Վերջին ժամերին տելեգրամյան որոշ ալիքներ և կայքեր հրապարակում են լուսանկարներ, որոնցում պատկերված են քվեատուփեր՝ ստորին հատվածում անցքերով։
Ըստ տելեգրամյան ալիքների՝ այդ անցքերը «ըստ ամենայնի, օգտագործվելու են քվեաթերթիկներ լցոնելու համար»։
Այս տեղեկությունը տարածել են Mediaport, AntiFake, Mika Badalyan և այլ տելեգրամ ալիքներ, ինչպես նաև iravunk.com-ը, AntiFake.am-ը և այլ կայքեր։
Իրականում, ստորին հատվածում անցքեր ունեցող քվեատուփերը հայաստանյան ընտրություններին օգտագործվում են շատ վաղուց՝ առնվազն 2007 թվականից։ Եվ նմանատիպ անցքեր ունեն ընտրությունների ժամանակ օգտագործվող բոլոր քվեատուփերը։
Բացի այդ, եթե հանձնաժողովը փորձ անի լցոնումներ կատարել, ինչպես պնդում են այս հրապարակումները, ապա ի՞նչ իմաստ ունի քվեատուփի հատակին անցքեր անել, եթե դրա վերևում կա ճեղք։
Ինչ վերաբերում է լցոնումներին, ապա այդպիսի հանցագործություն անել ու մնալ աննկատ, հնարավոր չէ, քանի որ քվեաթերթիկների վրա պետք է լինի ինքնասոսնձվող դրոշմանիշ, որպեսզի այն վավեր համարվի, իսկ ինքնասոսնձվող դրոշմանիշները հատուկ հաշվառվող փաստաթղթեր են, որոնք տրվում են ընտրողի քվեարկության կտրոնի դիմաց։ Այսինքն, տեղամասում հաշվարկի ժամանակ օգտագործված դրոշմանիշերն ու քվեարկության մասնակիցների թիվը պետք է հավասար լինի, և արձանագրության կազմումից հետո հնարավոր չէ փոխել այդ թիվը, հետևաբար՝ ոչ ոք չի կարող քվեատուփի հատակի անցքերով լցոնումներ անել, քանի որ եթե ծախսված դրոշմանիշերի թիվը տարբերվի քվեարկության կտրոնների թվից, ապա տեղամասի բոլոր նյութերը կգնան դատախազություն։
Առավել զարմանալի է այն փաստը, որ նման լուրեր տարածում է ընտրություններին դիտորդության և ընտրախախտումների բացահայտման հայտ ներկայացրած «Ընտրությունների վերահսկման կոմիտե» նախաձռնության համահիմնադիր Նարեկ Սամսոնյանին պատկանող AntiFake.am կայքը։
Այսպիսով, փաստենք, որ հատակին անցքեր արված քվեատուփերով ընտրություններ անցկացվում են շատ վաղուց, և տարածված վարկածը աբսուրդային է։
Սևադա Ղազարյան