեցողի դրդապատճառները։ Ինձ համար անընդունելի են նաև այն ձևակերպումները, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին փորձ է արվում ներկայացնել ուղղակի ահաբեկիչ», — մասնավորապես ասել է Փաշինյանը։
Իր ներկայիս կարծիքին հակասող մեկ դիրքորոշում այդ օրերին հայտնել էր նաև «Ելք» դաշինքի խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Վերջինս հայտարարել էր, որ «Սասնա ծռերը» սկսել են մի գործընթաց, որը կարող էր վերածվել համազգային շարժման։ Նրա կարծիքով «Սասնա ծռերի» բողոքը սկսեց նրանից, երբ շրջանառվեց լուրեր Արցախի հողերը հանձնելու մասին: «Եթե Կազանի փաստաթուղթը պետք է ուժի մեջ մտներ, ապա տղաները շատ ճիշտ են արել, որ ոտքի են կանգնել», — ասել էր Գորգիսյանը։
Այնինչ, օրերս նա նշել է. «Այս պարագայում ապօրինի զենք կրելը, զենքով պետական կառույց գրավելը և պատանդներ պահելը միանշանակ պարունակում է հանցանշաններ: Սրա հետ հաշվի չնստելը չեմ կարծում ուղղակի անադեկվատության ժանրից է», — ասել է խմբակցության քարտուղարը։
Այլ կերպ ասած, Գորգիսյանը մեկ տարի առաջ սատարել է գործողություններ, որոնք այժմ համարում է հանցակազմ պարունակող: