Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում են տեղեկություններ, թե նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստումները կարող են ազդել առողջության վրա:
Լայնորեն շրջանառվում է այն թեզը, թե պատվաստումը հակացուցված է հղիներին:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է բաց գիտական աղբյուրներ և տարբեր երկրների գերատեսչությունների ուղեցույցներ՝ հասկանալու, թե ըստ ներկայում առկա տվյալների՝ արդյո՞ք պատվաստանյութերը հակացուցված են հղի կանանց, թե ոչ։ Բացի այդ, փորձել ենք պարզել՝ ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը տղամարդկանց և կանանց վերարտադրողական առողջության վրա:
Մի շարք երկրների առողջապահական գերատեսչությունների ուղեցույցը հղիների համար
Ամբողջ աշխարհում խրախուսվում է հղիների պատվաստումը ՌՆԹ տեխնոլոգիայով ստեղծված պատվաստանյութերով («Մոդերնա», «Փֆայզեր»): Ի հակադրություն դրան, վեկտորային պատվաստանյութերի («Աստրազենեկա», «Սպուտնիկ V» և այլն) ունեցած ազդեցության մասին տվյալները շատ քիչ են:
Միացյալ Թագավորության առողջապահական գործակալությունը հայտնում է, որ երկրում առկա պատվաստանյութերը՝ «Մոդերնա», «Փֆայզեր», «Աստրազենեկա», ունեն անվտանգության բարձր ցուցանիշներ: Այդ պատվաստանյութերը չեն պարունակում կենդանի կորոնավիրուս և չեն կարող վարակել ո՛չ հղի կնոջը, ո՛չ էլ նրա արգանդում գտնվող պտղին:
Նշվում է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը հղի կանանց ապահովում է որակյալ պաշտպանություն կորոնավիրուսից, որը կարող է շատ ծանր ընթացք ունենալ հղիության վերջին ամիսներին գտնվող կանանց համար:
Միացյալ Թագավորության պատվաստման և իմունիզացիայի համատեղ հանձնաժողովը նշում է, որ հղի կանանց համար ավելի նախընտրելի է պատվաստվել «Մոդերնայով» կամ «Փֆայզերով», քան «Աստրազենեկայով», քանի որ այլ երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, այդ պատվաստանյութերը կիրառման ավելի մեծ փորձ ունեն: Սակայն հանձնաժողովից նաև շեշտել են, որ ապացուցված չէ, որ «Աստրազենեկան» կարող է բացասական ազդեցություն ունենալ հղի կնոջ վրա:
Ավստրալիայի կառավարության ուղեցույցի համաձայն ևս՝ հղի կանայք պետք է պատվաստվեն «Փֆայզերով»: Նշվում է, որ հղի կանայք, որոնք չունեն «Փֆայզերով» պատվաստվելու հնարավորություն, պետք է ընդունեն «Աստրազենեկայի» դեղաչափը, եթե դրա օգտակարությունը գերազանցում է հնարավոր ռիսկը: Այս մոտեցման պատճառը «Աստրազենեկայի»՝ հղիների վրա ունեցած ազդեցության մասին ուսումնասիրությունների պակասն է:
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հորդորում է բոլոր հղիներին և հղիանալ պատրաստվող կանանց պատվաստվել կորոնավիրուսի դեմ իրենց և ապագա երեխային պաշտպանելու համար: Կենտրոնը նշում է, որ արված հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերը չունեն բացասական ազդեցություն հղիների վրա: Ջոն Հոփքինսի բժշկական կենտրոնը հայտնում է, որ հղի կանայք ավելի հակված են ծանր տանելու հիվանդությունը, բարդություններ ունենալու՝ ընդհուպ մինչև մահ, քան այն կանայք, որոնք հղի չեն: Օգոստոսի տվյալներով՝ ԱՄՆ-ում 200 հազար հղի կին արդեն պատվաստվել է «Փֆայզերով» և «Մոդերնայով» ու որևէ կողմնակի ազդեցություն չի զգացել: Այնուամենայնիվ, նշվում է, որ եթե կինն ունի մտավախություններ, պատվաստվելուց առաջ պետք է խորհրդակցի բժշկի հետ:
«Սպուտնիկ V»
Մինչև 2021 թվականի հունիսը «Սպուտնիկ V»-ով պատվաստվելու հակացուցումների մեջ ներառված էր նաև հղիությունը և կրծքով կերակրումը:
Սակայն հունիսի 25-ին ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկինը հայտարարեց, որ բոլոր հակացուցումները հղի կանանց համար հանվել են: Նախարարը հայտարարել էր, որ անհանգստացնում է հղի կանանց վիճակը, որոնք վարակվել են կորոնավիրուսով և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նախարարի այս հայտարարությունից հետո հղիների համար սահմանափակումները հանվել են, և թույլատրվում է ռիսկային խմբում գտնվող հղիների պատվաստումը: Պատվաստումը պետք է կատարվի հղիության 22-րդ շաբաթից հետո:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 2021 թվականի օգոստոսին հայտնել է, որ պատվաստումը պաշտպանում է կնոջ և նրա ապագա երեխայի առողջությունը: Բացասական ազդեցության մասին որևէ ապացույց չի գրանցվել: Նշվում է, որ պատվաստումը նվազեցնում է կնոջ և նրա երեխայի առողջության համար ռիսկերը համավարակի պայմաններում:
Ինչ վերաբերում է «Սինոֆարմին», ապա ԱՀԿ-ն շեշտում է, որ այս պատվաստանյութի ստեղծման տեխնոլոգիան օգտագործվել է այլ հիվանդությունների դեմ և որևէ վնասակար հատկություն չի ունեցել հղիների համար: Այնուամենայնիվ, հաշվի առնելով հետազոտությունների բացակայությունը, ԱՀԿ-ն կրկին խորհուրդ է տալիս հղիներին պատվաստվել միայն այն դեպքում, երբ դրա օգտակարությունը գերազանցում է պոտենցիալ վտանգը:
Դաշտանային ցիկլի փոփոխություն պատվաստումից հետո
Վերջին ամիսներին տարբեր երկրներում լուրեր հայտնվեցին, որ պատվաստումից հետո հազարավոր կանանց մոտ նկատվում է դաշտանային ցիկլի փոփոխություն:
Մեծ Բրիտանիայում ավելի քան 30 հազար կին հայտնել է սովորականից ավելի ծանր դաշտանի, ցիկլի ուշացման և հեշտոցային անսպասելի արյունահոսությունների մասին:
Գիտնականները դեռևս չեն պարզել, թե որն է այս երևույթի պատճառը: Բրիտանական բժշկական ամսագիրը հայտնում է, որ հավանաբար, պատճառը կնոջ իմունային համակարգի պատասխանն է, այլ ոչ թե պատվաստանյութի մեջ առկա որևէ նյութ: Հոդվածի հեղինակը շեշտում է, որ կողմնակի ազդեցության պատճառները պետք է հետազոտվեն, քանի որ ճշգրիտ պատասխանը կօգներ կանխել այս թեմայի շուրջ ապատեղեկատվության տարածումը:
ԱՄՆ-ից գիտնականները հայտնում են, որ թեման ուսումնասիրության կարիք ունի, սակայն դա կարող է բարդ լինել: Պատճառն այն է, որ դաշտանային ցիկլը անձից անձ տարբերվում է: Դրա ընթացքի վրա տարբեր ֆակտորներ կարող են ազդել, այդ թվում՝ սթրեսը: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում ևս գիտնականները փորձում են հասկանալ այս երևույթի պատճառները:
COVID-19-ի ազդեցությունը հղի կանանց վրա
Թեև չկան տվյալներ ու հետազոտություններ, որոնք կփաստեն պատվաստման բացասական ազդեցությունը հղի կանանց վրա, կան գիտական ապացույցներ, որ հենց կորոնավիրուսն է ազդում հղի կնոջ առողջության վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ հետազոտությունները ցույց են տվել, որ հղի կանանց մոտ բարձր է կորոնավիրուսը ծանր տանելու վտանգը: Բարձր է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը:
COVID-19-ը լուրջ հետևանքներ կարող է ունենալ այն կանանց մոտ, որոնք հղիացել են ուշ տարիքում, ավելորդ քաշ ունեն ու ծանր հիվանդ են (օրինակ՝ արյան բարձր ճնշում կամ դիաբետ):
ԱՀԿ-ն շեշտում է, որ թե՛ հենց հղի կանայք, թե՛ նրանց հետ անմիջականորեն շփվող անձինք պետք է ամեն ինչ անեն COVID-19-ից խուսափելու համար: Վարակի նշաններ ունենալու դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի:
Ըստ Միացյալ Թագավորության պատվաստումների և իմունականխարգելման համատեղ հանձնաժողովի՝ հղի կանայք, որոնք սիմպտոմատիկ COVID-19 են տարել, 2-3 անգամ ավելի հակված են վաղաժամ ծննդաբերության: Մեկ այլ հետազոտության համաձայն, որը տպագրվել է ամերիկյան մանկաբարձների և գինեկոլոգների ամսագրում, կորոնավիրուսով վարակված կանայք 2 անգամ ավելի շատ են հակված մահացած երեխա ունենալուն:
COVID-19-ի ազդեցությունը տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա
Բազմաթիվ գիտական հետազոտություններ հաստատել են, որ կորոնավիրուսի ծանր ընթացքը կարող է ազդել տղամարդու վերարտադրողական առողջության վրա:
Ամերիկյան CNN-ի հաղորդմամբ՝ Reproduction գիտական ամսագրում տպագրված հետազոտությունը ապացուցել էր, որ կորոնավիրուսով վարակումը ազդում է սերմնահեղուկի որակի վրա և արական վերարտադրողական գործառույթի վրա: Թեև հետազոտությանը չմասնակցած գիտնականներ թերահավատորեն էին վերաբերվել այս եզրակացությանը, սակայն հետագայում այլ ուսումնասիրություններ հաստատել էին այս արդյունքները:
Մասնավորապես, Մայամիի համալսարանի հետազոտությունը ցույց էր տվել, որ կորոնավիրուսով հիվանդանալը կարող է առաջացնել Էրեկտիլ դիսֆունկցիա:
Չինական գիտական թիմի հետազոտությունը պարզել էր, որ COVID-19-ով հիվանդանալուց հետո տղամարդկանց մոտ սերմնահեղուկի որակի անկում է նկատվում:
Փորձին մասնակցած և նախկինում վերարտադրողական առողջության հետ խնդիր չունեցած տղամարդկանց 39 տոկոսի մոտ նկատվել է սերմի քանակի անկում: Սերմնահեղուկի գործառույթը 61 տոկոսով վնասվել էր:
Այսպիսով, չկան գիտական ապացույցներ, որ պատվաստումը բացասական ազդեցություն կարող է ունենալ հղիության և վերարտադրողական առողջության վրա: Մինչդեռ կան տվյալներ, որ կորոնավիրուսը կարող է լուրջ հետևանքներ ունենալ հատկապես տղամարդկանց վերարտադրողական առողջության վրա:
Լուսինե Ոսկանյան