Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հուլիսի 20-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակված Արշակ Կարապետյանն ու իր ընտանիքը տպավորիչ ունեցվածք են ձեռք բերել Կարապետյանի զինվորական ծառայության ընթացքում։
Պաշտպանության նախարարության կայքում Կարապետյանի կենսագրության մասին տվյալներն աղքատիկ են: Ըստ դրանց՝ նա 1993-2018 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում։ 2016 թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Կարապետյանը Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր, իսկ պատերազմից հետո երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվեց այդ պաշտոնից, հետո դարձյալ հայտնվեց՝ Ռուսաստանում ՀՀ ռազմական կցորդի կարգավիճակում։ Հեղափոխական կառավարության օրոք Արշակ Կարապետյանը նախ դարձավ վարչապետի խորհրդական, ապա՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, իսկ արդեն հուլիսի 20-ին՝ պաշտպանության նախարարի տեղակալ։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Արշակ Կարապետյանի ու նրա կնոջ, նաև վերջինիս հետ փոխկապակցված գույքերի քանակն ու ծագումը։
«էլկոմպ». Կարապետյանների՝ անվտանգության համակարգերի բիզնեսը
1999 թվականին Արշակ Կարապետյանը հիմնում է «Էլկոմպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության համակարգերի ներկրմամբ ու վաճառքով։ Սկզբում ընկերության միանձնյա բաժնետերը Կարապետյանն էր, հետագայում, սակայն, նրա բաժնեմասը կիսվում է ՌԴ քաղաքացի Վլադիմիր Ժադանի և Մոսկվայում գրանցված Ռուբեն Սահակյանի միջև՝ յուրաքանչյուրին 33.3 տոկոս բաժնեմասով։ 2014 թվականին Արշակ Կարապետյանն ընկերությունում ունեցած իր մասը փոխանցում է կնոջը՝ Ռոզա Կարապետյանին։ Վերջինս ընկերության փոխտնօրենն է ու տարբեր ցուցահանդեսներում հենց Ռոզա Կարապետյանն է հանդես գալիս ընկերության անունից (օրինակ Armsecurity-2017 ցուցահանդեսում)։
Տարբեր տարիների «Էլկոմպի» ծառայություններից օգտվել են կառավարության աշխատակազմը, Ազգային ժողովը, նախագահի աշխատակազմը, արտգործնախարարությունը, Հայաստանում գործող դեսպանատներ, բազմաթիվ խոշոր հարկատուներ։ «Էլկոմպը» մատակարարել է տեսահսկման, հակահրդեհային, մուտքի հսկման համակարգեր, ռադիոկապի միջոցներ՝ լեհական, ռուսական, ճապոնական հայտնի արտադրողներից։
Ըստ գնումների Armeps համակարգի՝ 2016-2021 թվականներին պետական գերատեսչությունների ու «Էլկոմպի» միջև կնքվել են մոտ 209 միլիոն դրամի պայմանագրեր, որի մի մեծ մասը կազմում են Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերը։ «Էլկոմպը» միայն այս տարի ՊՆ-ի հետ արդեն կնքել է 47.3 միլիոն դրամի պայմանագրեր։ Ընկերությունն առանցքային դեր ունի Կարապետյանների կողմից գույքի ձեռքբերման հարցում։
Բաղրամյան 76/3. «Էլկոմպը» տարածք է վարձակալում իր բաժնետիրոջից
«Էլկոմպ» ՍՊԸ-ի գրասենյակը գտնվում է Երևանի Բաղրամյան պողոտա 76/3 հասցեում՝ մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի հարևանությամբ։ Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ այդ գույքը մինչ 2004 թվականը պատկանել է պետական, ապա մասնավորեցված ձեռնարկության՝ «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ-ին, որը հետագայում, ֆինանսական վատ վիճակից ելնելով, վաճառել է այն։
«Մետրոշինվերանորոգումը» հիմնվել է 1996 թվականին, ընկերության բաժնետերերից մեկն ու տնօրենը Հրանտ Հախնազարյանն է, որը կառուցապատման ոլորտի գործարար է, բաժնետեր է մի քանի շինարարական ընկերություններում ևս։ Մինչ գործարքը գույքը գրավադրվել էր «Արդշինինվեստ բանկում»՝ 17,000 դոլար վարկային պայմանագրի դիմաց, ու կադաստրային փաստաթղթերի համաձայն՝ 2004 թվականին մոտ 168 քառակուսի մետր մակերեսով շինությունը վաճառվել է Երևանի բնակիչ Էդուարդ Բադալյանին։ Վերջինս, ձեռք բերելով այս գույքը, այն տնօրինում է ընդամենը մեկ շաբաթ, որից հետո Բադալյանը գույքի առքուվաճառքի պայմանագիր է կնքում Արշակ Կարապետյանի կնոջ՝ Ռոզա Կարապետյանի հետ։
Էդուարդ Բադալյանը, «Մետրոշինվերանորոգումից» ձեռք բերելով գույքը 15 միլիոն դրամով, այն վաճառում է Կարապետյանին 35.5 միլիոն դրամով (առքուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին ողջ գումարը Կարապետյանը փոխանցած է եղել Բադալյանին)։ Բացի Կարապետյանից, գույքի գնորդներ են հանդիսացել նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վլադիմիր Ժադանն ու Նարինե Հակոբյանը։ Հիշեցնենք՝ Ժադանը նաև «Էլկոմպի» բաժնետերերից է։ Նարինե Հակոբյանն ու Վլադիմիր Ժադանը 2005 թ. փետրվարին լիազորում են Ռոզա Կարապետյանին իրենց անունից վարձակալության պայմանագիր կնքել, և այդ պայմանագրով տարածքը հանձնվում է «Էլկոմպ» ՍՊԸ-ին՝ ամսական 300 դոլարով։ Անցյալ տարի պայմանագրի ժամկետն ավարտվել է ու այն շարունակում է գործել անժամկետ։ Ռոզա Կարապետյանն առանձին գործարքով ձեռք է բերել նաև այս տարածքի հողը՝ մոտ 3.3 միլիոն դրամով։ Կադաստրի կոմիտեում առկա տվյալների համաձայն՝ 2020 թվականի դրությամբ արդեն տարածքի մակերեսը կազմել է 173 քառակուսի մետր։
Երևանի մետրոպոլիտենի տարածքը՝ գեներալի կնոջը
2014 թվականին Բաղրամյան 76/7 հասցեի անշարժ գույքն անցնում է «Էլկոմպ» ՍՊԸ-ին։ Առքուվաճառքի պայմանագրի կնքմանը նախորդել էին դատական գործընթացներ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ու «Էլկոմպի» միջև: Ըստ դատական գործի՝ 2007 թվականին մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը «Էլկոմպի» հետ կնքում է մի համաձայնագիր, որով հետագայում «Կապի տան» բաշխիչ ցանցի համապատասխան շինությունը՝ 60 քառակուսի մետր մակերեսով շինությունն ու 111 քառակուսի մետր հողամասը, անցնում են «Էլկոմպին»։ 2007 թվականին Մետրոպոլիտենի ու «Էլկոմպի» միջև կնքված համաձայնագրով վերջինս պարտավորվում էր «Կապի տան» կոմպլեկտային ենթակայանի բարձրավոլտ ու ցածրավոլտ սարքավորումներն ապամոնտաժել ու տեղափոխել «Կապի տան» ենթակայանի տարածք՝ դրա դիմաց սեփականության իրավունքով ստանալով այն շինությունն ու տարածքը, որտեղից այդ սարքավորումներն ապամոնտաժվել են։
2013 թվականի դրությամբ համապատասխան գույքը գնահատվել է 15.2 միլիոն դրամ, սակայն անշարժ գույքի փոխանցումը Կարապետյանի կնոջը չի կատարվել, որից հետո նա դիմել է դատարան՝ հայտնելով, որ ենթակայանի մոնտաժային աշխատանքները պատշաճ կատարվել են, Փայլակ Յայլոյանի կողմից եղել է ակտի ստորագրում և որ Մետրոպոլիտենը պարտավոր է օտարել համապատասխան տարածքը։ 2014 թ. սեպտեմբերի 16-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարում է հայցն ու Երևանի Մետրոպոլիտենից պահանջում «Էլկոմպի» հետ առքուվաճառքի պայմանագիր կնքել։ Նոյեմբերի 25-ին պայմանագիրը կնքվում է, հողն ու շինությունն անցնում են «Էլկոմպին»։ Գործարքի արժեքը կազմում է 12.4 միլիոն դրամ։
Կարապետյանների առանձնատունը Սևքարեցի Սաքոյի փողոցում
2010 թվականի հոկտեմբերին Ռոզա Կարապետյանը 27 միլիոն դրամով քաղաքացի Ջեմմա Մանասերյանից ձեռք է բերում Արաբկիրի Սևքարեցի Սաքո փողոցի 37 հասցեի առանձնատունը։ Առքուվաճառքի պայմանագրի վավերացման պահին 27 միլիոն դրամից 20 միլիոնն արդեն վճարվել էր։ Արշակ և Ռոզա Կարապետյանների առանձնատունը բաղկացած է 470 քառակուսի մետր մակերեսով բնակելի տնից, 21 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունից, մոտ 17 քառակուսի մետր լողավազանից ու պարփակված է պարիսպներով։
Ըստ Կադաստրի կոմիտեի՝ 2010-ին Արաբկիրում առանձնատների միջին գինը քառակուսի մետրի համար կազմել է 393.000 դրամ և միայն առանձնատան բնակելի հատվածն այս քառակուսի մետրի գնով բազմապատկելիս տան գինը կկազմեր 184.7 միլիոն դրամ, սակայն ընդհանուր տունը Ռոզա Կարապետյանը գնել է ընդամենը 27 միլիոն դրամով։
Առանձնատան կադաստրային արժեքը գնահատվել է 32.8 միլիոն դրամ, իսկ քաղաքապետարանի կողմից հասցե տրամադրվել է 2018 թ. հուլիսին։
Ռոզա Կարապետյանը չի հայտարարագրել այգետնակը
2006 թվականին Ռոզա Կարապետյանը 450 հազար դրամով Ջրվեժում ձեռք է բերում 600 քառակուսի մետր մակերեսով տարածք՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ։ Գործարքի մյուս կողմը եղել է Հրայր Ցուգունյանը։ Այս ամառանոցի մասին Ռոզա Կարապետյանի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում ոչինչ նշված չէ։ Պաշտոնատար անձի կողմից կեղծ հայտարարագիր ներկայացնելը 2017 թվականից քրեականացվել է։ Արշակ Կարապետյանը, իր հերթին, Ջրվեժում ունի հողամաս՝ դրա վրա կիսակառույց այգետնակով։ Գեներալը սա ձեռք է բերել 1999 թվականին։
Այս ամենից բացի, Ռոզա Կարապետյանին են պատկանում Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի Երևանյան փողոցի 239 և 241 հասցեների հողամասերը։ Այս հասցեներից մեկում ժամանակին գործում էր ավտոգազալցակայան, որը շահագործում էր «Նիկագազ» ՍՊԸ-ն։ Ընկերության 33.4 տոկոսի բաժնետերն էր Ռոզա Կարապետյանը։ «Նիկագազի» գործունեությունը 2012 թվականից դադարեցված է։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2020 թվականի դրությամբ Արշակ Կարապետյանի միակ անշարժ գույքը Ջրվեժի այգետնակն է։ Նրա կանխիկ միջոցները կազմել են 7200 դոլար և 800 հազար դրամ, որպես վարչապետի խորհրդական աշխատանքի վարձատրությունը կազմել է 10.7 միլիոն դրամ, իսկ 4.4 միլիոն դրամ էլ ստացել է կենսաթոշակ, ինչպես ինքն է նշել՝ «սոցիոլոգիական ապահովության ծառայությունից»։ Ռոզա Կարապետյանը Ջրվեժի հողամասը չի հայտարարագրել, փոխարենը հայտարարագրել է Սևքարեցի Սաքո փողոցի առանձնատունը, Բաղրամյան պողոտայի՝ համասեփականատիրությամբ իրեն պատկանող տարածքն ու Նոր Գեղիի հողամասերը, ունի նաև Audi մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2011 թվականին։ Ռոզա Կարապետյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 4.5 միլիոն դրամ, «Էլկոմպից» ստացած աշխատավարձը՝ 912.000 դրամ, և վարձակալությունից ստացած 576 հազար դրամի եկամուտը։
Արշակ Կարապետյանն առանցքային վկա է Մարտի 1-ի գործով, նա 2008 թ. այդ օրերի ու հայտնի խորհրդակցության վերաբերյալ ցուցմունք էր տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ ներկայացնելով, թե ինչ հանգամանքներում է բանակը ներգրավվել ներքաղաքական գործընթացներին։ Կարապետյանը նաև հրավիրվել էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով և պարզաբանումներ տվել պատգամավորներին։ 2015-ին՝ Ապրիլյանից մեկ տարի առաջ, Հանրային հեռուստաընկերության եթերում ԶՈՒ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը վստահեցնում էր՝ «սահմանները կահավորված են, զորքը պատրաստ նստած է», իսկ ադրբեջանական համալրվող սպառազինության մասին խոսելիս ասում էր՝ «դրանք բացի բարձր ձայներից, այլ ազդեցություն չեն ունեցել»։
Մկրտիչ Կարապետյան