Հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, որ մայիս ամսից Գեղարքունիքի մարզում դիրքավորված ադրբեջանական ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել վառելափայտ, կատարել լայնածավալ ճանապարհաշինական և ամրաշինական աշխատանքներ։
Հաջորդ օրը Պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել պարզաբանող հայտարարությամբ, որով ՄԻՊ-ի կողմից բարձրաձայնված խնդիրները բնորոշել էր որպես ուռճացված և հայտարարել, որ «գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև պնդումներ, որոնք կտրված են իրականությունից»։
ՊՆ-ի հերքումից հետո ՄԻՊ-ը կրկին վերահաստատեց իր կողմից բարձրաձայնված խնդիրները և որպես ապացույց հրապարակեց մի քանի կադրեր, որոնցում երևում էին ադրբեջանական զինուժի կողմից ամրացված դիրքեր, կառուցված ճանապարհներ։
Պաշտպանության նախարարությունը, ի պատասխան, կրկին պնդեց նախորդիվ արված հերքումը և հորդորեց ՄԻՊ-ին «ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից»։
«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքանով են հիմնավոր Մարդու իրավունքների պաշտպանի պնդումները, և ո՞ր կողմն է կեղծում կամ թաքցնում իրականությունը։
Հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արված ահազանգը վերաբերում էր Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ և Վերին Շորժա գյուղերի հարակից հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից իրականացված ամրաշինական աշխատանքներին և կուտակված պաշարներին։
«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողների խումբը հոկտեմբերի 22-ին և 23-ին եղավ այդ գյուղերում և լուսանկարեց ադրբեջանական դիրքերից մի քանիսը։
Սոթք գյուղի հարակից հատվածներում ադրբեջանական դիրքերն առաջ չեն եկել։ Սա հենց այն հատվածն է, որտեղ գտնվում է Սոթքի ոսկու հանքավայրը, և ինչպես հիշում եք, նախորդ տարվա նոյեմբերի վերջին, երբ ադրբեջանական զինուժը հայտնվեց այս հատվածում, մի քանի օր շարունակ հենց հանքավայրի տարածքում բանակցություններ էին ընթանում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցչի և ռուսական կողմի միջև։
Այդ օրերից հետո Ադրբեջանի զինուժի կողմից դիրքերի տեղաշարժ չի եղել։
Կութ գյուղում մեզ չհաջողվեց լուսանկարել ադրբեջանական դիրքերը, քանի որ ժամկետային զինծառայողներին խստիվ հրաման էր տրվել թույլ չտալ տարածքում տեսա-լուսանկարահանումը (որով խախտվեց լրագրողների օրինական մասնագիտական գործունեության իրականացումը)։ Չնայած այս հանգամանքին՝ «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում համացանցում հայտնված տեղեկությունների և տեսանյութերի հիման վրա արդեն իսկ կազմել էր ադրբեջանական զինուժի կողմից զբաղեցրած դիրքերի մոտավոր քարտեզը։
Դրանք հստակ երևում են արբանյակային լուսանկարներում։
Վերին Շորժայի հատվածում պատկերը այլ էր։ Ադրբեջանական զինված ուժերը դեռևս մայիսի ներխուժման ժամանակ մի քանի կիլոմետր առաջ են եկել սահմանագծից։ Նույնիսկ կան տեղեր, որ այդ առաջխաղացումն ուղիղ գծով կազմում է 3-ից 4 կմ։
Եվ չնայած հայկական կողմը յուրաքանչյուր ադրբեջանական դիրքի դիմաց ունի սեփական դիրքը, սակայն Ադրբեջանն այս ամիսների ընթացքում էապես ամրացրել է իր դիրքերը, որոշ տեղերում նույնիսկ հնարավոր է տեսնել անվադողերով և հատուկ պատնեշներ կառուցելու համար նախատեսված գաբիոններով ամրացված դիրքեր։
Լուսանկարում պատկերված այս դիրքը գտնվում է Հայաստանի տարածքում, և Պաշտպանության նախարարության կողմից հերքումը, թե ամրացված դիրքերը գտնվում են սահմանի այն կողմում, ակնհայտ կեղծիք է։
Մեկ այլ ադրբեջանական դիրք տեղակայվել է Վերին Շորժան Քարվաճառի Ծար (Զառ) գյուղին կապող լեռնային ճանապարհի վրա՝ սահմանից մոտ 2 կմ խորը՝ Հայաստանի տարածքում։
«Փաստերի ստուգման հարթակը» լուսանկարել էր այս հատվածը նաև այս տարվա մայիսի 18-ին՝ ներխուժումից մի քանի օր անց։ Այդ ժամանակ ադրբեջանական դիրքում կար միայն մեկ մեծ վրան։
Մինչդեռ նույն դիրքում արդեն Ադրբեջանի զինուժը կարծես թե տեղավորվել է հիմնովին։ Կատարվել են ամրաշինական աշխատանքներ, դիրքը կահավորվել է պարկերով, անվադողերով և այլ բարիկադներով։ Իսկ հենց դիրքում՝ մետաղյա ձողի վրա, տեղադրվել է նաև ադրբեջանական դրոշը։
Լուսանկարում պատկերված է գրեթե նույն վայրը, ինչ նախորդ լուսանկարում է, սակայն արվել է մեկ այլ դիրքից (ռակուրսից)։ Ինչպես տեսնում ենք, մայիսից մինչ օրս դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներն ակնհայտ են։ Հայկական դիրքում տեղադրված մետաղյա տնակի, վրանի և անվադողերով ամրացված պատնեշի դիմաց ճանապարհի երկու կողմերում Ադրբեջանը կահավորել է իր դիրքերը քարե շինություններով, գաբիոններով, անվադողերով և այլն։
Ի դեպ, հայկական և ադրբեջանական դիրքերն իրարից բաժանված են բառացիորեն մի քանի մետրով։
Այս դիրքի օրինակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդիրը, որ մայիսից Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական ուժերը ոչ միայն մտադիր չեն լքել իրենց դիրքերը, այլ նաև կատարում են ամրաշինական աշխատանքներ, ճիշտ է։
Բացի այս, լուսանկարում փորձել ենք հնարավորինս պատկերավոր ցույց տալ, թե որքան մոտ են գտնվում ադրբեջանական ուժերի դիրքերը քաղաքացիական բնակչությանը։ Լուսանկարներից մեկում բավական տեսանելի են նույն դիրքերն ու դրանց անմիջական հարևանությամբ՝ մոտ 1․5 կմ հեռավորության վրա դաշտում արածող կովերը։ Սա ևս մեկ վկայություն է ՄԻՊ-ի կողմից բազմիցս արված այն ահազանգերի, որ Ադրբեջանի զինուժի ներկայությունն ուղիղ սպառնալիք է քաղաքացիական անձանց կյանքին ու բնականոն կենսագործունեությանը։
Ի հավելումն այս ամենի՝ ակնհայտ երևում են նաև տարածքում լեռնային ճանապարհների վրա կատարված աշխատանքները։ Այս պահին մեզ հասանելի արբանյակային լուսանկարները հնարավորություն չեն տալիս համեմատել կատարված ճանապարհաշինական աշխատանքները նախկինում ունեցած պատկերի հետ, սակայն ակնհայտ էր, որ տարածքում իրականացվել էին հսկայական ինժեներական աշխատանքներ՝ ճանապարհների լայնացում, կառուցում, հարմարեցում տեխնիկայի շարժին և այլն։
Լուսանկարում երևացող լեռնային ճանապարհը նախկինում ևս գոյություն ուներ, սակայն դատելով դրա երկայնքով երևացող հողի թարմ շերտից՝ կարող ենք պնդել, որ ճանապարհի վրա կատարվել են լուրջ ինժեներական աշխատանքներ։ Դա հիմնավորվում է նաև այն փաստով, որ լեռան ստորոտում գտնվում են ադրբեջանական մի քանի դիրքեր, և ճանապարհը սպասարկում է հենց այդ դիրքերը։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ մայիսից ի վեր՝ երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի սուվերեն տարածք և դիրքավորվեցին Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի հարակից հատվածներում, իրականացվել են ամրաշինական, ճանապարհաշինական աշխատանքներ, կուտակվել են պաշարներ, և Պաշտպանության նախարարությունը կեղծում է, երբ ուռճացված կամ իրականությանը չհամապատասխանող է որակում այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի ահազանգերը։
Թեև Սոթք և Կութ գյուղերի հարակից հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ամրաշինական աշխատանքների վերաբերյալ ապացույցներ մեզ չհաջողվեց հավաքել, սակայն Վերին Շորժայում դրանք ակնհայտ էին, և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնվածը համապատասխանում է իրականությանը։
Հայկ Հովհաննիսյան
Սևադա Ղազարյան