Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից երկու օր առաջ՝ հունիսի 18-ին, «Ընտրությունների վերահսկման կոմիտեն» ասուլիս էր հրավիրել՝ ահազանգելով նախապատրաստվող ընտրախախտումների մասին:
Կոմիտեի անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, ներկայացրել էր երկու ահազանգ, որոնք, ըստ նրա, իրենց ստուգումների արդյունքում արժանահավատության բարձր աստիճան ունեն:
«Առաջինը վերաբերում է քրեակատարողական համակարգին, որի առնչությամբ ստացել ենք մի շարք ահազանգեր: Կոնկրետ «Վարդաշեն», «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ հիմնարկներում պետի տեղակալների կողմից սկսվել է աշխատանք դատապարտյալների հետ, որպեսզի դատապարտյալները հօգուտ իշխանությունների մասնակցեն քվեարկությանը։ Նրանց խոստացվում են բազմաթիվ «բարիքներ»։ Չգիտեմ, ովքեր որ տեղյակ են՝ տեղյակ են, ովքեր որ տեղյակ չեն՝ տեղեկացնեմ, որ շատ բարիքներ կան ՔԿՀ-ներում, որ ադմինիստրացիան կարող է դատապարտյալների համար անել՝ լրացուցիչ տեսակցություն, պայմանական վաղաժամկետ ազատվելու հետ կապված հարցեր և այլն»,- հայտարարել էր Մելիքյանը՝ հնչեցնելով ՔԿՀ-ների ղեկավար կազմի անուններ:
««Վարդաշեն» ՔԿՀ պետի տեղակալ Կարեն Գևորգյանի կողմից, «Նուբարաշենում»՝ Գարիկ Ծատուրյանի, «Արմավիրում»՝ Եգոր Հակոբյանի կողմից, ըստ մեզ հաղորդված տեղեկությունների, իրականացվում է աշխատանք, որպեսզի դատապարտյալները քվեարկեն հօգուտ իշխող քաղաքական ուժի՝ ՔՊ-ի»,- նշել էր նա։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչպիսին են հունիսի 20-ի ընտրությունների քվեարկության արդյունքները Մելիքյանի նշած ՔԿՀ-ներում և որ ուժն է հիմնականում ամենաշատ ձայները ստացել։
Հօգուտ որ քաղաքական ուժի են քվեարկել կալանավորներն ու դատապարտյալները
«Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ)՝ 9/61 տեղամաս, ընտրության իրավունք ունեցող 15 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 10-ը։
«Հայաստան» դաշինքի օգտին քվեարկել է 4 անձ, 2-ական ձայներ ստացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» դաշինքը:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 10/56 տեղամաս, 154 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 139-ը: Ամենաշատ թվով՝ 76 քվե, ստացել է «Հայաստան» դաշինքը, 22 քվե՝ «Քաղաքացիական պայմանագիրը»: Այս ՔԿՀ-ում 3-րդ տեղում է ԲՀԿ-ն՝ 7 ձայնով:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ 10/57 տեղամաս, ընտրության իրավունք ունեցող 71 քաղաքացուց մասնակցել է 69-ը: «Հայաստան» դաշինքը ստացել է 46 քվե, ՔՊ-ն՝ 17:
«Արմավիր» ՔԿՀ-ում՝ 14/58 տեղամաս, ընտրելու իրավունք ունեցող 425 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 302-ը: Նրանցից 202-ն իրենց ձայնը տվել են «Հայաստան» դաշինքին, 41-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 18 ձայն «Արմավիր» ՔԿՀ-ում ստացել է «Պատիվ ունեմ» դաշինքը, 12 ձայն՝ ԲՀԿ-ն:
«Կոշ» ՔԿՀ-ում՝ 18/71 տեղամաս, ընտրելու իրավունք ունի ընդամենը 9 հոգի, որից քվեարկությանը մասնակցած 8 կալանավորից և դատապարտյալից 5-ը ձայնը տվել են «Հայաստան» դաշինքին, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագրին», 1 քվեն անվավեր է եղել:
«Վանաձոր» ՔԿՀ-ում՝ 23/59 տեղամաս, 69 ընտրելու իրավունք ունեցող անձանցից ընտրությանը մասնակցել է 63-ը։ «Հայաստան» դաշինքն այստեղ ստացել է 26 ձայն, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 16 ձայն: «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը այս ՔԿՀ-ում տվել են 2 քվե, ԲՀԿ-ին ու «Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը»՝ 3-ական քվե:
«Հրազդան» ՔԿՀ-ում՝ 26/41 տեղամաս, ընտրելու իրավունք ունեցող 82 կալանավորից ու դատապարտյալից քվեարկությանը մասնակցել է 75-ը: «Հայաստան» դաշինքը ստացել է 42 ձայն, ԲՀԿ-ն՝13 ձայն, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 2:
«Սևան» ՔԿՀ-ում՝ 26/42 տեղամաս, «Հայաստան» դաշինքի օգտին որևէ մեկը չի քվեարկել։ Այստեղ ընտրելու իրավունք ունեցող բոլոր 11 անձինք քվեարկել են, որից 6-ը իր ձայնը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4 անձ՝ «Ազատ հայրենիք» դաշինքին, 1-ը՝ «Հայոց հայրենիք» կուսակցությանը։ :
«Աբովյան» ՔԿՀ-ում՝ 29/50 տեղամաս, ընտրության իրավունք ունեցող բոլոր 26 քաղաքացիներն էլ մասնակցել են ընտրությանը։ Նրանցից 16-ն իր ձայնը տվել է «Հայաստան» դաշինքին, 9-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
«Արթիկ» ՔԿՀ-ում՝ 33/55 տեղամաս, առավել շատ ձայն ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 21 քվե։ 8 անձ քվեարկել է «Հայաստան» դաշինքի օգտին, 3 անձ՝ ԲՀԿ-ի: Այստեղ ընտրելու իրավունք ունեցող 42 անձանցից քվեարկությանը մասնակցել է 36-ը։
«Գորիս» ՔԿՀ-ում՝ 34/75 տեղամաս, ընտրելու իրավունք ունեցող բոլոր 34 քաղաքացիներն էլ մասնակցել են ընտրություններին։ Նրանցից 21-ն իր քվեն տվել է «Հայաստան» դաշինքին, 6-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4-ը՝ ԲՀԿ-ին։
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ 9/62 տեղամաս, քվեարկել է 50 մարդ՝ ընտրելու իրավունք ունեցող 73-ից:
38 քվե ստացել է «Հայաստան» դաշինքը, 6 ձայն՝ ՔՊ-ն, 2-ական քվեներ ԲՀԿ-ն և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։
Այսպիսով, ընդհանուր առմամբ, 12 քրեակատարողական հիմնարկներից քվեարկությանը մասնակցած 823 անձանցից 452-ը քվեարկել է «Հայաստան» դաշինքի և 148-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
Եվ փաստացի, «Ընտրությունների վերահսկման կոմիտեի», մասնավորապես՝ Ռուբեն Մելիքյանի ներկայացրած՝ արժանահավատության բարձր աստիճան ունեցած ահազանգը չի հաստատվել, և նրա նշած ՔԿՀ-ներում հաղթել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։
Նելլի Լազարյան