Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգ ներդնելու ժամկետների մասին քաղաքային իշխանությունների հայտարարությունները մի քանի անգամ փոփոխվել են։
Նախ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր, որ այս տարվա սեպտեմբերից համակարգը պատրաստ կլինի շահագործման, սակայն ավելի ուշ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևան քաղաքի տրանսպորտի միասնական տոմսային համակարգը կներդրվի հաջորդ տարվա հունվարից։ Ըստ քաղաքապետ Ավինյանի՝ մինչ մյուս տարվա սկիզբ փորձ է արվում շտկել բոլոր թերությունները։
Երևանի միասնական տոմսային համակարգն ապահովող ընկերությունը, ինչպես հայտնի է, «Թել-Սելն» է, որն այդ ոլորտում ունի մենաշնորհային դիրք։
«Փաստերի ստուգման հարթակը» (Fip.am) ուսումնասիրել է «Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները, կնքված պայմանագիրը, վեր հանել դրանում եղած խնդիրները։
Տոմսային համակարգի ներդրման գործընթացի մեկնարկը
2021 թ. նոյեմբերի 11-ին, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ընդունած 4153-Ա որոշմամբ, հայտարարվել էր Երևանի հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ:
«Փաստերի ստուգման հարթակի» գրավոր հարցմանն ի պատասխան, քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մրցույթին մասնակցել է 3 կազմակերպություն, որոնց վերաբերյալ տվյալներ Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել:
Արդյունքում հաղթող է ճանաչվել «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությունը (ԲԲԸ): Չնայած համաձայն մրցույթի կանոնակարգի, հաղթող ճանաչված ընկերության հետ 10-օրյա ժամկետում պետք է կնքվեր պայմանագիր, սակայն այն, ըստ քաղաքապետարանի պատասխանի, տեխնիկական պատճառներով բաց է թողնվել: Իսկ թե որո՞նք են տեխնիկական պատճառները՝ Երևանի քաղաքապետարանը այդպես էլ չներկայացրեց։
Ուղիղ մեկ տարի անց, 2022 թ․ նոյեմբերի 8-ի Երևանի քաղաքապետի 3832-Ա որոշմամբ հայտարարվեց հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային նոր մրցույթ։
Մրցույթի կանոնակարգի համաձայն, մասնակցել ցանկացողները պետք է հրապարակման պահից 10 օրվա ընթացքում ներկայացնեին մրցութային փաթեթ։ Այս անգամ Երևանի քաղաքապետը ոչ թե Հայկ Մարությանն էր, այլ նրա նախկին տեղակալը՝ Հրաչյա Սարգսյանը։
Մասնակից միակ ընկերությունը եղել էր «Թել-Սել» ԲԲԸ-ն, որն էլ, նույն որոշմամբ ստեղծված մրցույթային հանձնաժողովի գնահատման արդյունքներով, 2022 թ․ դեկտեմբերի 22-ին ճանաչվեց հաղթող: Մրցույթի գնահատման հանձնաժողովի նախագահը հենց Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էր։
Նոր մրցույթ հայտարարելու մասին որոշումը զարմացրել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, և վերջինս այս տարի մարտին տեղի ունեցած ճեպազրույցում ասել էր․ «Երբ ինձ արդեն հանել էին և իմացա, որ չեղարկել են մրցույթը, ապշել էի: Իրոք, մտածում էի, որ ինչ-որ տեխնիկական հարց կա, բայց հետո տեսնում ենք, որ երկու տարի անց (իրականում մեկ տարի անց է մրցույթ հայտարարվել — խմբ․) նորից տենդեր են դնում ու նույն ընկերությունը հաղթում է»,- ասել էր Մարությանը:
Ավելին, Մարությանը դեմ էր արտահայտվել ուղեվարձի թանկացմանը՝ հայտարարելով, թե այդ որոշման հիմքում կոռուպցիոն ռիսկեր կան։
«Թել-Սելի» հետ կնքված պայմանագիրը
Մրցույթին մասնակցելու համար ներկայացված գնման պայմանագիրը և ընդհանրապես՝ մրցութային փաստաթղթերը ՀՀ ֆինանսների նախարարության ARMEPS կայքում բացակայում են։
«Փաստերի ստուգման հարթակը» քաղաքապետարանից հարցման միջոցով ստացել է ֆինանսական օպերատորի՝ «Թել-Սելի» հետ կնքված պայմանագիրը։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պայմանագիրը բազմաթիվ սխալներով ու թերություններով է կնքվել։ Նախևառաջ, մեզ տրամադրված տարբերակում տոմսային համակարգի ներդրման պայմանագրի կնքման տարեթիվ նշված է 2022 թ․ հունվարի 4-ը, սակայն որպես որոշման ընդունման ամսաթիվ նշվում է 2022 թ․ նոյեմբերի 8-ը։ Հասկանալի չէ, թե ինչպես է պայմանագիրը կնքվել ավելի վաղ, քան պայմանագրի հիմք հանդիսացող որոշումն է ընդունվել։ Կարելի է ենթադրել, որ դա պարզապես սխալմունք է, և իրականում պայմանագիրը կնքվել է 2023 թ․ հունվարի 4-ին։ Այս մասին մեր հարցերին քաղաքապետարանից այդպես էլ պատասխան չեն տվել։
Բացի այդ, մեզ տրամադրված պայմանագրի Հավելված 3-ում, որպես հավելվածի կնքման տարեթիվ, նշվում է 2022 թվականը, իսկ ձեռագրով նշված է՝ 2023 թվական։
Ըստ պայմանագրի, «Թել-Սել» ընկերությունը պարտավորվում է իր սեփական միջոցների ներդրմամբ, անձամբ և/կամ ենթակապալառուի ներգրավմամբ ներդնել և գործարկել միասնական տոմսային համակարգ Երևան քաղաքի hասարակական տրանսպորտում։
Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով և դադարում է ժամկետի ավարտով։ Պայմանագրի գործողության ավարտից հետո ներդրված համակարգն անհատույց փոխանցվում է Երևանի քաղաքապետարանին՝ որպես սեփականություն։
Արտապատկերումը՝ պայմանագրից
Պայմանագրի գործողության մեկնարկը համարվում է այն կնքելու օրը, սակայն, ըստ մեզ տրամադրված փաստաթղթերի, այդ ժամկետն անորոշ է։ Քաղաքապետարանը և «Թել-Սելը» որոշ դեպքերում կարող են լուծել պայմանագիրը նաև վաղաժամկետ. օրինակ՝ եթե «Թել-Սելը» մեկ ամսվա ընթացքում երեք անգամ չի վերացնում իր մեղավորությամբ առաջացած ձախողումները։
Պայմանագրում նշվում է, որ 12․4․2 կետով պայմանագրի վաղաժամ լուծման դեպքում քաղաքապետարանը պետք է փոխհատուցի «Թել-Սելին» մինչ այդ պահը կատարված ծախսերը։ Սակայն հետաքրքիր է, որ պայմանագրում 12.4.2 կետ պարզապես չկա։
Համակարգի ամբողջական խափանումը չվերացնելու դեպքում «Թել-Սելը» պարտավորվում է ողջամիտ ժամկետում վճարել տուգանք` 5 միլիոն ՀՀ դրամի չափով յուրաքանչյուր նման դեպքի համար, մասնակի խափանման դեպքում՝ 2 միլիոն դրամ, իսկ համակարգի կետային խափանումը չվերացնելու դեպքում` 100,000 դրամ։ Պայմանագրում, սակայն, չի հստակեցվում, թե որն է ողջամիտ ժամկետը։
Պայմանագրի ստորագրման պահին Երևան քաղաքում վերգետնյա և ստորգետնյա տրանսպորտային համակարգերի օբյեկտներ են սահմանվել 845 ավտոբուսներ, 101 տրոլեյբուսներ, մետրոպոլիտենի 10 կայարաններ։
«Թել-Սելը» պարտավորվում է կահավորել բոլոր այդ տրանսպորտային միջոցները համապատասխան տեխնիկական միջոցներով համակարգի պիլոտային ներդրման հանձնման-ընդունման ակտը երկկողմանի ստորագրվելուց 9 ամսվա ընթացքում։
Նկատենք՝ Երևանի «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը» 2024 թվականին «Թել-Սել» ԲԲԸ-ի հետ պայմանագիր է կնքել, որի համաձայն, մետրոպոլիտենը «Թել-Սելին» անհատույց տրամադրում է ամսական 1 միլիոն 20 հազար դրամի գովազդ տեղադրելու հնարավորություն մետրոյի բոլոր կայարաններում։
Մետրոպոլիտենից, «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան նշել են, որ ընդհանուր տրամադրվող տարածքի մակերեսը կազմում է 100 քմ։
Պայմանագրի գործունեության հնգամյա ժամկետի ընթացքում այդ գումարը կազմելու է 61 միլիոն 200 հազար դրամ։
Որոնք էին տեխնիկական պահանջները և արդյոք «Թել-Սելը» համապատասխանում էր դրանց
Հատկանշական է, որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթի միակ հաղթող «Թել-Սել» ՓԲԸ-ն, ըստ պետռեգիստրի էլեկտրոնային հարթակի տվյալների, գործունեությունը դադարեցրել է։ Այս ընկերությունը 2024 թ․ փետրվարի 6-ին դադարեցրել է գործունեությունը՝ վերակազմակերպվելու նպատակով։ Ընկերությունն այժմ Բաց բաժնետիրական ընկերություն է և համարվում է ՓԲԸ-ի իրավահաջորդ։
Ե՛վ 2021-ին, և՛ 2022-ին հայտարարված մրցույթներում հնարավոր մասնակիցների համար պահանջները նույնն են եղել․ միասնական տոմսային համակարգի մատակարար ընկերությունը պետք է նմանատիպ համակարգի ներդրում իրականացրած լինի առնվազն 200 շարժակազմ ունեցող նվազագույնը 3 քաղաքում` վերջին 5 տարիների ընթացքում, և ներկայացնի դա հավաստող փաստաթղթեր։ «Թել-Սել» ընկերությունը, ինչպես ցույց է տալիս ընկերության պաշտոնական կայքի ուսումնասիրությունը, այդպիսի փորձ չունի։
Բացի այդ, ներկայացվող պահանջներում նշվում է, որ համակարգի մատակարար ընկերության կողմից ներկայացված սարքավորումները պետք է ունենան արտոնագրեր առնվազն VISA, MasterCard (EMV Contactless) և Արմենիան Քարդ (ARCA) վճարային համակարգերի կողմից, ինչպես նաև պետք է ապահովվի անհպում (NFC) վճարումների ընդունումը Apple Pay, Google Pay, Samsung Pay և այլ վճարային հավելվածներով:
Երևանում տրանսպորտից օգտվող յուրաքանչյուր քաղաքացի կարող է փաստել՝ մինչ օրս այս բոլոր եղանակներից ոչ մեկով վճարում անել հնարավոր չէ։
Չնայած համակարգի լիովին ներդրման ժամկետը երկարաձգվել է ևս վեց ամսով, բայց պետք է փաստել, որ վճարում կատարել դեռևս հնարավոր է միայն «Թել-Սելի» հեռախոսային հավելվածով կամ «Թել-Սելի» տերմինալներով։ Բայց նույնիսկ «Թել-Սելի» բաժանորդ լինելը չի երաշխավորում, որ կարող ես անկանխիկ եղանակով ուղեվարձ վճարել․ հաճախ ենք ականատես եղել դեպքերի, երբ քաղաքացին փորձել է հեռախոսային հավելվածով վճարում կատարել, սակայն համակարգը խափանվել է և վճարում անել չի ստացվել։
Պահանջներից են եղել նաև ընկերության կողմից ներկայացվող ֆինանսական կայունությունը հավաստող փաստաթղթերը՝ վերջին 3 տարվա կտրվածքով ֆինանսական շրջանառության մասին։ Ընկերությունը պետք է նաև ներկայացներ սարքավորումների արտադրման և տվյալ ոլորտում շահագործման միջազգային չափանիշներին համապատասխանության հավաստագրերը։
Քաղաքապետարանի ներկայացրած տեխնիկական պահանջների 1․6 կետով սահմանվում են համակարգի ներդրման աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամկետները։
Ըստ երևույթին, 2023 թ․ հունվարին կնքված պայմանագրի մեկնարկից երկու ամիս հետո, ըստ սահմանված պահանջների, առաջին փուլով նախատեսվում էր պիլոտային մեկ երթուղու շարժակազմերի կահավորում վալիդատորներով, համակարգի ներդրում և մասնակի գործարկում։ Պայմանագրի մեկնարկի օրվանից ինը ամսվա ընթացքում՝ 2023 թվականի սեպտեմբերին, մատակարար ընկերությունը պարտավորվում էր կահավորել վերգետնյա առկա շարժակազմերն ու մետրոպոլիտենը նախատեսված բոլոր սարքավորումներով և ավարտել տոմսային համակարգի ամբողջական գործարկումը։
Միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը, սակայն, և՛ հասարակական տրանսպորտում, և՛ մետրոյի կայարաններում չի հաջողվել գոնե մասնակի իրականացնել․ երկու դեպքում էլ քաղաքացիների գերակշիռ մասը դեռ շարունակում է օգտվել սովորականի նման՝ կանխիկ վճարումներով։
Երրորդ փուլով, պայմանագրի գործունեության ընթացքում, նախատեսվում էր, վերգետնյա շարժակազմերի համալրմանը զուգահեռ, կահավորել դրանք համապատասխան սարքավորումներով։
Գաղտնիության մասին
Հասարակական տրանսպորտից, մետրոյից օգտվելու համար քաղաքացին պետք է ունենա և՛ «Թել-Սելի» էլեկտրոնային դրամապանակ, և QR կոդով թղթային ուղետոմս։ Հանրության շրջանում միասնական տոմսային համակարգի վերաբերյալ գլխավոր մտահոգություններից մեկն անձնական տվյալների պաշտպանության հարցն է։ Բանն այն է, որ «Թել-Սելի» էլեկտրոնային դրամապանակին միանալու համար պահանջվում է անձնական տվյալներով նույնականացում անցնել։
Երևանի քաղաքապետարան—«Թել-Սել» պայմանագրում կետերից մեկը գաղտնիության մասին է, որի համաձայն, անձնական տվյալներ, բանկային կամ առևտրային գաղտնիք կամ այլ տեղեկություններ ստանալու դեպքում, կողմը, որը ստացել է այդ տեղեկությունը, առանց մյուս կողմի գրավոր համաձայնության, իրավունք չունի այն հրապարակել, բացահայտել կամ այլ կերպ տրամադրել/հաղորդել երրորդ անձանց՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի։ Այս պարտավորությունը կշարունակի գործել անժամկետ՝ անկախ պայմանագրի ճակատագրից։
Արտապատկերումը՝ պայմանագրից
Ինչ վերաբերում է QR կոդով թղթային ուղետոմսին, ապա այն հնարավոր է գնել «Թել-Սելի» տերմինալներից։ Այս մասին, սակայն, չգիտես ինչու, հանրային լայն իրազեկում չի իրականացվում։
«Թել-Սել» ընկերության բաժնետերերը
«Թել-Սել» ընկերությունը, ըստ ընկերության կայքէջում հրապարակված հաշվետվության, 2023 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ ունի մի քանի բաժնետերեր։
Ամենախոշոր բաժնետերը Կիպրոսում գրանցված Lendasy Trading Ltd-ն է։ Այն տնօրինում է ընկերության 56.28 տոկոսը։ Կիպրոսի կորպորատիվ ռեգիստրում եղած տվյալների համաձայն՝ ընկերությունը գրանցվել է ռեգիստրում 2017 թ․ հունվարին։
Lendasy Trading Ltd-ի վարչարարությամբ, ըստ ռեգիստրի տվյալների, զբաղվում է Valia Secretarial Limited ընկերությունը, որը նաև խոշոր օֆշորային մի շարք ընկերությունների կառավարումն է իրականացնում։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում կազմակերպության իրական շահառուն Իսրայելի քաղաքացի Ռամի (Եվգենի) Տրեյստերն է։ Նա իրական շահառու է դարձել 2022 թ․ դեկտեմբերի 1-ին։ Բաց աղբյուրներում շատ քիչ տեղեկություններ կան Տրեյստերի մասին։ Հայտնի է, որ նա գործունեություն է ծավալել Մոսկվայում, նրա ղեկավարած բոլոր ընկերությունները համակարգչային ծրագրեր են ապահովում։ Նա հիմնադրել է Инфооборона ընկերությունը։ Ռուսական աղբյուրներից մեկում նշվում է, որ Եվգենի Տրեյստերը նաև Մոսկվայում գործող Дельта Телеком ակնթարթային վճարման համակարգի գործադիր տնօրենն է եղել։
Այժմ կիպրոսական ծագմամբ և ռուսական հետք ունեցող «Թել-Սելի» բաժնետոմսերի 18 տոկոսի բաժնետերը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է։ Նա իր բաժնեմասը ձեռք է բերել 2022 թվականից հետո։ 2022-ին իրականացված անկախ աուդիտի համաձայն, բաժնետերեր էին համարվում Արտակ Գաբրելյանն ու Տիգրան Նահապետյանը։ Ընկերության բաժնետեր է նաև Արամայիս Բադալյանը (15%)։
Ընկերության բաժնետերերի մեջ կան նաև այլ նախկին պաշտոնյաներ ու նրանց հետ փոխկապակցված անձինք։ Օրինակ՝ ընկերության բաժնետոմսերի 5.81%-ը տնօրինող Տաթևիկ Ավետիսյանը, որը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ (2009-2014 թթ․), Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական (2007-2009 թթ․) Արտաշես Ավետիսյանի դուստրն է։
ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչության բաժնի պետի նախկին տեղակալ Արամ Սարգսյանին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 4.91%-ը։ Ի դեպ, մինչ այս փոփոխությունները, նախկին պաշտոնյան, որը պաշտոնից ազատվել է 2019 թվականին, 37.91 % մասնաբաժին է ունեցել «Թել-Սելում»։
Այսպիսով, միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը և, մասնավորապես, հայտարարված մրցույթներն ու դրանում «Թել-Սելի» ընտրությունը բաց ու թափանցիկ չեն եղել։ Ավելին՝ Երևանի քաղաքապետարանը չի հստակեցնում՝ ինչո՞ւ է երկրորդ անգամ նույն մրցույթն անցկացրել։ Բացի այդ, «Թել-Սել» ընկերության հետ կնքված պայմանագիրը լի է մի շարք սխալներով ու բացթողումներով՝ չկան ժամկետներ, իսկ որ դեպքում էլ դրանք կան, ապա խախտված են, պայմանագրի կետերը չեն պահպանվում։
Արփինե Հովհաննիսյան