Ադրբեջանի զինված ուժերը օգոստոսի վերջին մի քանի օրով փակել էին Երևան-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական «M2» ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար հատվածը՝ թույլ չտալով երթևեկությունն ու շարժն այդ մասով։
Այդ օրերին որպես միակ շրջանցիկ ճանապարհ օգտագործվում էր Տաթև-Կապան ճանապարհը, որը հատկապես Իրանից եկող խոշոր բեռնատարների համար գրեթե անանցանելի էր։
Կառավարությունը խոստացել էր հիմնանորոգել այդ ճանապարհի առավել դժվարանցանելի Տաթև-Աղվանի հատվածը` Ադրբեջանի կողմից հետագայում նմանատիպ խնդիրների դեպքում այլընտրանքային ճանապարհ ունենալու նպատակով։
«Էնտեղ կա այլ ճանապարհ, մասնավորապես Կապան-Աղվանի ճանապարհը, որը մեծ տեմպերով ասֆալտապատվում է, նորմալ գրունտային ճանապարհ կա։ Ես նկատի ունեմ՝ Սյունիքի մարզը, իհարկե, Հայաստանից կտրված չէ։ Մենք կանխատեսել ենք, որ էսպիսի իրավիճակներ կարող են լինել, և էնպես ենք պայմանավորվել, որ տրանսպորտային երթևեկությունը կարգավորենք և երաշխավորենք, և էտ աշխատանքները կշարունակվեն»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Նախապատմությունը
Հրադադարի վերաբերյալ նախորդ տարվա նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հայկական զինված ուժերը լքեցին դեռևս իրենց հսկողության տակ մնացած Սանասարի (Կուբաթլու) հարակից տարածքները, ինչից հետո Ադրբեջանը, հայտարարելով, որ Հայաստանն Իրանին կապող M2 միջպետական նշանակության ճանապարհի Գորիս-Կապան հատվածը որոշ տեղերում անցնում է Ադրբեջանի տարածքով, զբաղեցրեց այդ հատվածները։
Դեկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, խոսելով այս մասին, հայտարարեց, որ նշված հատվածի անվտանգությունը կառավարության կարևորագույն խնդիրներից է։ «Բարդությունն այն է, որ Գորիսը Կապանին միացնող հիմնական ճանապարհը՝ Խորհրդային Միության ժամանակներին գոյություն ունեցող սահմանի տրամաբանությամբ, 21 կմ-ոց հատվածն այդ ճանապարհի երբեմն տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի տարածքից, և հիմա շատ կարևոր է, որպեսզի մենք այդ ճանապարհի բնականոն և անվտանգ գործունեությունը կարողանանք ապահովել»,- հայտարարել էր վարչապետը։
Մինչև այս տարվա օգոստոսը Կապան-Գորիս ճանապարհի այդ հատվածով երթևեկող մեքենաների վարորդները լուրջ խոչընդոտների չէին հանդիպել ադրբեջանցիների կողմից։ Արդեն օգոստոսի 25-ից հետո, երբ ադրբեջանցիները փակեցին ճանապարհահատվածը, դա լրջագույն խնդիր դարձավ ինչպես Սյունիքի բնակավայրերի միջև հայկական մեքենաների տեղաշարժի, այնպես էլ Իրանի ու Հայաստանի միջև փաստացի միակ գործող ճանապարհով իրանական բեռների՝ Հայաստան և հակառակ ուղղություններով տեղափոխման համար։
Լուսանկարները Գևորգ Թոսունյանի Civilnet
Ու թեև Ադրբեջանը օգոստոսի 27-ին բացեց օգոստոսի 25-ից փակված ճանապարհը, սակայն փաստացի՝ մինչ ճանապարհի բացումը Սյունիքի մարզի հարավային հատվածը հյուսիսին միացնող միակ ճանապարհը մնացել էր Կապան-Տաթև ճանապարհը, որը, ինչպես նշեցինք, բարեկարգ չէր, իսկ խոշոր բեռնատար մեքենաների համար՝ գրեթե անանցանելի։
Այս ընթացքում Ադրբեջանն իր հսկողության տակ գտնվող հատվածներում տեղակայել է ուղեկալներ, կատարել ամրաշինական աշխատանքներ։
Բացի սա, ադրբեջանցի զինվորականները սկսել են կանգնեցնել Իրանից եկող բեռնատարները և կախված տեղափոխվող բեռի տեսակից՝ վարորդներից 130-350 դոլար գումարներ գանձել, իսկ մեկ անգամ նույնիսկ ձերբակալել են երկու իրանցի վարորդների։ Փաստացի՝ Հայաստանը չունի այլընտրանք Իրանից եկող բեռնատարների անվտանգ և անխոչընդոտ երթևեկության համար։
Մայրուղուն փոխարինող Տաթև-Աղվանի ճանապարհը
Ինչպես նշեցինք, Տաթև-Կապան ճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը մասնավորապես խոշոր բեռնատարների համար գրեթե անանցանելի է, և կառավարությունն արդեն իսկ սկսել է դրա բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքները։
Հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական զինված ուժերը դեռևս նախորդ տարվա վերջից տեղավորվել էին Գորիս-Կարմրաքար ճանապարհահատվածում, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե երբ է կառավարությունը որոշել հիմնանորոգել այլընտրանքային՝ Հ-46, M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհը։
FIP.am-ի հարցմանն ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, որ M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի մի մասի վերանորոգման աշխատանքներն իրականացվել էին դեռևս 2020 թվականին։
Խոսքը Հ-46 Տաթև-Աղվանի 12․5 կմ ճանապարհահատվածի մասին է, որը սկսվում է Տաթևի վանական համալիրի մոտից և ավարտվում Աղվանի գյուղի մոտ։
Ճանապարհի այս հատվածի հիմնանորոգման աշխատանքների մրցույթը հայտարարվել էր դեռևս նախորդ տարվա փետրվարին, այսինքն՝ պատերազմից ավելի քան կես տարի առաջ։ Բաց մրցույթի արդյունքում 1 մլրդ 267 մլն դրամի պայմանագիր է կնքվել «Բիլդեր քոնսթրաքշըն» ՍՊԸ-ի հետ։ 2020 թ. ավարտին արդեն Տաթև-Աղվանի 12․5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել էին։
Աղվանի գյուղից մինչև M2 միջպետական նշանակության ավտոմայրուղու՝ Կապան քաղաքի հարակից հատվածը (30․5 կմ) դեռևս շարունակում է մնալ անբարեկարգ։
Այս տարվա մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզում Սև լճի և Գեղարքունիքի մարզում Վերին Շորժա գյուղերի հատվածներից ներխուժեցին Հայաստանի տարածք և մինչ օրս շարունակում են մնալ այդ տարածքներում։
Այս դեպքից ավելի քան մեկ ամիս անց՝ հունիսի 17-ին միայն կառավարությունը, հաշվի առնելով առավել անվտանգ և բարվոք ճանապարհ ունենալու անհրաժեշտությունը, որոշեց հիմնանորոգել Հ-46 ճանապարհի Աղվանի-Կապան 30․5 կմ հատվածը։
Ճանապարհի մի մասը՝ Աղվանի գյուղից մինչև Շրվենանց գյուղի մոտակայքը (17․5կմ), մեկ անձից գնման ընթացակարգով համատեղ գործունեության պայմանագրով (կոնսորցիումով) հիմնանորոգման հանձնվեց «Ոսմար» և «Արարատ-Ճանշին» ընկերություններին (լուսանկարում կանաչով նշված հատվածը), իսկ Շրվենանց գյուղից մինչև M2 միջպետական ճանապարհ հատվածը (13 կմ)՝ «Քարավան» ՍՊԸ-ին (լուսանկարում կարմիրով նշված հատվածը)։
Աղվանի-Շրվենանց հատվածի համար պետությունը հատկացրել է 2 մլրդ 786 մլն դրամ, իսկ Շրվենանց-Կապան հատվածի համար պետբյուջեից հատկացումը կազմել է 1 մլրդ 220 մլն դրամ։
Այս երկու ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի։
Այսպիսով, Տաթև գյուղից մինչև Կապան ընդհանուր մոտ 43 կմ ճանապարհի հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 5 մլրդ 274 մլն դրամ։
Ամփոփելով արձանագրենք, որ Ադրբեջանի կողմից M2 միջպետական նշանակության Գորիս-Կապան ճանապարհահատվածի մի մասի նկատմամբ վերահսկողություն ստանալուց ավելի քան կես տարի անց են միայն Հայաստանի իշխանությունները որոշել վերանորոգել դրան փոխարինող այլընտրանքային ճանապարհը։
Սևադա Ղազարյան