Սոցիալական ցանցերում և մամուլում կրկին քննարկումների առիթ է դարձել 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Արցախյան պատերազմի վերաբերյալ հայտարարության ընդունման տապալումը։
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, մասնավորապես, ապրիլի 29-ին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ պնդելով, որ հայտարարության ընդունումը ձախողել է Ռուսաստանը։ «Ինչպես և պնդում էինք` հաստատվեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայաստանամետ բանաձևն արգելափակել ու տապալել է Ռուսաստանի Դաշնությունը: Ռուսաստանամոլ հինգերորդ շարասյունն անընդհատ մեղքը բարդում էր Չինաստանի ու հատկապես Միացյալ Թագավորության վրա: Հիմա այլևս հայտնի է փաստը: Հակահայաստանյան դիրքորոշում Ռուսաստանն է ցուցաբերել»,- գրել էր Մարտիրոսյանը:
Իսկ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, իր հերթին, գրառում էր արել՝ հակադարձելով, որ դեռ հոկտեմբերին Ալիևն էր շնորհակալություն հայտնել ԱԽ մի շարք ոչ մշտական անդամների՝ հայտարարությունը տապալելու համար։ «Նիստից անմիջապես հետո որպես ՀԽ նախագահ 40 րոպե հեռախոսազրույց էի ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպանի պաշտոնակատարի հետ։ […] հենց այդ ժամանակ իմացա, որ այդ երկիրը Չինաստանն էլ չէ, ու ՄԱԿ-ում մեր պատվիրակությունն ամենայն մանրամասնությամբ տեղեկացված է ՄԱԿ ԱԽ նիստի թեժ քննարկման մասին»,- գրել էր Սաֆարյանը։
Հաշվի առնելով, որ ՄԱԿ ԱԽ նիստերի քվեարկություններն անցնում են դռնփակ, և քվեարկության իրական արդյունքները գաղտնի են, «Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի և հայտարարության ընդունման տապալման մասին առկա տեղեկությունները։
Նիստը նախաձեռնել էին Մինսկի խմբի համանախագահ երկրները
ՄԱԿ Անվտանգության խորհուրդն Արցախում սեպտեմբերին բռնկված պատերազմը քննարկել է երկու անգամ՝ սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 19-ին։ Առաջին քննարկումը նախաձեռնել էին Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Էստոնիան։ Սեպտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաև հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով կողմերին դադարեցնել կրակը։
Հոկտեմբերին արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան նախաձեռնել էին ԱԽ նիստ, որի ընթացքում նախատեսվում էր նաև համատեղ հայտարարության ընդունում։ Նիստից առաջ France24-ը, հղում անելով ՄԱԿ-ի մի ներկայացուցչի, գրել էր, որ Ռուսաստանն է աշխատում հայտարարության տեքստի վրա։ Խորհրդի փակ նիստում, սակայն, քվեարկությունը տապալվել էր։
Քվեարկությունից հետո հայտարարության ընդունումը տապալելու մեջ «մեղադրվում էին» մշտական անդամ երկրներից մի քանիսը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան՝ հաշվի առնելով վերջինիս բիզնես կապերը Ադրբեջանի հետ։
Ապրիլի 22-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Ջոն Գալագերը «ՍիվիլՆեթի» հետ հարցազրույցում հայտարարել է, որ մեղադրանքները, թե Միացյալ Թագավորությունն է արգելափակել ԱԽ հայտարարությունը, անհիմն են։ «Ուզում եմ կրկին շատ վճռականորեն ասել, որ դա այդպես չէ, Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որևէ հայտարարություն։ Մենք շատ ենք ցանկացել տեսնել խաղաղ հանգուցալուծում և այդ ուղղությամբ աշխատել ենք ՄԱԿ-ում և այլուր, որպեսզի դա տեղի ունենա»,- նշել էր նա։
Նրա այս հայտարարությունից հետո, ինչպես նշեցինք վերևում, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը հայտարարեց, որ Ռուսաստանն է արգելափակել հայտարարությունը։ Թեև Ռուսաստանը պաշտոնապես չի անդրադարձել ԱԽ հայտարարությանը վետո դնելու հարցին, սակայն փաստը, որ Ռուսաստանը հայտարարությունը նախաձեռնող երկրներից էր, Ռուսաստանի կողմից դրա տապալումը չէր շահարկվում և տրամաբանական չէր համարվում։
Ինչպես է ընթանում ՄԱԿ ԱԽ քվեարկությունը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներն են Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այս երկրները ունեն արտոնություն ոչ մշտական անդամ երկրների նկատմամբ՝ կարող են վետո դնել քննարկվող հարցերի վրա։
2020 թվականի հոկտեմբերին Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներն էին Էստոնիան, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, Նիգերիա, Սենթ Վինսենթ և Գրենադինները, Թունիսը, Վիետնամը, Ինդոնեզիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Գերմանիան և Բելգիան։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հայտարարությունները և բանաձևերը ընդունում է Խորհրդի անդամներից նվազագույնը 9-ի կողմ քվեարկությամբ, եթե մշտական անդամ երկրներից որևէ մեկը չի օգտվել վետոյի իր իրավունքից։
Ում է շնորհակալություն հայտնել Ալիևը
Հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, որ նախագահ Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներից մի քանիսին՝ Նիգերիային, Ինդոնեզիային, Թունիսին, Վիետնամին, Հարավային Աֆրիկային, Դոմինիկյան Հանրապետությանը և Սենթ Վինսենթ և Գրենադիններին (այս երկրները «Չմիավորման» շարժման անդամներ են)՝ «համառ և սկզբունքային դիրքորոշման» և համերաշխության համար։ Այսպես, ըստ կցված փաստաթղթի՝ Ալիևը նշել էր, որ հենց այս երկրներն են եղել Անվտանգության խորհրդի նիստում հայտարարությանը դեմ քվեարկողները։
President Ilham Aliyev @presidentaz expresses his gratitude to Indonesia, Niger, Tunis, Vietnam, South Africa, Saint-Vincent and the Grenadines and the Dominican Republic for the solidarity display and their just and principled stance at the UN Security Council. pic.twitter.com/kNI4qOrGir
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) October 23, 2020
Հատկանշական է, որ Ադրբեջանը «Չմիավորման» շարժման անդամ է և ստանձնել է շարժման նախագահությունը 2019-2022 թվականներին և համագործակցային հարաբերություններ ունի միավորման անդամ և նամակի տեքստում հիշատակված երկրների հետ։
Ինչ է «Չմիավորման» շարժումը
«Չմիավորման» շարժումը ձևավորվել է նախորդ դարակեսին՝ ընդգրկելով այն երկրները, որոնք չէին ցանկանում միանալ Սառը պատերազմի կողմերին։ Ներկայում շարժման անդամ է 120 երկիր, Հայաստանը՝ ևս 24 պետության հետ, դիտորդի կարգավիճակ ունի։ 2019 թվականին շարժման գագաթաժողովը կայացել էր Բաքվում, որի ամփոփիչ փաստաթղթում տեղ էին գտել հակահայկական պնդումներ։
Այսպիսով, պնդումները, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարության ընդունմանը խոչընդոտել է Ռուսաստանը, չունեն հիմնավոր ապացույց, սակայն, փաստացի, Ռուսաստանը եղել է թե՛ նիստը և թե՛ նախատեսվող հայտարարության տեքստը նախաձեռնողների շարքերում։ Ինչ վերաբերում է Չմիավորման շարժման անդամ երկրներին, ապա վերջիններիս՝ քվեարկության մասին դատելու միակ հիմքը Ալիևի շնորհակալական նամակն է։
Անի Ավետիսյան