Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ բաժնում նշված է, որ առաջիկա 5 տարիներին առաջնահերթ ուղղություններից մեկը լինելու է անտառների կայուն կառավարումը:
Մասնավորապես, փաստաթղթում գրված է, որ կառավարության նպատակներից են անտառների պահպանությունը, պաշտպանությունը և անտառածածկ տարածքների ընդլայնումը անտառապատման ու անտառավերականգնման միջոցով ու դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական հզորացումը:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ վիճակում են գտնվում Հայաստանի անտառային տարածքները վերջին տարիներին և արդյո՞ք դրանց պաշտպանությունը հզորացել է 2018 թվականին նոր իշխանությունների հաստատումից հետո:
Ընդհանուր տվյալներ
Հայաստանի անտառային տարածքները բավականին սակավ են: Անտառները և անտառային հողերը 1993 թվականի անտառների պետական վերջին հաշվառման արդյունքներով կազմում են երկրի տարածքի շուրջ 11.2 %-ը՝ 460 հազ. հեկտար, որից 334.1 հազ. հեկտարն անտառածածկ տարածքներ են:
Համեմատության համար նշենք, որ Վրաստանում անտառները կազմում են երկրի ընդհանուր տարածքի 40 տոկոսը, իսկ Ադրբեջանում՝ 11.8 տոկոսը:
Հայաստանում անտառները կենտրոնացած են հիմնականում երեք մարզում՝ Տավուշում, Կոտայքում և Սյունիքում:
Վերջին տարիներին նոր հաշվառում չի կատարվել, այդ պատճառով հնարավոր չէ պարզել հանրապետությունում անտառների իրական քանակը:
Ծառահատումների վիճակագրությունը
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ վերջին 5 տարում փայտանյութի ամենամեծ քանակի մթերումները կատարվել են 2018 և 2020 թվականերին՝ հասնելով, համապատասխանաբար, 43 հազար և գրեթե 48 հազար խորանարդ մետրի:
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ հիմնականում օրինական հատումներն իրականացվել են անտառների խնամքի կամ սանիտարական նպատակներով, սակայն միայն 2020 թվականին անտառները հատվել են մեծամասամբ այլ պատճառներով: Կոմիտեն չի հստակեցնում, թե որոնք են դրանք:
Որպես անտառների նոսրացման և անտառածածկ տարածքների նվազման գլխավոր պատճառ նշվում են անօրինական ծառահատումները:
Հատկանշական է, որ 2016 թվականից ի վեր ռեկորդային քանակի ծառահատում է բացահայտվել 2017 թվականին՝ 30,720 հատ, իսկ հաջորդ տարիներին դրանց թիվը նվազել է: Արդյունքում 2018 և 2020 թվականներին Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է մոտ 13 հազար ծառի հատում, իսկ 2019-ին՝ 7228:
Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ վերջին տարիներին ակտիվացել են անտառավերականգնման և անտառատնկման աշխատանքները: Ամենամեծ աշխատանքները կատարվել են 2019 թվականին՝ հասնելով 2747 հեկտարի:
Միաժամանակ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը FIP.am-ին հայտնում է, որ անտառտնտեսության մասնաճյուղերում վերջին 5 տարիների ընթացքում տնկվել է 493.5 հա անտառ:
2021 թ. տվյալները ներկայացված են հոկտեմբերի 31-ի դրությամբ
Հրդեհներ
Վերջին տարիներին Հայաստանի անտառները մեծ վնասներ են կրել նաև հրդեհներից:
Թերևս, ամենամեծը 2017 թվականին բռնկված հրդեհն էր Խոսրովի անտառ պետական արգելոցում: Բնապահպանության նախարարությունից մեզ հայտնեցին, որ մինչև այժմ այս հրդեհի պատճառներն անհայտ են: Ըստ գերատեսչության՝ դրա հետևանքով այրվել են գիհու և լայնատերև ծառատեսակներ: Վերջիններս արդեն վերականգնվել են, իսկ գիհի ծառատեսակի ինքնավերականգնման համար երկար ժամանակ է պահանջվում:
2021 թվականի օգոստոսի 3-ին Հայաստանի հարավում գտնվող Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 17 հա տարածք, որից, 4.5 հա-ն գտնվել է «Արևիկ» ազգային պարկում:
Այս դեպքից 1 ամիս անց կրկին հրդեհ է բռնկվել «Արևիկ» ազգային պարկում, որի հետևանքով այրվել է 713հա տարածք: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն: Նշանակվել է փորձաքննություն:
Ինչ են ասում բնապահպանները
2017 թվականից Տավուշում՝ «Դիլիջան» ազգային պարկում և հարակից տարածքներում անտառների պահպանության գործին կամավոր միացել են նաև «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները: Նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց դիտարկմամբ՝ վերջին տարիներին ավելի շատ ծառ է կտրվել, քան 2018 թ. հեղափոխությունից առաջ: Ըստ նրա՝ ապօրինի ծառահատումների թիվը նվազել է, որովհետև դրանք օրինականացվել են: «Մենք մեր աչքով տեսնում ենք, որ շրջակա տարածքի ծառագողերը օրինական հատատեղիներ ունեն: Նախկինում, երբ ծառահատումը անօրինական էր, դա ստիպում էր քիչ կտրել, թաքուն անել: Հիմա դա անում են օրինական՝ առանց վախենալու և թույլատրված քանակից ավելի շատ: Չկա մասնագիտական վերահսկողություն: Տարիներով Դիլիջան-Վանաձոր ճանապարհի անտառներին չեն դիպչել: 100 տարի էնտեղ ծառ չի կտրվել, հատատեղի չի եղել: Հիմա ամեն 200-300 մետր հեռավորության վրա ծառ է կտրվում: Անունը դրել են սանիտարական հատում, իբր մասնագիտական մոտեցում են ցույց տալիս»,- ասում է նա:
Հովհաննիսյանը նշում է, որ վերջին տարիներին «Դիլիջան» ազգային պարկի մի քանի տնօրինություն է փոխվել, մի մասը՝ նաև ակտիվիստների ջանքերի միջոցով: Վերջերս նույնպես տնօրինություն է փոխվել, ու ստեղծված խառնաշփոթի ընթացքում անվերահսկելի են դարձել ծառահատումները:
«Վիճակը կատաստրոֆիկ վատ է, մի պահ լավ էր, բայց կարճ տևեց: Պաշտոնական տեղափոխությունների, նշանակումների ու նախկին ծառագող պաշտոնյաներին աշխատանքից հանելու հետևանքով վերջիններս արդեն լիովին անցել են անտառից մուռ հանելուն ու անտառին վնաս տալուն։ Դրանցից մեկի տարածքում 150-ից ավել ծառ է կտրվել, ու քանի դա կատարվում էր, ոչ մեկ չնկատեց: Վիճակը ավելի սարսափելի է Իջևանի անտառտնտեսության տարածքում։ Մի քանի այցելությունների արդյունքում պարզ դարձավ, որ կատարյալ անտերություն է շատ անտառներում»,- ասում է բնապահպանը՝ ընդգծելով, որ ծառահատողները հիմնականում չեն պատժվում:
Հովհաննիսյանը համոզված է, որ Հայաստանում անտառածածկ տարածքը շատ ավելի քիչ է, քան պաշտոնապես գրանցված է. «Այն հատվածներում, որտեղ մեր քարտեզի վրա կանաչ է նշված, վաղուց անտառ չկա: Շուտով էդտեղ անտառներ չեն համարվի մասնագետների կողմից, քանի որ մեծ մասը բացատներ են դարձել: Այն անտառածածկ տարածքները, որոնք ես 2016 թվականին տեսել էի, վաղուց արդեն չկան: Ներկայումս անտառները կազմում են Հայաստանի տարածքի 7-8 տոկոսը լավագույն դեպքում»:
Անտառների կայուն կառավարման փորձագետ Արեգ Կարապետյանը FIP.am-ի զրույցում հաստատեց, որ անտառները զգալիորեն կրճատվել են, սակայն պարզ չէ, թե որքան: Միաժամանակ, նա ընդգծեց, որ բացի պարզապես նվազելուց, անտառների ոչ կայուն կառավարման պատճառով անկում է ապրել նաև դրանց որակը. «Անտառները կորցրել են իրենց ֆունկցիոնալությունը, ինքնավերականգնման ունակությունը, որը տարիների ընթացքում մեծ հետք է թողնելու անտառածածկ տարածքների ընդհանուր մակերեսի վրա: Սրա պատճառը ոչ կայուն անտառակառավարումն է, այսինքն՝ անտառային ռեսուրսները օգտագործվում են իրենց վերականգնման ունակությանը ոչ համարժեք»:
Կարապետյանի խոսքով՝ անտառների ոլորտում վերջին տարիներին ռադիկալ քայլեր չեն արվել վիճակը շտկելու համար, այնինչ պահանջվում են համալիր լուծումներ: Ծառամթերքի մեծ մասը օգտագործվում է որպես վառելափայտ, իսկ գյուղերում որպես դրան այլընտրանք էժան վառելանյութ չկա. «Արմատական փոփոխություն չի արվել ու չկա նաև այսօր: Դա փաստ է: Իսկ առանց ռադիկալ քայլերի այս ոլորտը հնարավոր չէ ուշքի բերել: Որքան էլ մենք չարչարվենք, որքան էլ անգամ մի ծառի կողքին պահակ կանգնի, եթե լուծված չէ վառելափայտի ու ջեռուցման խնդիրը, եթե լուծված չէ աշխատատեղերի խնդիրը, մարդկանց գրագիտության, կրթվածության ու տեղեկացվածության խնդիրը, անտառները շարունակելու են մնալ խոցելի և այդ խնդիրներից առաջին տուժող ռեսուրսը»:
Կարապետյանը նշեց, որ Հայաստանում անտառներն ունեն շատ ավելի մեծ կարևորություն, քան հարթավայրային երկրներում, քանի որ հողապաշտպան են և ջրակարգավորիչ են: Բացի այդ, կենսաբազմազանության լուրջ օջախներ են:
«Ու այս ամեն ինչը չի գնահատվում և մսխվում է ընդամենը սուրճ տաքացնելու համար: Սա ցավալի է, բայց ինքս եմ բազմիցս ականատես եղել, երբ նման կենցաղային նպատակների համար այրել են 100-ամյա ծառը: Սա, մեղմ ասած, անգրագիտության նշան է, որ մենք ազգովի, ցավոք, չենք գնահատում այդ ռեսուրսը»,- նշեց Կարապետյանը:
Նա հավելեց, որ առաջին հերթին պետք է պահպանել եղած անտառները, ապա ծրագրել նոր ծառերի տնկում. «Իհարկե, անտառապատումը, անտառավերականգնումը լավ է, կարևոր է: Սակայն առաջնահերթ պետք է լուծել առկա անտառների պահպանության հարցը: Նախքան մտածելը ավելացնելու մասին, պետք է լուծել առկա անտառային էկոհամակարգերի պահպանության հարցը, հետո՝ դեգրադացված անտառների վերականգնման հարցը, հետո նոր՝ խոսել անտառապատումից»:
Այսպիսով, չնայած կառավարության պնդումներին, որ Հայաստանում անտառների պահպանությունը առաջնահերթություն է, Հայաստանում շարունակում է նվազել ոչ միայն անտառների քանակը, այլև դրանց որակը: Թեև վերջին տարիներին աճել են անտառավերականգնմանն ու անտառապահպանմանն ուղղված աշխատանքները, սակայն դրան զուգընթաց՝ շարունակվում են ապօրինի ծառահատումները: Ավելին՝ աճել են նաև օրինական ծառահատումները:
Լուսինե Ոսկանյան
Փաստերի ստուգման այս հոդվածը ստեղծվել է «Մեծահասակների հզորացում մեդիագրագիտությամբ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը և Հանրային լրագրության ակումբը Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։