Փետրվարի 9-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Ինժեներական քաղաքի» նախագծային փաստաթղթերը պատրաստ են, և դրա շինարարությունն այս տարի կսկսվի։ «Այսպիսով, 6 ռեզիդենտ ընկերություն արդեն իսկ ցանկություն են հայտնել այնտեղ գործունեություն ծավալելու, և սա միայն սկզբին է, այս տարի արդեն կսկսվեն շինարարական աշխատանքները, նախագծային փաստաթղթերն արդեն պատրաստ են և արդեն դրվում են շինարարության համար մրցույթներ»,- նշել էր նախարարը։ Նույնը օրեր անց հաստատել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե քանի տարի է թղթի վրա «Ինժեներական քաղաք» նախագիծը, ինչ է արվել մինչ օրս, և ի վերջո՝ ե՞րբ պետք է վերջնական տեսքով այն կյանքի կոչվի։
Նախագիծը պետք է իրականացվի պետական և մասնավոր համագործակցության արդյունքում և ուղղված է Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն դարձնելուն։ Քաղաքը պետք է տեղակայվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժ թաղամասում՝ Բագրևանդի փողոց 74 հասցեում գտնվող 3 հեկտար հողատարածքի վրա։ Նախատեսվում է, որ այնտեղ «բնակություն» կհաստատեն մոտ 35-40 ինժեներական ընկերություններ։ Տարածքում նախատեսվում է ստեղծել ինժեներական ուղղվածությամբ դպրոցներ, իրականացնել ուսումնական հետազոտություններ: Այն բաղկացած է լինելու հետազոտական, արտադրական և կրթական հատվածներից. ներկայում ընթացքի մեջ է երեխաների համար նախատեսված տեխնոպարկի շինարարությունը:
«Ինժեներական քաղաքի» կառուցման ժամանակագրություն
«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շնորհանդեսն առաջին անգամ Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունը՝ որպես պետական-մասնավոր գործընկերության նախաձեռնություն: Ծրագիրը հավանության է արժանացել նախարարության կողմից: Մեկ տարի անց ծրագիրը ներկայացվել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ Նյու Յորքում կայացած «ԱրմԹեք»՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի շրջանակում, որի արդյունքում ծրագիրը հավանության է արժանացել նաև նախագահի կողմից, և հանձնարարվել է ապահովել ծրագրի իրականացումը:
2015-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հրավիրված Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստին արդեն հայտարարվել է Ջրվեժ թաղամասում կառուցվելիք ինժեներական քաղաքի մասին։ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին հանձնարարվել էր «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկել ծրագրի իրականացման մանրամասները: 2016-ին հայտարարվել էր «Ինժեներական քաղաքի» ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ, սակայն հաղթող նախագիծ չէր ընտրվել:
ՏՏ ոլորտի ամենախոստումնալից նախագծերից մեկը համարվող «Ինժեներական քաղաքը» որոշակի չափով կյանքի է կոչվել 2017-ին։ Մասնավորապես, տարածք էր այցելել այդ ժամանակվա տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Այդ ժամանակվանից արդեն գործում էին երկու թանգարան, գրադարան, գրեթե ավարտին էր հասցվում ինժեներական ընկերությունների համար նախատեսված գրասենյակային շենքի շինարարությունը։
2018-ին մարտի 1-ին կառավարությունը հավանություն տվեց «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգին։ Նույն տարվա օգոստոս ամսին ծրագրին արդեն տեղում ծանոթացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նոյեմբերի 1-ին կառավարությունը որոշում ընդունեց նախագծի հայեցակարգի և դրա ժամանակացույցի մասին։
2019-ի թվականի տարեվերջյան ասուլիսին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ «Ինժեներական քաղաքի» շինարարության գործընթացը վերջապես կսկսվի 2020-ին։ 2020-ի հուլիսին կառավարությունը հավանություն տվեց ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում իրականացվող «Ինժեներական քաղաք» ներդրումային ծրագրին։ Դեկտեմբերին Արշակյանը տեղեկացրեց, որ հաստատվել են «Ինժեներական քաղաքի» նոր ստացված ռեզիդենտ ընկերությունների հայտերը։
Fip.am-ի հարցմանն ի պատասխան, նախարարությունից հայտնեցին, որ «Ինժեներական քաղաքի» արդյունավետ և շարունակական իրականացման համար համաձայնագրի շրջանակում ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։
Որ փուլում է քաղաքի շինարարության գործընթացը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Fip.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ «Ինժեներական քաղաքի» հատակագիծը և շինությունների դիզայնն արդեն հաստատվել է։ Հողի բարելավման և համապատասխան ենթակառուցվածքների ապահովման աշխատանքների վերաբերյալ տեխնիկական բնութագրի փաթեթն ուղարկվել է Համաշխարհային բանկ՝ հաստատման։ Fip.am-ին նաև տեղեկացրեցին, որ ծրագրի ստեղծման ընդհանուր բյուջեն կազմում է 21,157,746 դոլար, որի կեսը՝ 10,513,873 դոլարը, պետք է հատկացվի պետության կողմից։ Նախատեսվում է ստեղծել 1500-2000 նոր աշխատատեղ։
Վերջնականին մոտ տեսք քաղաքը կունենա 2022-ի հունիսին, թեև ծրագրով 2021-ի հունիսն է
Ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ իրականացման գործընթացը պետք է դիտարկել 2018-ից, որովհետև մինչ այդ ծրագիրն ուղղակի շրջանառության մեջ էր դրվել և միայն 2018-ի նոյեմբերից է հաստատվել։ Նախագիծը, ըստ նրա, ունի 5 փուլ, առաջին և երկրորդ փուլերն արդեն ավարտվել են, և գործընթացն առաջ է շարժվում փոքր շեղումներով։
«2 տարի առաջ առաջին փուլով կառուցվել է ինժեներական աքսելերատորի շենքը, որտեղ նաև գործարանն է գտնվում, որն անցած տարվանից ամբողջապես աշխատում է և հագեցված է նորագույն սարքավորումներով։ Ավելի վաղ վերջացրել էինք գրադարանը և թանգարանը, նաև անցած տարի վերջացրեցինք երկրորդ փուլի դպրոցի շենքը և ճաշարանի շենքը։ Այսինքն՝ երկու փուլն ավարտել ենք, հիմա մտնում ենք 3-րդ, 4-րդ, 5-րդ փուլեր»,- նշեց նա։
Ըստ Ենգիբարյանի՝ 3-րդ փուլով փետրվարի վերջին կհայտարարավի մրցույթ 2-րդ հողակտորի ճանապարհների նորոգման համար: 3-րդ փուլը, նրա խոսքով, մի փոքր ձգձգվել է, բայց հիմնավոր պատճառով. «Նախատեսվում էր ճանապարհների կառուցումը սկսել ավելի վաղ, քան ընկերությունները մտնեին և իրենց շինարարությունը սկսեին, բայց քանի որ կփչացնեին, դրա համար այնպես արեցինք, որ միաժամանակ սկսեն»։
4-րդ փուլով նախատեսվում է մոտ 20-30 կազմակերպության համար 2-րդ աքսելերատորի շենքի և գործարանի կառուցումը։ Վեց կազմակերպություն արդեն հավաստագրվել է և ստացել հողակտոր։ Մարտ ամսից նաև նրանք կսկսեն իրենց շինարարությունները։
Ժամանակային առումով, նրա խոսքով, հետ են ընկել ընկերություններին տարածքների հատկացումով, թեև թանգարանի և գործարանի կառուցման մասով էլ հակառակը՝ առաջ են ընկել։ Հետաձգման պատճառ էր հանդիսացել հողի հատկացման գործընթացը, որը կառավարությունում երկար քննարկումների առիթ էր դարձել. «Կառավարությունը երաշխիքների հարցով մտահոգություն ուներ, որ կազմակերպությունները այդ նպատակով չօգտագործեն հողը, և միայն ինժեներական լինի»։
Նրա խոսքով՝ ծրագիրը շատ հետ չի ընկել՝ նաև հաշվի առնելով 2020 թվականի իրադարձությունները։ Ենգիբարյանի խոսքով՝ քաղաքը վերջնականին մոտ տեսք կունենա 2022-ի հունիսին, թեև ծրագրով 2021-ի հունիսն է նշված որպես վերջնաժամկետ։
Ենգիբարյանի խոսքով՝ 2020-ի հունիսին քաղաքն արդեն 70-80 տոկոսով պատրաստ կլինի, և այդ ժամանակ կապահովվեն խոստացված 2000 աշխատատեղերը՝ այսօրվա 200-ի փոխարեն։ «Բայց 2022-ին էլ չի նշանակի, որ ավարտել ենք։ Կունենաք նաև 7-8-րդ փուլեր, մի 2-3 տարի հետո ուզում ենք երկրորդ ճաշարանը սարքել, որովհետև որ շատանան, այս մեկը չի հերիքի, նաև Պոլիտեխնիկի համար դպրոցից բացի մի ուրիշ շենք էլ կսարքեն։ Մեծ կայանատեղի ենք ուզում սարքել, որ քաղաքը նաև հարմար լինի»,- ասաց նա։
Նելլի Լազարյան