«Արարատ» հեռուստաընկերությունը և որոշ ռուսալեզու լրատվամիջոցներ, վերջին ամսում արշավ են սկսել Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների դեմ: Եթերում և մամուլում տարածվող մի շարք ապատեղեկատվությունների շնորհիվ այս ԶԼՄ-ները փորձում են վարկաբեկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող և կոռուպցիայի դեմ պայքարող ՀԿ-ները: Այս նպատակով իշխանամետ և ռուսամետ ուղղվածություն ունեցող լրատվամիջոցները օգտագործում են «Հանուն ինքնիշխանության վերականգնման» կազմակերպության համակարգողներին:
«Արարատը» «Հետհաշվարկի» եթերում սեպտեմբերին երկու հաղորդում է հեռարձակել՝ անդրադառնալով Հայաստանում գործող ՀԿ-ներին, երկուսն էլ վերոհիշյալ շարժման համակարգողների մասնակացությամբ: Հատկանշական է հենց այս կազմակերպության անդամների ընտրությունը: Կազմակերպությունը հայտնի է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը միտված իր քարոզչությամբ և Հայաստանում «կենսաբանական զենքի լաբորատորիաների» մասին ապատեղեկատվության ամենաակտիվ տարածողներից մեկն էր:
«Հետհաշվարկի» սեպտեմբերի 7-ի թողարկմանը հյուրընկալվել է վերոհիշյալ կազմակերպության համակարգող Հայկ Նահապետյանը: Վերջինս 30 րոպե տևողությամբ հաղորդման մեջ մի շարք հայտարարություններ է արել, որոնք կարող են ապակողմնորոշել հեռուստադիտողին:
Նահապետյանը ներկայցրել է մի շարք հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրները և որոշ թվային տվյալներ՝ առանց մասնավորեցնելու, թե ինչ ժամանակահատվածում են այդ կազմակերպությունները ստացել այդ գումարները և ինչ գործունեություն ծավալելու նպատակով:
Անդրադառնալով ՀԿ-ներին՝ շարժման համակարգողը հայտարարում է, թե «Կանանց ռեսուրսների կենտրոն» կազմակերպությունը նախորդ տարի հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանության նկատմամբ բռնության կոչեր է արել՝ օգտագործելով սոցիալական մեդիան: Նահապետյանի խոսքով՝ այս կազմակերպությունը 2016-ի հուլիսին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանական գնդի գրավումից հետո, «այնպես, ինչպես բոլոր երկրներում, որտեղ գունավոր հեղափոխություններով տեղի են ունեցել հեղաշրջումներ» ոստիկանության դեմ գործողությունների կոչ է արել։ Մինչդեռ, «Կանանց ռեսուրսների կենտրոնի» Ֆեյսբուք սոցիալական կայքի էջում 2016-ի հուլիսյան դեպքերի օրերից դրանց վերաբերյալ երկու գրառում կա: Գրառումներում փորձ է արված իրազեկել և աջակցություն ցուցաբերել տուժած քաղաքացիներին, և ինչպես Նահապետյանն է պնդում՝ ոստիկանության դեմ գործելու որևէ կոչ չկա:
Վերլուծաբանը, խոսելով ՀԿ-ների ֆինանսավորման աղբյուրեների մասին, հայտարարում է, թե «նա, ով ֆինանասավորում է՝ նա էլ երաժշտությունը պատվիրում է»: Սակայն, այդպես էլ չի ներկայացնում, թե ով է իր «երաժշտության» պատվիրատուն:
Նույն թեմայով քննարկումը շարունակվել է նաև այս հաղորդումից երկու շաբաթ անց հեռարձակված մեկ այլ թողարկման մեջ, որին հյուրընկալվել է նույն շարժման մեկ այլ համակարգող՝ Հայկ Այվազյանը:
Հեռուստաընկերության ներկայացրած հաղորդումներում հարցազրույցների միջոցով որպես հիմնական եզրահանգում ՀԿ-ների նկատմամբ վարվող քաղաքականության խստացումն է:
Հատկանշական է, որ «Արարատ» հեռուստաընկերությունը, որն ակտիվ կերպով զբաղված է քաղաքացիական հասարակության վարկաբեկմամբ, տեղակայված է Մելիք-Ադամյան 2 հասցեում՝ Հանրապետական կուսակցության գրասենյակում: