ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Ներքին օրենքներով արտաքին սահմանները չեն որոշվում․ Փաշինյանի մանիպուլյացիան ու ընդդիմության վրիպակը

16:20, 7 Հկտ, 2021

ՍԽԱԼ

Ազգային ժողովի հոկտեմբերի 5-ի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին, թե ինչպես է նա վերաբերվում նախկին իշխանությունների հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե ժամանակին վերջիններիս ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նկարագրվում են ՀՀ պետական սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։

«Դուք այս տեսակետին կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ եք համարում, որ այդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել»,- հարցրել էր Մինասյանը։ 

Ի պատասխան, Վաչե Տերտերյանը նշել էր, որ չի լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով. «Ոչ ոք այդպիսի բան չի ասել, իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա՝ և՛ հին, և՛ նոր ժամանակաշրջաններում»։

Ընդդիմադիր և իշխանական պատգամավորները, սակայն, շարունակեցին անդրադառնալ այդ օրենքին՝ ամեն մեկը յուրովի մեկնաբանելով այն։ 

Հիշեցնենք, որ խնդրո առարկա թեզն առաջին անգամ շրջանառության մեջ էր դրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում 2010 թվականին արված փոփոխություններով որոշվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանները:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը և օրենքի փոփոխությունները՝ հասկանալու, թե երբ են խնդրահարույց կետերը հայտնվել օրենքում, ինչպես նաև պարզելու, թե արդյո՞ք հնարավոր է այդ օրենքով սահման որոշել։ 

Ինչպե՞ս շրջանառության մեջ դրվեց թեզը

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վերաբերյալ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ դեռևս 2020 թ. դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց օրենքի նկարագրությունից հատվածներ՝ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի, իսկ ավելի ուշ մեկ այլ գրառմամբ՝ արդեն Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի սահմանագծերի նկարագրության վերաբերյալ։ 

Նույն պնդումը վարչապետն արել էր նաև Հանրայինի եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ. «Ես վկայակոչել եմ 2010 թ. ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանին։ Տրվում է կոնկրետ նկարագրություն դեռ 2010 թվականին: Եթե իրենք նկատի են ունեցել, որ ՀՀ տարածքի ներսում գոյություն է ունեցել Ադրբեջանի տարածք, այդ ինչպե՞ս են ասում, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մտել են ՀՀ տարածք, այսինքն՝ ՀՀ ներսում կա Ադրբեջա՞ն»:

Փաշինյանն այս մասին պարբերաբար խոսել է նաև ԱԺ ամբիոնից։ 2021 թ. մայիսի 3-ին ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթի ժամանակ նա հայտարարել էր․ «Ես նախկինում էլ ասել եմ՝ խնդիրն այն է, որ անվտանգային այն համակարգը, որը մենք ունեցել ենք և ունենք, տարածվել է ՀՀ-ի սահմանների վրա: Իսկ որո՞նք են այդ սահմանները՝ այդ սահմանների նկարագրությունը տվել է ՀՀ Ազգային ժողովը 2010 թվականին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով»։

Արդեն 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին Փաշինյանը «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքից խոսում էր մարզային այցելությունների ժամանակ։ Վայոց Ձորի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա ասել է․ «Էսօր ասում են՝ ո՞նց ա, որ Շուռնուխ գյուղից արևելք ադրբեջանցիներ են կանգնած․ ասում ենք՝ շատ պարզ պատճառով, որովհետև 2010 թվականին Հայաստանում ընդունվել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ գրված է եղել՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է»։

Իսկ Սիսիանում քարոզարշավի ժամանակ նա նույնատիպ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով նաև, որ Հայաստանի այսօրվա սահմանները՝ համայնքների, վարչական տարածքների նկարագրությունը, որոշվել են «Վարչատարածքային բաժանման մասին օրենքով»։

Ե՞րբ է ընդունվել օրենքը, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել

Պետք է նշել, սակայն, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ընդունվել է 1995 թ. նոյեմբերի 7-ին, ուժի մեջ մտել՝ նույն տարվա դեկտեմբերի 15-ին։

Նորանկախ Հայաստանում տարածքային կառավարման համակարգը մինչև 1995 թվականը շարունակում էր մնալ Խորհրդային Միության վարչատարածքային միավորներով, այսինքն՝ բնակավայրերը դասակարգվում էին քաղաքայինի և գյուղականի։ 1995 թվականին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով սահմանվում էր, որ ՀՀ վարչատարածքային միավորներն էին մարզերն ու համայնքները, մարզերը կազմված են գյուղական և քաղաքային համայնքներից։ Այս տարիների ընթացքում օրենքը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել՝ շուրջ 15 անգամ։ 

Իսկ Ադրբեջան բառն առաջին անգամ կիրառվել է ոչ թե 2010 թվականին, այլ 2009 թվականի հոկտեմբերին։ Օրենքում 2009 թվականի փոփոխություններով նկարագրվել էին նաև Վայոց Ձորի համայնքների սահմանները։ 

Օրինակ՝ Ջերմուկ քաղաքի սահմանները նկարագրելով՝ օրենքում նշվում էր, որ քաղաքը հյուսիս-արևելքով սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը, մինչդեռ այդ հատվածում Արցախի Քարվաճառի շրջանն էր փաստացի։

Չնայած «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կոորդինատներ կան նշված՝ օրինակ, գրված է․ «Ջերմուկ քաղաքային, Գնդեվազ գյուղական համայնքների և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 983 մ», այսինքն՝ օրենքը գրվել է ինչ-որ քարտեզի հիման վրա, արձանագրվել են կոորդինատները, այնուամենայնիվ, նման քարտեզ բաց տվյալների բազայում գոյություն չունի։ Սակայն հատկանշական է, որ օրենքում հստակ կոորդինատներով չի նշվում, թե որտեղ է տվյալ բնակավայրը ավարտվում և սկսվում Ադրբեջանի սահմանը, այլ պարզապես նշվում է, որ սահմանը համընկնում է Ադրբեջանի հետ ունեցած պետական սահմանի հետ։

Երբ Փաշինյանը և նրա թիմակիցները նշում են 2010 թվականի մասին, նրանք փաստացի նկատի ունեն այդ տարի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում ընդունված նոր փոփոխությունը, որով սահմանվել էին նաև Սյունիքի մարզի համայնքների սահմանները։ Հենց այդ փոփոխություններով, օրինակ, նշվում էին Շուռնուխ գյուղի վարչական սահմանները՝ մասնավորապես, որ համայնքը «Ա» և «Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին՝ Ադրբեջանի Հանրապետությանը (փաստացի այդ հատվածում Արցախի Քաշաթաղի շրջանն էր)։ Սակայն այս դեպքում էլ հստակ կոորդինատներով չի նշվում, թե որտեղ է տվյալ բնակավայրը ավարտվում և սկսվում Ադրբեջանի սահմանը։  

FIP.am-ը նաև կապ հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ։ FIP.am-ի հարցին՝ արդյո՞ք «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով հնարավոր է պետական սահման որոշել, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ  օրենքը բավականին հստակ է գրված։

«Տեսեք, միջազգային սահմանների որոշման համար կան հստակ չափորոշիչներ և երկկողմ պայմանավորվածություններ։ Ես հոգնել եմ այս քննարկումից, որը անպտուղ քննարկում է, որը վտանգավոր քննարկում է, և որևիցե եղանակով վերջնական ճիշտ պատասխան քաղաքացիների մոտ այս հարցի վերաբերյալ չի կարող ձևավորվել, որովհետև ընդդիմության մանիպուլյատիվ ձևակերպումները, որոնք ուղղված են ներպետական սպառմանը, շատ վտանգավոր երևույթներ են ազգային անվտանգության տեսանկյունից»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Սակայն ինչպես արդեն վերևում նշեցինք, այս դիսկուրսն ու օրենքը պարբերաբար հիշատակում է հենց ՔՊ առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել էր, թե 2010 թ. «Վարչատարածքային բաժանման մասին օրենքով» ՀՀ-ն դե յուրե ընդունել է, որ Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածները, որոնք փաստացի հիմա վերահսկվում են ադրբեջանական ուժերի կողմից,  գտնվում են ՀՀ տարածքից դուրս։

Բացի այդ, այստեղ մեկ այլ հարց էլ է առաջանում. Նիկոլ Փաշինյանը, թեև պարբերաբար պնդում է, որ «Վարչատարածքային բաժանման մասին օրենքով» սահմանվել են ՀՀ-ԱՀ սահմանները, սակայն, միևնույն ժամանակ, նաև պարբերաբար խոսում է երկու երկրների միջև սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին՝ արձանագրելով, որ սահմանների հստակեցման կարիք կա։ 

Քարտեզագետ Անուշավան Բարսեղյանի կարծիքով՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը գրվել է սովետական գաղտնի քարտեզի հիման վրա։ Բարսեղյանը նաև նշում է, որ իր տեսած քարտեզներում, օրինակ, Շուռնուխ գյուղն ամբողջությամբ հայկական էր։

«Իմ տեղեկություններով՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը գրվել է՝ հիմք ընդունելով սովետական քարտեզները, այսինքն՝ հիմք ընդունելով՝  որ բարձրությամբ, որ բլուրի վրայով, որ կետով ու ոնց է անցնում սահմանը, բայց օրենքով համայնքների սահմաններն են նշվում, այս օրենքը չի սահմանում պետական սահմանը»,- ասաց Բարսեղյանը։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Լևոն Գևորգյանն էլ պնդեց, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը պետության ներքին բաժանումների վերաբերյալ է, այն տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է կարգավորում, այլ ոչ թե այլ պետությունների հետ սահմանները հստակեցնում։

«Սահմանի որոշումն Ազգային ժողովի լիազորություններից դուրս է։ Հայաստանի սահմանը որոշվում է միջպետական համաձայնագրերով, դրա համար հստակ ընթացակարգ կա։ Միջազգային համաձայնագրերը, որոնք սահման են որոշում, քաղաքական բնույթի որոշումներ են, բնականաբար, պետք է  Սահմանադրական դատարան նաև մտնեն և այլ փուլերով անցնեն»,- FIP.am-ի հետ զրույցում ասաց Գևորգյանը։

Գևորգյանը նշեց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը իրականում երբեք որևիցե միջազգային պայմանագրով չի հստակեցվել՝ ո՛չ համաձայնագրով, ո՛չ որևէ միջպետական հանձնաժողովի աշխատանքների արդյունքներում, ո՛չ էլ միջազգային միջպետական վեճի մակարդակում՝ որևէ դատական ատյանի կողմից։

Արդյո՞ք պատգամավոր Փաշինյանը 2010-ին կողմ է քվեարկել օրենքին

Հոկտեմբերի 5-ի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր, նույնպես կողմ է քվեարկել 2010 թվականի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխություններին։ 

«Այո, ես կողմ եմ քվեարկել, ինչպես որ հետագայում կողմ է քվեարկել նաև Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր: Որևէ մեկի մտքով չի կարող անցնել և միջազգային իրավունքում չկա որևէ օրինակ, որ ներպետական վարչատարածքային բաժանման օրենքը հիմք հանդիսանա արտաքին սահմանների համար: Եթե որևէ պատգամավոր այդ մտքով արել է, դա պետական դավաճանություն է, ինչո՞ւ ուրեմն հիմա հաղորդում չեք տալիս պետական դավաճանության համար»,- ասաց Մինասյանը:

Եթե Մինասյանը խոսում է այն մասին, որ հետագայում է Փաշինյանը՝ որպես պատգամավոր, կողմ քվեարկել օրենքին (ենթադրաբար, նկատի ունենալով օրենքի փոփոխություններին), ապա «Հայաստան» դաշինքի պատգամավորներից Արթուր Խաչատրյանն իր ելույթում, մասնավորապես, ասում է․ «Կրկնեմ Արծվիկ Մինասյանի խոսքերը, որ այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նույնպես քվեարկել է այդ օրենքի օգտին։ Եթե 2010 և 2018 թվականների ընթացքում իր մոտեցումները փոխվել են, ապա ինչու՞ մոտեցումների փոփոխությունը չարձանագրվեց ձեր կառավարության կողմից «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն անելու նախաձեռնությամբ»,- ասել է Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանի պնդումը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։ Փաշինյանը՝ որպես պատգամավոր, 2010 թվականին չէր կարող կողմ քվեարկել օրենքին, քանի որ ԱԺ պատգամավոր չէր, ավելին՝ գտնվում էր քրեակատարողական հիմնարկում։ Հիշեցնենք, որ Փաշինյանը 2008 թվականի մարտի 1-ից հետո եղել է հետախուզման մեջ։ Նա 1 տարի 4 ամիս անցկացրել է ընդհատակում, այնուհետև 2009-ին ինքնակամ ներկայացել է գլխավոր դատախազություն։ 

Այսպիսով, պնդումը, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով հնարավոր է որոշել հայ-ադրբեջանական սահմանը, չի համապատասխանում իրականությանը։ ԱԺ պատգամավորի խոսքերն այն մասին, որ Փաշինյանը 2010-ին՝ որպես պատգամավոր, կողմ է քվեարկել օրենքի փոփոխություններին, նույնպես կեղծ է։

Շուշան Ստեփանյան

Մհեր Թարոյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքԱզգային ժողովՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

«Նախկինները» չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը. Փաշինյանը կեղծում է

«Նախկինները» չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը. Փաշինյանը կեղծում է

23:07, 23 Մյս, 2023

Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է՝ « 86,600 քառ. կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:  Երբ լրագրողը կրկին...

Վահե Ղազարյանի սխալ պնդումը. «Պոլիգրաֆում» միայն մարիխուանա է հայտնաբերվել
Չդասակարգված

Վահե Ղազարյանի սխալ պնդումը. «Պոլիգրաֆում» միայն մարիխուանա է հայտնաբերվել

19:50, 4 Մյս, 2023

Ազգային ժողովում մայիսի 3-ին կառավարություն հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Մարիա Կարապետյանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին հարցրեց, թե ապրիլի 23-ին...

Խորհրդարան անցած կուսակցություններ, որոնք ոտնահարում են հայտարարագրման օրենքը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խորհրդարան անցած կուսակցություններ, որոնք ոտնահարում են հայտարարագրման օրենքը

12:59, 27 Ապր, 2023

2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի պահանջով իրավաբանական անձանց, այդ թվում նաև Հայաստանում գրանցված կուսակցությունների համար սահմանվել են...

Պատգամավորներ Մամիջանյանի ու Կյուրեղյանի պնդումը՝ «ինքնապաշտպանության» մասին և Նարեկ Սամսոնյանի ասածը
Առանց վճռի

Պատգամավորներ Մամիջանյանի ու Կյուրեղյանի պնդումը՝ «ինքնապաշտպանության» մասին և Նարեկ Սամսոնյանի ասածը

13:40, 13 Ապր, 2023

Ապրիլի 11-ին ԱԺ հերթական նիստին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, որ եթե ինքը կոչ...

Հարակից հոդվածներ

«Նախկինները» չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը. Փաշինյանը կեղծում է

«Նախկինները» չեն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառելով Արցախը. Փաշինյանը կեղծում է

23:07, 23 Մյս, 2023

Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է՝ « 86,600 քառ. կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:  Երբ լրագրողը կրկին...

Վահե Ղազարյանի սխալ պնդումը. «Պոլիգրաֆում» միայն մարիխուանա է հայտնաբերվել
Չդասակարգված

Վահե Ղազարյանի սխալ պնդումը. «Պոլիգրաֆում» միայն մարիխուանա է հայտնաբերվել

19:50, 4 Մյս, 2023

Ազգային ժողովում մայիսի 3-ին կառավարություն հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Մարիա Կարապետյանը ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին հարցրեց, թե ապրիլի 23-ին...

Խորհրդարան անցած կուսակցություններ, որոնք ոտնահարում են հայտարարագրման օրենքը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խորհրդարան անցած կուսակցություններ, որոնք ոտնահարում են հայտարարագրման օրենքը

12:59, 27 Ապր, 2023

2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի պահանջով իրավաբանական անձանց, այդ թվում նաև Հայաստանում գրանցված կուսակցությունների համար սահմանվել են...

Պատգամավորներ Մամիջանյանի ու Կյուրեղյանի պնդումը՝ «ինքնապաշտպանության» մասին և Նարեկ Սամսոնյանի ասածը
Առանց վճռի

Պատգամավորներ Մամիջանյանի ու Կյուրեղյանի պնդումը՝ «ինքնապաշտպանության» մասին և Նարեկ Սամսոնյանի ասածը

13:40, 13 Ապր, 2023

Ապրիլի 11-ին ԱԺ հերթական նիստին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, որ եթե ինքը կոչ...

fip.am

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens