Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող կուսակցությունները դեկտեմբերի 8-ի կեսօրից խաղաղ անհնազանդության ակցիաներ էին սկսել Երևանում։
Տարբեր լրատվականներ ու գործիչներ գրեցին, որ քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել։
Ցուցարարներին հաջողվել էր բեռնատարներով փակել Մյասնիկյան պողոտան, դադարեցնել Մետրոպոլիտենի աշխատանքը։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց շրջել քաղաքում և նկարահանել իրավիճակը։ Ժամը 14։25-15։00 շրջեցինք Երևանի փոքր կենտրոնի հիմնական փողոցներով, մասնավորապես՝ Աբովյան, Թումանյան, Ամիրյան, Մոսկովյան փողոցներում, Մաշտոցի, Բաղրամյան պողոտաներում, ինչպես նաև Կոմիտասի պողոտայում։
Փոքր կենտրոնում լրագրողները միայն մեկ վայրում հանդիպեցին ցուցարարների՝ Ամիրյան-Քոչինյան խաչմերուկի մոտ, մյուս փողոցները նկարահանման պահին բաց էին։
Հատկանշական է, որ analitik.am կայքը հայտնել էր, որ փակ է նաև Կասյան փողոցը՝ էստակադայով, մինչդեռ նկարահանման պահին տվյալ հատվածը ամբողջությամբ բաց էր և ցուցարարներ չկային։
Նշենք, որ ոստիկանությունը որոշ հատվածներից բերման է ենթարկել ակցիայի մասնակիցների։ Ինչպես Fip.am-ին հայտնեցին ոստիկանությունից, 17։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը 90 էր։