44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որոնցում կան մի շարք հայտնի և ոչ այնքան հայտնի հայկական պատմամշակութային հուշարձաններ։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված 10-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին հանձնվեցին վիճահարույց յոթ շրջանները, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ մնացին Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը և որոշ այլ բնակավայրեր, ընդհանուր առմամբ՝ մոտ 8500 կմ² տարածք:
Այս տարածքներում կան հարյուրավոր հայտնի և անհայտ հուշարձաններ։ Որոշների հետագա կարգավիճակը դեռ անորոշ է և դրանցից շատերի գոյությունն անգամ վտանգված է՝ հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը հայկական հուշարձանների հանդեպ։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հասկանալ, թե Արցախի հուշարձաններից որոնք են մնալու ադրբեջանական վերահսկողության գոտում։
Արցախի պատմամշակութային հուշարձանները (աղբյուր՝ 2009 թվականին Արցախի կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ատլաս»)
«Թուրքին հանձնվող սրբությունների» ցանկը
Նոյեմբերի 10-ից հետո սոցիալական ցանցերում սկսեց շրջանառվել «թուրքին հանձնվող սրբությունների» մի ցանկ, որով իր ֆեյսբուքյան էջում կիսվեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Ցանկում ներառված էին Արցախի 81 եկեղեցիներ և վանքեր։ Ցուցակում, սակայն, ընդգրկված էին նաև մի շարք սրբատեղիներ և հուշարձաններ, որոնք չեն անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ թվում՝ Գանձասարի և Ամարասի վանքերը, Ստեփանակերտի երկու նորակառույց եկեղեցիները և մի շարք հուշարձաններ՝ Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններում և Լաչինի միջանցքում։
Ստորև ներկայացնում ենք Արցախի եկեղեցիների և վանքերի ցանկը՝ հստակեցնելով, թե դրանցից որն է մնացել հայկական կամ ռուսական վերահսկողության տակ, իսկ որոնք՝ ոչ։
Արցախի հայտնի հուշարձանները
Ստորև ներկայացնում ենք, թե ինչ տեղեկություններ կան ամենաշատ քննարկված հուշարձանների և սրբատեղիների կարգավիճակի մասին։
Դադիվանք
Արցախի ամենահռչակավոր հուշարձաններից մեկը՝ Դադիվանքը, խորհրդային շրջանում եղել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) կազմում, այլ խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի շրջանում։ Եռակողմ հայտարարությունից հետո անորոշություն կար, թե ում վերահսկողության տակ է այն մնալու։ Դադիվանքի վանահայրը պատրաստվում էր վանքից տեղափոխել անհրաժեշտ իրերը, սակայն հետո հայտնեց, որ իրեն է զանգել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել. «Դադիվանքին ձեռք չտաս, խաչերին ձեռք չտաս, Դադիվանքը չենք տալիս»: Նոյեմբերի 14-ին Մայր Աթոռի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց, որ Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում։ «Այսու իրազեկում եմ, որ Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում: Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածապաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»,- հայտարարեց նա։ Նոյեմբերի 15-ին արդեն ռուս խաղաղապահները Դադիվանքի տարածքում էին։ Նույն օրը նաև հետ տեղադրվեցին վանքի զանգերը, որոնք հանվել էին նախօրեին։
Նոյեմբերի 28-ին, սակայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց Դադիվանքից։ Մի քանի օր անց՝ դեկտեմբերի 4-ին, Ադրբեջանն ուդի հոգևորական էր ուղարկել Դադիվանք, որի այցելության ժամանակ բախում եղավ վանքի տարածքում։ Սակայն եկեղեցում շարունակում են ծառայություններ մատուցել վեց հայ հոգևորականներ, անգամ վերջերս հայկական պսակադրություն տեղի ունեցավ։
Տիգրանակերտ և Վանքասար
Նոյեմբերի 20-ին Ադրբեջանին հանձնվեց Աղդամի շրջանը, այդ թվում՝ Տիգրանակերտ հնավայրը և հարևանությամբ գտնվող Վանքասարի եկեղեցին։ Նույն օրը Արցախի մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը նշեց, որ իրենց հաջողվել է տարհանել Տիգրանակերտի թանգարանի ցուցանմուշները։
Ամարասի վանք
Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի շրջակայքում գտնվող հռչակավոր Ամարասի վանքի կարգավիճակը երկար ժամանակ անորոշ էր։ Նոյեմբերի 20-ին Մաճկալաշեն համայնքի ղեկավարը FIP.am-ին հայտնեց, որ վանքը հայկական վերահսկողության տակ է։ Չորս օր անց Արցախի հանրային հեռուստատեսությունը տեսանյութ հրապարակեց վանքից, որում երևում էր, որ վանքը վերահսկվում է Արցախի պաշտպանության բանակի զինվորների կողմից, իսկ ոչ հեռու տեղակայված էին ռուս խաղաղապահներ։ Միաժամանակ, վանքի պարիսպի վրա բարձրացված էր Ռուսաստանի դրոշը։ Ըստ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի՝ ադրբեջանական դիրքերը Ամարասից առավելագույնը մեկ կիլոմետրի վրա են տեղակայված։
Հադրութի շրջան
Հադրութի շրջանում ադրբեջանական վերահսկողության տակ են մնացել մի շարք հուշարձաններ և մշակութային արժեք ունեցող այլ կառույցներ, այդ թվում` Գտչավանքը, Տող գյուղի մելիքական ապարանները, Հադրութ քաղաքի հարևանությամբ գտնվող Վանք գյուղի Սպիտակ խաչ վանքը, Մոխրենես գյուղի մոտ գտնվող Օխտը (յոթ) դռնի վանքը, Ազոխի քարանձավը, Ծակուռի գյուղի Ծաղկավանքը։ Ադրբեջանական վերահսկողության տակ է մնացել նաև Ազոխի քարանձավը, որը մեծ հնագիտական արժեք ունի։
Շուշի քաղաք
Արցախի մշակութային կենտրոն համարվող Շուշի քաղաքն ամբողջությամբ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Շուշիի երկու կանգուն եկեղեցիները՝ Ղազանչեցոցն ու Կանաչ ժամը, լուրջ վնասներ են կրել։ Ղազանչեցոցը դեռ պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 8-ին, երկու անգամ խոցվել էր Ադրբեջանի կողմից, իսկ Կանաչ ժամ եկեղեցու գմբեթն ու զանգակատունը ավերվել են։ Շուշիում են մնացել նաև պատմության, կերպարվեստի և երկրագիտական թանգարանները։ Ըստ Արցախի մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի՝ Շուշիից թանգարանային արժեքավոր նմուշները դուրս չեն բերվել, քանի որ մարտական գործողություններն այնտեղ եղել են «անկանխատեսելի»։
Ինչ է սպասվում Արցախի հուշարձաններին
«Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում հնագետ և մշակութաբան Համլետ Պետրոսյանը, որը երկար տարիներ ղեկավարել է Արցախի Տիգրանակերտի արշավախումբը, կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայտնի հայկական հուշարձանները կհռչակվեն աղվանական, իսկ ավելի քիչ հայտնի հուշարձանները կոչնչացվեն։ «Ինչը որ հայտնի է՝ իրենցով անել, ինչը որ անհայտ է՝ ջնջել դրա հետքերը»,- նշեց Պետրոսյանը։
Նոյեմբերի 24-ին Մայր Աթոռում հիմնվեց Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ, որի պատասխանատու է նշանակվել միաբան Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Fip.am-ի հետ զրույցում Համբարձումյանը նշեց, որ Արցախում կա չորս հազարից ավելի հուշարձան և տասնյակ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ և բազմաթիվ խաչքարեր։ Գրասենյակի նպատակը վանքերում և եկեղեցիներում աղոթքի շարունակականության ապահովումն է, հոգևորականների անխափան մուտքը, ինչպես նաև հուշարձանները քայքայումից և քանդումից զերծ պահելը։
Նոյեմբերի 18-ին ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ կազմակերպությունը պատրաստ է այցելել հակամարտության գոտի՝ գույքագրելու մշակութային հուշարձանները Լեռնային Ղարաբաղում և իրականացնել դրանց հետագա պահպանումը։ ՀՀ ԱԳՆ-ն ողջունել էր առաջարկը և պատրաստակամություն հայտնել սատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախում և հարակից շրջաններում։
Մոտ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 21-ին, ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով փոխտնօրեն Էռնեստո Օտտոնը հայտնեց, որ Ադրբեջանի դեռ չի պատասխանել իրենց առաջարկին՝ չնայած, որ մի քանի անգամ դիմել են Ադրբեջանի իշխանություններին։ «Մենք Բաքվից սպասում ենք առանց հապաղելու պատասխանել, որպեսզի վերջին շաբաթներում կառուցողական քննարկումները գործողությունների վերածվեն»,- ասել էր նա։
Նույն օրը, սակայն, դեկտեմբերի 21-ին, Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ պատասխան տվեց՝ քննադատելով ՅՈՒՆԵՍԿՕ-ն և պնդելով, որ երկիրը կազմակերպությանը շարունակաբար տեղեկացրել է, որ Ադրբեջանը դեռ քննարկում է Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկը։
Այսպիսով, Արցախի մի շարք հուշարձանների և հնավայրերի ապագան, փաստացի, անորոշ է։ Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը հայկական մշակութային ժառանգության հանդեպ Նախիջևանում և այլուր, ադրբեջանցի զինվորների կողմից հարձակումներն ու վանդալիզմը հուշարձանների նկատմամբ, Արցախի դեռ կանգուն հուշարձանները ևս վտանգված են։
Հովհաննես Նազարեթյան