Փետրվարի 25-ի երեկոյան հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, թե իբր Ռուսաստանը հեռացվել է Եվրոպայի խորհրդից՝ Ուկրաինայի դեմ նախաձեռնած ռազմական գործողությունների պատճառով։
Համապատասխան վերնագրերով ու բովանդակությամբ լուր տարածեցին, մասնավորապես, «Արմենպրեսը», Ա1+-ը, Lragir.am-ը, Factor.am-ը, «Պանարմենիանի» ֆեյսբուքյան էջը և այլք։ Դրանցից մի քանիսը որոշ ժամանակ անց համապատասխան խմբագրում արեցին, սակայն ի սկզբանե տարածել էին չճշտված տեղեկությունը։
Իրականում, սակայն, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, ԵԽ կանոնադրության համաձայն, որոշել է կասեցնել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչական իրավունքը Նախարարների խորհրդում և Խորհրդարանական վեհաժողովում։ Որոշումն ընդունվել է Ուկրաինայի դեմ ՌԴ հարձակման հետևանքով և ուժի մեջ է մտել անմիջապես ընդունումից հետո։
ԵԽ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունը հստակ նշում է, որ այսօր ընդունված որոշումը նշանակում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ԵԽ անդամ և Եվրոպայի խորհրդի համապատասխան կոնվենցիաների, ներառյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից։
Ընդ որում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Ռուսաստանից ընտրված դատավորը շարունակում է մնալ Դատարանի անդամ, ՌԴ-ից ներկայացված դատական հայցերը կշարունակվեն քննվել, և Դատարանը դրանց վերաբերյալ վճիռներ կկայացնի։
«Կասեցումը վերջնական ակտ չէ, այլ ժամանակավոր, որը հաղորդակցության խողովակները բաց է թողում»,- ասվում է ԵԽ պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։
Հակոբ Կարապետյան