Շաբաթվա ընթացքում մեդիայի ակտիվ քննարկման առարկա դարձավ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառումը, որով նա ուշադրություն էր հրավիրում Հայաստանից արտահանվող մածունի մակնշման խնդրի վրա։
Ըստ Բագրատյանի, «Մարիաննա» ընկերության՝ Ռուսաստանում վաճառվող արտադրանքի վրա հայերենով և ռուսերենով գրված է «Հայկական սարի յոգուրտ», քանի որ «մածուն» անվանման օգտագործումը Վրաստանն արգելել է։
Ավելի ուշ «Արմենպրես» լրատվական գործակալությունը հրապարակեց խնդրի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը․ ««Մացոնի» անվանումը գրանցված է Վրաստանում որպես աշխարհագրական նշում։ Պետությունը կաթնամթերք արտադրող տնտեսավարողներին տեղեկացրել է, որ «մածուն» անվանումը շփոթելու աստիճան նման է Վրաստանում գրանցված «մացոնի» անվանմանը և կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով նման անվանմամբ արտադրանք արտահանելիս»։
Արգելքի վերաբերյալ լուրը տարածեցին նաև մի շարք վրացական լրատվամիջոցներ։ Ավելի ուշ «Ալիք մեդիա» կայքը գրեց, որ վրացական իշխանամետ TV Imedi հեռուստաալիքի եթերում թեմայի վերաբերյալ անդրադարձի ժամանակ, մեկնաբանների հետևի կադրում երևացող շշերի վրա վրացերենով գրված է եղել «մածուն», իսկ վերևի հատվածում հայատառ գրված է եղել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Վրաստանում ՀՀ դեսպանության միջամտությունից հետո հեռուստաընկերության լրատվական ծառայությունը ներողություն խնդրեց՝ համարելով, որ տեխնիկական սխալ է տեղի ունեցել։
Վրաստանում «մացոնի»-ն որպես աշխարհագրական նշում գրանցված է դեռևս 2012-ից, հայկական կողմը առարկություններ է ներկայացրել Եվրոմիության և Վրաստանի համապատասխան մարմիններ՝ հիմնավորելով, որ անվանումը նման է Հայաստանում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը և կարող է շփոթություն առաջացնել, սակայն հայկական կողմի առարկությունները, փաստորեն, հաշվի չեն առնվել։
FIP.am-ը, սակայն, պարզեց, որ Վրաստանում «մացոնի», «մածուն» կամ նմանատիպ անվամբ որևէ բնակավայր, աշխարհագրական օբյեկտ գոյություն չունի։
Աշխարհագրական նշման հետ կապված հակասությունը հասկանալու համար զրուցեցինք Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանի հետ։ Նրա խոսքով՝ Վրաստանի Հանրապետության օրենքը թույլ է տալիս գրանցել ցանկացած նիշ, որը ծագել է տվյալ տարածքից։
«Վրաստանի Հանրապետության ապրանքների ծագման և աշխարհագրական նշումների մասին օրենքը թույլ է տալիս գրանցել ոչ միայն տեղանքների անվանումները, այլ նաև ցանկացած նիշ, որը ծագել է տվյալ տարածքից», — ասաց Գայանե Անտոնյանը։
Անտոնյանը նշում է, որ նման կարգավորումներ գործում են շատ քիչ երկրներում, իսկ Հայաստանի Հանրապետության «Մտավոր սեփականության մասին» օրենքը մշակվել է ԵՄ փորձագետների հետ և համապատասխանում է եվրոպական դիրեկտիվներին։
«Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենքում, որը հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին՝ իր անունով գրանցելու աշխարհագրական նշումներ՝ ի տարբերություն այժմ գործող կարգավորման, համաձայն որի, միայն արտադրողները կարող են գրանցել աշխարհագրական նշումներ», — ասաց Գայանե Անտոնյանը։
Մածունի արմատների մասին
Ընդհանրապես, ազգային կամ տարածաշրջանային խոհանոցներում գործածվող տարատեսակ ճաշատեսակները հաճախ են դառնում հարևանությամբ ապրող ժողովուրդների միջև բուռն վեճերի առարկա՝ երբեմն լարվածություն ստեղծելով բարեկամական հարաբերություններում կամ լարվածության նոր «ճակատ» բացելով արդեն լարված հարաբերություններում։ Մեզանում դրա ամենահայտնի օրինակը, թերեւս, տոլմայի շուրջ հայերի և ադրբեջանցիների վեճն է։ Սակայն մեր տարածաշրջանն ամենևին էլ միակը չէ, որ առանձնանում է «խոհանոցային պատերազմներով»։ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և այլուր տարբեր ժողովուրդներ հաճախ չեն կարողանում «կիսել» այս կամ այն ճաշատեսակը կամ խմիչքը։
Ինչ վերաբերում է մածունին, ապա, առնվազն բառը, ըստ հեղինակավոր լեզվաբանների, բնիկ հայերեն ծագում ունի։
Ըստ Հրաչյա Աճառյանի Հայերեն արմատական բառարանի, բառը ծագել է հնդեվրոպական արմատից։ Ուշագրավ է, որ մեր «մածուցիկ» մածունին ստուգաբանորեն ազգակից են ռուսերեն мазь (քսուք, սպեղանի), масло (յուղ, կարագ), գերմաներեն machen (անել, պատրաստել), անգլերեն make (անել, շինել) և շատ այլ հնդեվրոպական լեզուների շատ այլ բառեր։ Նշենք, որ վրացերենը չի պատկանում հնդեվրոպական լեզուներին, այդուհանդերձ, հնդեվրոպական հայերենն ու քարթվելական լեզվաընտանիքին պատկանող վրացերենը մեկը մյուսից մի շարք բառեր են փոխառել։
Բնականաբար, սննդամթերք նշող բառի ստուգաբանությունը չի կարող ինքնաբերաբար ենթադրել սննդամթերքի, տվյալ դեպքում՝ մածունի միջազգային նշանակություն ունեցող գրանցում որպես հայկական, սակայն կարող է որպես լրացուցիչ փաստարկ հանդիսանալ։
Ամեն դեպքում, Էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում են, որ օրենսդրական փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել Հայաստանում՝ որպես աշխարհագրական նշում, ինչպես դա արել է Վրաստանը «մացոնի» արտադրանքի անվան դեպքում։
Այս պարագայում, այդուհանդերձ, խնդիր կարող է առաջանալ Վրաստանի ցամաքային տարածքով «մածուն» գրությամբ կաթնամթերքն արտահանելու դեպքում։ Օրինակ՝ ինքնաթիռով Ռուսաստան արտահանելու դեպքում Վրաստանը չի կարող արգելել անվանման կիրառությունը։
Շուշան Ստեփանյան