«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հունիսի 29-ին «Հայաստան» դաշինքի ընդհանուր ժողովում մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական դատարան ուղղված՝ ընտրությունների արդյունքները վիճարկող իրենց դիմումից։
Ելույթի ընթացքում, սակայն, Վարդևանյանը մի շարք վիճահարույց պնդումներ է արել հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Որոշ լրատվականներ, այդ թվում՝ «Հրապարակը», Yerevan.Today-ը և Politik.am-ը, հրապարակել են Արամ Վարդևանյանի հայտնած տվյալները՝ ներկայացնելով դրանք որպես առերևույթ փաստեր ընտրակեղծիքների մասին, որոնք կասկածի տակ են դնում ընտրության արդյունքները։
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է Վարդևանյանի ելույթի մանիպուլյատիվ պնդումները։
«Սենսացիոն չաշխատող» անձնագրերը
Խոսելով ընտրական գործընթացների մասին՝ Վարդևանյանն անդրադարձել է տեխնիկական սարքավորումների կողմից ավտոմատ կերպով ընտրողների չճանաչված անձնագրերին, որոնց տվյալները սարքավորման մեջ մասնագետները ստեղնաշարի միջոցով են ներմուծել։
«Հիմա եթե ես ձեզ ասեմ, որ 109,618 քաղաքացու դեպքում անձնագիրը չի աշխատել, պատկերացնու՞մ եք թիվը։ Մասնագետ, որը նստած է այնտեղ, ստեղնաշարով պարզապես մուտքագրում է տվյալները։ Հարց՝ կարո՞ղ է այդ մասնագետը պարզապես մեկ այլ անձի տվյալ է լրացրել։ Կարո՞ղ է այդպես բազմաթիվ դեպքերում լրիվ ուրիշ անձանց տվյալներ են լրացվել, ու լրիվ ուրիշ անձինք գնացել են քվեարկել։ [․․․] Հնարավո՞ր է հենց այս բանաձևով է շրջիկ խմբերի մեխանիզմը պատշաճ կերպով իրացվել»,— հայտարարել է Վարդևանյանը՝ հարց ուղղելով, թե ո՞նց է ստացվում, որ ընտրություններին մասնակցում է 1,280,000 մարդ, որոնցից 109,618-ի անձնագրերը չեն աշխատում։
Այցելելով ԿԸՀ կայք՝ կարող ենք համոզվել, որ, իրոք, նշված 109,618 թիվը ճիշտ է, սակայն դա արտառոց երևույթ չէ և չի համարվում ընտրախախտում: Իսկ Վարդևանյանը, իր հերթին, միտումնավոր չի նշում, որ նախորդ տարիներին նմանատիպ դեպքերը շատ ավելին են եղել։
Այսպես, օրինակ, 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ գրանցման արդյունքում քվեարկության տպված կտրոնների թիվը կազմել էր 138,029 (այսինքն՝ 28,411-ով ավելի, քան այս անգամ), իսկ 2017 թվականին նմանատիպ դեպքերի թիվը եղել էր 229,757, ինչն ավելի քան երկու անգամ շատ է, քան այս ընտրություններում։
Իսկ ինչպե՞ս է առաջացել այս թիվը։ Տեխնիկական սարքի մեջ անձնագրային տվյալները ներմուծվում են ստեղնաշարի միջոցով այն դեպքերում, երբ ընտրողը ներկայացրել է մաշվածություն ունեցող անձնագիր կամ էլ անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ, ինչպես նաև զորամասում հաշվառված և քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակներով քվեարկելու դեպքերում։ Բացի այդ, նման պատճառ կարող է հանդիսանալ նաև տեխնիկական սարքավորման սկանավորող դաշտի խափանումը:
Նմանատիպ դեպքերի պատճառները հասկանալու համար դիմեցինք «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությանը, որտեղից մեզ հայտնեցին, որ տեխնիկական սարքավորման կողմից անձնագրերը չկարդալու պրակտիկան առկա է դեռևս դրանց ներդրման օրվանից՝ 2017 թվականից։
«Նախ՝ եկեք ֆիքսնեք, որ տեխնիկական սարքի խնդիրն է անձի՝ տվյալ տեղամասում ընտրելու իրավունքը հաստատելը կամ հերքելը։ Եվ որպեսզի սարքը կարողանա լուծել այս խնդիրը, պետք է սարքի մեջ մուտք արվեն անձի տվյալները՝ անձնագրի ավտոմատ սքանավորման կամ, դրա անհնարինության դեպքում՝ ստեղնաշարի միջոցով։ ԸՕ-ն սահմանում է նման հնարավորություն, իսկ ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ձեռնարկն այս մասով հստակ ասում է, որ անձը հաստատող փաստաթղթի մեքենայացված ընթերցման համար նախատեսված գոտու, սարքավորման մեջ ներմուծվող փաստաթղթի մասի թերության պատճառով կարող է տեխնիկական սարքը չընթերցել, և այս դեպքում տվյալ անձի տվյալները ստեղնաշարի միջոցով են ներմուծվում սարքի մեջ»,- հայտնում է «Անկախ դիտորդի» դասընթացավարներից Արտաշես Սերգոյանը՝ հավելելով, որ դա հաճախ հանդիպող պրակտիկա է, ինչը նկատվել է բազում տեղամասերում և տարբեր ընտրությունների ժամանակ։
«Անկախ դիտորդից» նշեցին նաև, որ հիմնականում խնդիրն առաջանում է հին անձնագրերի դեպքում, որոնց մաշվածությունը մեծ է։
«Այստեղ կարող ենք ենթադրել, որ նմանատիպ դեպքերի նվազման պատճառը քաղաքացիների հին անձնագրերը նորերով փոխարինելն է և նոր անձնագրերի որակապես ավելի բարձր լինելը»,- նշեց Սերգոյանը՝ հավելելով, որ քանակի նվազման պատճառ կարող է լինել նաև այն, որ էլեկտրոնային սարքերի մասնագետներն ավելի փորձառու են դարձել, և օրինակ, եթե խնդիրը էջի բարակությունն էր, ապա հիմա մի քանի էջ միասին են սքանավորում, և սարքը կարդում է այն։
Բացի այդ, Վարդևանյանը, փորձելով անձնագրերի տվյալները ստեղնաշարի միջոցով տեխնիկական սարքի մեջ ներմուծելու հանգամանքը կապել համակարգված ընտրակեղծիքների թեզի հետ, չի նշում, որ նման տիպի կեղծիքների սխեմայի իրագործման համար գաղտնի համաձայնության մեջ պիտք է լինեին ոչ միայն ուրիշի փոխարեն քվեարկել պատրաստվող անձը և տեխնիկական սարքի մոտ նստող մասնագետը, այլև դիտորդները, վստահված անձինք և տեղամասային հանձնաժողովի անդամները՝ գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամը, որը պետք է ընտրակեղծարարի անձնագրի տվյալները չնույնականացներ ցուցակում առկա տվյալների հետ, ինչպես նաև քվեախցիկի մոտ նստած հանձնաժողովի անդամը, որը պետք է նույնպես չնույնականացներ ընտրակեղծարարի տվյալները տեխնիկական սարքով տպված կտրոնի տվյալների, այդ թվում՝ լուսանկարի հետ։
Հավելենք, որ եթե տվյալները մուտքագրվում են ստեղնաշարով, ապա տեխնիկական սարքը համապատասխան բարձր ազդանշան է արձակում՝ այդպիսով գրավելով տեղամասում գտնվող դիտորդների և վստահված անձանց ուշադրությունը։
Կտրոնի «չտպվող» լուսանկարները
Մյուս դեպքում Արամ Վարդևանյանը խոսել է քվեարկող անձի նույնականացման անհնարինության մասին՝ առաջ բերելով տեխնիկական սարքի կողմից անձնագրային տվյալների մուտքագրումից հետո քվեարկության կտրոնի վրա որոշ դեպքերում քվեարկողի լուսանկարը չտպելու հանգամանքը։
«23,790 քաղաքացու դեպքում անձնագիրը աշխատում է, բայց լուսանկար դուրս չի գալիս։ Պատկերացնենք մեզանից մեկը վստահված անձ է ընտրական տեղամասում։ Լուսանկար դուրս չի գալիս։ Ինչպե՞ս ենք վերիֆիկացնելու՝ այդ անձը նշված ա՞նձն է, թե՞ ոչ․․․։ Եկել է իր անձնագրո՞վ, թե՞ պարզապես գիտի՝ տեղամասում ում տվյալը կա՝ դրանով ներկայացել է»,- հարց է բարձրացրել Վարդևանյանը։
Խոսքը, հավանաբար, գնում է այն դեպքերի մասին, երբ տեխնիկական սարքերը քվեարկության կտրոնները տպում են առանց նկարի։ Այդպես է լինում, երբ անձի լուսանկարը բացակայում է անձնագրային էլեկտրոնային շտեմարանում։ Նմանատիպ խնդիր առաջանում է մինչև 2008 թվականը տրված ոչ կենսաչափական անձնագրերի դեպքում, որոնցով բազմաթիվ մարդիկ դեռևս քվեարկում են, քանի որ թույլատրվում է քվեարկել ժամկետանց կամ վավերականության ժամկետը երկարացված անձնագրերով, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ ընտրողը քվեարկությանը մասնակցելու համար ներկայացրել է անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ։
Մեկնաբանելով նմանատիպ դեպքերը` «Անկախ դիտորդից» հայտնեցին, որ կտրոնի վրա նկարի բացակայությունը որևե կերպ չի խոչընդոտում անձի ինքնության ստուգումը, և անձի նույնականացումն իրականացնում են տեխնիկական սարքի մասնագետը և հանձնաժողովի անդամները՝ անձը հաստատող փաստաթղթի լուսանկարի հիման վրա։
«Տեխնիկական սարքի կողմից կտրոնը առանց նկար տպելը չի բացառում անձի նույնականացումը՝ ընտրողի ինքնության ստուգման հնարավորությունը։ Անձի նույնականացումն իրականացնում է տեխնիկական սարքի մասնագետը՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ինչպես նաև ցուցակների, քվեատուփի մոտ գտնվող հանձնաժողովի անդամները՝ կրկին անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Ավելին՝ հանձնաժողովի այլ անդամի, վստահված անձի կամ դիտորդի պահանջով նույնպես կարող է ստուգվել ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը»,- նշում է «Անկախ դիտորդի» մասնագետը։
Զինծառայողների քվեարկության գաղտնիությունը
Իր ելույթում Արամ Վարդևանյանն առանձին կետով անդրադարձել է նաև զինվորների քվեարկությանը և պնդել, որ զինծառայողների քվեարկության գործընթացը, նրանց անվանական ցուցակները և ընտրական տեղամասերը գաղտնի են պահվում, դիտարկելով այս հանգամանքը որպես կարևոր հիմնավորում ընտրությունների արդյունքները չեղարկելու համար։
«Զինծառայողների դեպքում ամբողջ գործընթացը պահվել է գաղտնի՝ ովքեր են ընդգրկված ցուցակում, որ ընտրական տեղամասում են քվեարկում։ Ամբողջը պահվել է գաղտնի։ 10,993 անձանց քվեարկություն, որոնցից ոչ մի տեղեկություն հայտնի չէ։
Հարց է առաջանում՝ Զինված ուժերի հետ կապված նորմա՞լ չէ, որ պրոցեսները գաղտնի պահվեն։ [..․] Իսկ ես ցավով կարող եմ ասել, որ այդտեղ կեղծիքները ևս առավել քան հավանական և հիմնավոր միջավայր են ստեղծում դա անելու համար»,- ասել է Վարդևանյանը։
Վարդևանյանը, սակայն, իր խոսքում չի նշում, որ զինծառայողների քվեարկության «գաղտնի» լինելը ոչ թե կամայական է, այլ վաղուց գործող օրենքի պահանջ, որը սահմանվում է Ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով։
Ըստ օրենսդրական կարգավորման, զորմասում հաշվառված ընտրողների՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անվանական ցուցակները փակցվում են ոչ թե ընտրատեղամասերում, այլ զորամասի ներսում՝ զինծառայողների համար տեսանելի տեղում, և դրանք հասանելի չեն ազատ ծանոթացման համար։
Մեկ այլ կարևոր հանգամանք են, ըստ Վարդևանյանի, «զինծառայողներին սպասող պատրաստի քվեաթերթիկները» և նրանց ուղղորդված քվեարկությունը։
«Եվ երբ տեսնում էինք այն տեսանյութերը քվեարկության օրվա, թե ինչպես էին զինծառայողները իրենց կամքին ուղղակի հակառակ, էլ կարելի է ասել ինչ-որ անհասկանալի մեխանիզմների ներդրմամբ, որ քվեաթերթիկներն արդեն պատրաստած սպասում էին զինծառայողներին, էլ որ մեկը դրսից ուղղորդում է, ասում է կգնաս հիմա կմտնես, մյուսը հետո կմտնի․․․ մենք այդ ամենը տեսանք։ Սա փաստեր են»,- հայտարարել է Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ տեսանյութ էր տարածվում, իբրև թե զինծառայողները քվեարկում են քվեախցիկներում ծրարի մեջ պատրաստի դրված քվեաթերթիկներով։ FIP.am-ն արդեն իսկ անդրադարձել է այս թեմային և պարզել, որ տարածվող տեսանյութը չէր արտահայտում իրականությունը և մանիպուլյատիվ էր։
Այդ զինվորները քվեարկում էին Տավուշի մարզի Այգեձոր համայնքում՝ 38/36 տեղամասում։ Իրականում զինվորները ոչ թե քվեաթերթիկներով «պատրաստի» ծրարներն էին վերցնում քվեախցից, ինչպես փորձում էր ներկայացնել մամուլը, այլ պարզապես նախապես՝ հերթի մեջ գտնվելու ընթացքում տեղավորել էին քվեաթերթիկները ծրարի մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։
Ստորագրված ցուցակների «խորհրդավոր» տարբերությունը
Այս ամենից բացի, դաշինքի ներկայացուցիչը, որը նաև պատգամավորության թեկնածու է, խոսել է ընտրողների ստորագրված ցուցակների մասին և հետաքրքիր «բացահայտում» արել՝ հայտնելով, որ ընտրողների ստորագրված հրապարակված ցուցակներում և ԿԸՀ արձանագրություններում տարբերություններ կան։ Այդ տարբերությունը, ըստ Վարդևանյանի, հայտնվել է, որպեսզի ընտրության արդյունքները համապատասխանեն նրան, «ինչը ներկայացվել է հանրությանը»։
«Պատկերացրեք՝ հրապարակվել են ցուցակներ։ Ցուցակներում գրված է, որ ստորագրել է 1000 անձ։ Հաշվում տեսնում ենք 1000 անձ է ստորագրել, բայց Կենտրոնական ընտրական հանձաժողովի արձանագրությամբ 1000 չի, այլ 1500 ա։ Էդ 500 որտեղի՞ց հայտնվեց, ինչի՞ համար հայտնվեց։ Էտ 500-ը հայտնվեց, կարծում եմ շատ պարզ պատճառով՝ որպեսզի իբրև ընտրության արդյունքները լինեն այն, ինչ եղան կամ այն ինչ ներկայացվեց հանրությանը»,- ասել է Վարդևանյանը։
Այսպիսի տարբերության պատճառը կրկին զինծառայողների քվեարկությունը և նրանց անվանական ցուցակներն են, որոնք, համաձայն օրենքի, գաղտնի են։ ԿԸՀ-ի արձանագրություններում, սակայն, ներկայացված են ընդհանուր քվեարկության արդյունքները, այդ թվում՝ զինծառայողներինը, այլ ոչ թե անվանական ցուցակները։
Հատկանշական է, որ «Հայաստան» դաշինքի մեկ այլ անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ պնդել էր, թե 15 հազար զինվորական է քվեարկել Սյունիքում, ինչը, սակայն, սխալ էր։ «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում էր արել, որտեղ համեմատել էր ոստիկանության հրապարակած ցուցակները և ԿԸՀ-ի՝ ըստ տեղամասերի քվեարկության արդյունքները և պարզել, որ Հակոբյանի նշած թիվը մոտ երեք անգամ քիչ է։
ԿԸՀ արձագանքը
FIP.am-ը կապ հաստատեց նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի հետ՝ Արամ Վարդևանյանի մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն վերջինս նշեց, որ գործը գտնվում է Սահմանադրական դատարանում և այդ պատճառով հրաժարվում է անդրադառնալ պնդումներին։
Եզրակացություն
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ և պատգամավորության թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանի կողմից հնչեցված՝ 109,618 ընտրողների տվյալները ստեղնաշարով մուտքագրելու, տեխնիկական սարքի կողմից առանց լուսանկար տպվող կտրոնների, զինծառայողների քվեարկության գաղտնիության, նրանց սպասող «պատրաստի քվեաթերթիկների» և ստորագրված ցուցակների մասին պնդումները մանիպուլյատիվ են, իսկ լրատվականների հրապարակումները, ըստ որոնց Վարդևանյանի կողմից ներկայացվածները փաստեր են ընտրակեղծիքների մասին՝ սխալ։
Հայկ Հովհաննիսյան