«Հրապարակ» օրաթերթը սեպտեմբերի 18-ին գրել էր, որ RyanAir ավիաընկերությունը Հայաստանում մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում խաբված ուղևորներին:
Տեղեկությունը տարածել էր «5-րդ ալիքը» «Օրագիր» հաղորդաշարի ընթացքում, ինչպես նաև մի շարք կայքեր, այդ թվում՝ 24news.am-ը, antifake.am-ը, mamul.am-ը, pastinfo.am-ն:
«Փաստերի ստուգման հարթակը» կապվեց մի քանի քաղաքացիների հետ, որոնք RyanAir-ից տոմսեր էին գնել՝ պարզելու, թե արդյո՞ք չեղարկված թռիչքների համար փոխհատուցում ստացել են, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի սկզբին Իտալիայում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակի տարածման հետևանքով փակվեցին օդային ճանապարհները, և RyanAir ընկերությունը դադարեցրեց թռիչքները։
Այսպես, Փիրուզա Պետրոսյանի թռիչքը դեպի Միլան պետք է տեղի ունենար սեպտեմբերի 18-ին, սակայն չեղարկվեց կորոնավիրուսային համաճարակի բռնկման հետևանքով: Դրանից հետո նա դիմել է ընկերություն՝ պահանջելով փոխհատուցում: RyanAir-ի կողմից դիմումը հաստատվելուց մեկ շաբաթ անց նա ստացել է տոմսին համարժեք ողջ գումարը:
Իսկ Տաթև Հովհաննիսյանի և երկու ընկերուհիների թռիչքը դեպի Միլան նախատեսված էր հուլիսին, սակայն նույնպես չեղարկվել էր: Վերջին օրերին նա ևս ստացել է փոխհատուցում: Հետևաբար, չկա հիմք հայտարարելու, որ ավիաընկերությունը փոխհատուցում չի տրամադրում քաղաքացիներին:
Փաստացի, «Հրապարակ» օրաթերթը կեղծ տեղեկատվություն էր տարածել՝ հայտնելով, թե RyanAir-ը չի վերադարձնում ուղևորների գումարները չեղարկված թռիչքների համար:
Հավելենք, որ ըստ RyanAir-ի պաշտոնական կայքի, Հայաստանում ընկերության կազմակերպած թռիչքները հուլիսի 1-ից վերականգնվել են, սակայն փաստացի դեռևս ոչ մի թռիչք չի կատարվել:
Լուսինե Ոսկանյան