Դեկտեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել էր ընդդիմադիր պատգամավորների այն պնդմանը, թե նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները գաղտնի փաստաթուղթ են ստորագրել Սյունիքի հատվածում հայկական զորքերի հետքաշման վերաբերյալ։
Ի պատասխան Պետրոս Ղազարյանի հարցին՝ Գրիգորյանը հայտարարել էր, թե ընդդիմությունը «հանրությանը հայտնի փաստերի» մասին բացահայտումներ է անում, և որ իշխանությունները հրապարակային խոսել են «նոյեմբերի 9-ից (հետո) տեղի ունեցած գրեթե բոլոր գործընթացների մասին»։
Ըստ Գրիգորյանի՝ «փաստաթուղթը եղել է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է այդ ճանապարհը օգտագործել մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը»:
«Եթե չեմ սխալվում, նոյեմբերին էր, երբ որ այլընտրանքային ճանապարհի շինարարությունը ավարտվեց Հայաստանի Հանրապետությունում, այսինքն Գորիսը ․․․ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո Ադրբեջանը հայտարարեց, որ ճանապարհի վրա մաքսակետեր է տեղադրում։ Եվ սրանից էլ բացահայտ այդ գործընթացի վերաբերյալ գործընթաց ես չեմ պատկերացնում։ Բայց սրա մասին մենք խոսել ենք, և զարմանալի է, որ ընդդիմությունը բացահայտումներ է կատարում հայտնի փաստերի վերաբերյալ»,- հայտարարել էր Գրիգորյանը։։
Փաստերը, որոնք ԱԽՔ-ն համարում է «հանրությանը հայտնի», իրականում ամենևին էլ հայտնի և հրապարակային չեն եղել առնվազն մինչև այն ժամանակ, երբ Ադրբեջանի իշխանությունները փակեցին Գորիս-Կապան ճանապարհը։
Նոյեմբերի 10-ին Ադրբեջանը հայտարարեց, որ մաքսակետեր է տեղադրում Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներում։ Նույն օրը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնեց, որ այլընտրանքային ճանապարհը պատրաստ է և մեքենաները կարող են շրջանցել ադրբեջանական մաքսակետերը։
Ադրբեջանի հայտարարությունից շատ չանցած՝ Արմեն Գրիգորյանը հարցազրույց տվեց Հանրային Հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդաշարին՝ նշելով, որ Հայաստանը ևս մաքսակետեր է տեղադրում ճանապարհի նույն հատվածում, «․․․բայց քանի որ, ինչպես հայտարարվեց, արդեն պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ՝ կա՛մ Գորիս, կա՛մ Երևան, կարելի է ասել՝ անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք»։ Գրիգորյանը նշեց, որ բարեկարգվում են նաև դեպի Սյունիքի մարզի համայնքներ տանող ճանապարհները։
Արմեն Գրիգորյանն այն ժամանակ այլընտրանքային ճանապարհների կառուցման հարցը կապեց կառավարության ճանապարհաշինության բարեփոխումների ծրագրի հետ։ Նա այս թեմային անդրադարձավ նաև հաջորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ կրկին որևէ բառ չասելով արդեն իսկ գոյություն ունեցող պայմանավորվածության կամ գրավոր պայմանագրի մասին։ Միայն նշեց, որ ճանապարհի այդ հատվածը «յուրահատուկ կարգավիճակ» ունի, և ՀՀ քաղաքացիները կարող են հարկեր վճարելու դեպքում անցնել այդ ճանապարհով։
Նույն օրը երեկոյան Արմեն Գրիգորյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում առաջին անգամ ակնարկեց «նախնական պայմանավորվածության» մասին։ «Պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, եղել է այն տրամաբանության շուրջ, որ մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը մենք օգտագործելու ենք այդ ճանապարհը»։
Ինչպես երևում է այս հայտարարություններից, Անվտանգության խորհրդի քարտուղարը բազմիցս՝ թե՛ ճանապարհի շուրջ ստեղծված լարվածության ընթացքում, թե՛ դրանից հետո, խոսել է Գորիս-Կապան ճանապարհի խնդրի վերաբերյալ, սակայն մինչև ընդդիմության պատգամավորների հայտարարությունները, երբևէ չի հիշատակել այն ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և վերջինիս ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Շոյգուի միջև կնքված որևէ պայմանագիր։ Մինչև Ադրբեջանի կողմից ճանապարհի վրա մաքսակետերի տեղադրումը, Գրիգորյանը և իշխանության մյուս ներկայացուցիչները չեն խոսել նաև այլընտրանքային ճանապարհի շուրջ պայմանավորվածության մանրամասների մասին։
Ավելին, այս տարվա սեպտեմբերին, խոսելով իրանական մեքենաներից հարկեր գանձելու Ադրբեջանի որոշման մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար անդրադարձ էր կատարել խնդրին՝ նշելով, որ 2020 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ-ի տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար, և «ենթադրել», որ Ադրբեջանը սկսել է հարկեր գանձել, քանի որ պայմանավորվածությունը չի ներառել օտարերկրյա մեքենաների ազատ երթևեկության իրավունքը։
Այսինքն, Փաշինյանն էլ՝ Արմեն Գրիգորյանի նման, շոշափելով խնդրի գրեթե բոլոր կողմերը, որևէ կերպ չի ասել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները եղել են գրավոր, և չի նշել, որ այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո Ադրբեջանը կարող է փակել Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը։
Վերջապես, կարևոր է այն, թե ինչպես է Արմեն Գրիգորյանը փաստարկում գործընթացի՝ բացահայտ լինելու օգտին։ Վերջին հարցազրույցից մեջբերված հատվածում նա, որպես փաստաթղթի գոյությունը և բովանդակությունը թաքցրած չլինելու ապացույց, հիշատակում է մաքսակետեր տեղադրելու մասին Ադրբեջանի հայտարարությունը, ինչը որևէ կապ չունի Հայաստանի իշխանությունների հրապարակային ու թափանցիկ աշխատաոճի մասին Գրիգորյանի մյուս պնդման հետ։
Անի Ավետիսյան