Լուսանկարը՝ Zurab Tsertsvadze/AP Photo |
Թբիլիսիում երկօրյա ցույցերից հետո կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը մարտի 9-ին հայտարարել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ կանչելու որոշման մասին:
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության էր արժանացրել օրինագիծը, ինչից հետո Թբիլիսիում սկսվել էին զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվել էին ցուցարարների ձերբակալություններով, ոստիկանների և բողոքի մասնակիցների շրջանում վիրավորներով: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Այս իրադարձությունները լրատվամիջոցների գլխավոր թեման էին դարձել ոչ միայն Վրաստանում, այլև միջազգային, այդ թվում՝ հայաստանյան լրահոսում:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե Հայաստանում գործող կամ հայալեզու «արևմտամետ» և «ռուսամետ» ընկալում ունեցող լրատվամիջոցներն ինչպես են լուսաբանել Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները:
Համատեքստ. ինչ է տեղի ունեցել Վրաստանում
Արդեն հետ կանչված օրինագծի համաձայն՝ քաղաքացիական հասարակության այն խմբերը և մեդիա կազմակերպությունները, որոնք իրենց միջոցների առնվազն 20 տոկոսը ստանում են արտերկրից, պետք է գրանցվեն որպես օտարերկրյա ազդեցության գործակալներ և մշտադիտարկման ենթարկվեն երկրի արդարադատության նախարարության կողմից: Օրինագծի կետերին չենթարկվելու դեպքում սպասվում էին տուգանքներ և ազատազրկումներ:
Օրինագծի ընդդիմախոսներն այն անվանում են «ռուսական օրենք»՝ համարելով, որ այն նման է 2012-ից Ռուսաստանում գործող օրենքին, որն օգտագործվել է քաղաքացիական հասարակությունը ճնշելու և կառավարության քննադատությունը նվազեցնելու համար: Քննարկվում էր նաև մեկ այլ նմանատիպ օրինագիծ, որի նախատիպը համարվում է ամերիկյան օրենքը, սակայն այդ նախագիծը չհասավ վրացական խորհրդարան:
Հատկանշական է, որ արևմտյան երկրները և կազմակերպությունները խստորեն քննադատել են օրինագծի շրջանառությունը: Մասնավորապես, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել է. օրինագիծն անհամատեղելի է Եվրամիության արժեքների և չափանիշների հետ։ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն իր հերթին հայտարարել է, որ նման օրենքի ընդունումը կվնասի ռազմավարական գործընկերների հետ Վրաստանի հարաբերություններին: «Այս գործընթացը հարցեր է առաջացնում իշխող կուսակցության՝ եվրաատլանտյան ինտեգրման իրական հանձնառության վերաբերյալ»,- նշվել է հայտարարությունում:
Նշենք, որ Վրաստանի սահմանադրության համաձայն՝ սահմանադրական մարմիններն իրենց իրավասությունների շրջանակում պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները Եվրամիություն և ՆԱՏՕ Վրաստանի լիարժեք ինտեգրումն ապահովելու համար:
Թբիլիսյան իրադարձությունները՝ հայկական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում
«Ռուսամետ» լրատվամիջոցների տեսակետը
Ռուսամետ ընկալվող հայաստանյան լրատվամիջոցները վրացական իրադարձությունները հիմնականում ներկայացրել են Ռուսաստան-Արևմուտք առճակատման համատեքստում:
Այս շարքում ամենից կոշտ և միանշանակ ձևակերպումներով է հանդես եկել «Իրավունք» թերթի առցանց տարբերակը: Մասնավորապես, կայքը պնդել է, որ Վրաստանում ընթանում է դասական «գունավոր հեղաշրջման» սցենար: «Թբիլիսիում վերսկսված հանրահավաքներում տեսանելի էին ոչ միայն ԱՄՆ-ի և ԵՄ-ի դրոշները, այլ նաև առաջին պլան մղվեց ուկրաինականը։ Ավելին, բողոքի ցույցերին հնչել է նաև Ուկրաինայի հիմնը։ Այս ամենը ևս հաստատում է, որ իրականում Վրաստանում ընթանում է դասական «գունավոր հեղաշրջման» սցենար, ինչպես նաև, որ դրան հաջորդելու է երկրի ներքաշումը ուկրաինական պատերազմ»:
Տարբեր հոդվածներում տարվում է գիծ, որ «հեղափոխությունը» իրականացնում են ամերիկացիները (հոդված 1, հոդված 2, հոդված 3):
«Բանը հասել է ընդհուպ նրան, որ Վրաստանին սպառնում են պատժամիջոցներով, եթե իշխանությունները հանկարծ փորձեն «հեղափոխականների» դեմն առնել»,- նշվել է հոդվածներից մեկում:
Հիմնականում շեշտադրումը կատարվում է բողոքի ակցիաների ոչ խաղաղ լինելու վրա: Մասնակիցներն անվանվում են «Սահակաշվիլիի կողմնակիցներ»:
«5-րդ ալիքը» հարաբերականորեն ավելի չեզոք ձևակերպումներով է ներկայացրել իրադարձությունները: Թեպետ հեռուստաընկերության կայքը վերահրապարակել է, մասնավորապես, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումն այն մասին, որ Վրաստանի իշխանությունները, ի տարբերություն Հայաստանի, չեն ուզում, որ Վրաստանը դառնա Արևմուտք–Ռուսաստան բախման թատերաբեմ՝ երկրորդ Ուկրաինա: «Մինչև այժմ Վրաստանին հաջողվել էր չհայտնվել աշխարհաքաղաքական բախման կիզակետում։ Հետաքրքիր է՝ 2008-ի դասերը մինչև վերջ սերտե՞լ է վրաց ժողովուրդը, թե՞ ոչ։ Հայաստանի վատ օրինակը բոլորի աչքի առաջ է»,- գրել է Թևանյանը:
«5-րդ ալիքը» հրապարակել է նաև թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը, որով վերջինս պնդում է, որ Վրաստանում կատարվողը պետք է ոչ թե առաջացնի ցնծություն կամ ոգևորություն, այլ հակառակը՝ խորը մտահոգություն: Ըստ նրա՝ եթե իրավիճակը սրվեց կամ, ավելի վատ, եթե իշխանափոխություն եղավ, որի արդյունքում Վրաստանը գրեթե անխուսափելիորեն կվերածվի Ռուսաստանի դեմ պատերազմի նոր ճակատի, ապա շատ մեծ հավանականությամբ կփակվի Վերին Լարսը։ Գեղամյանի խոսքով՝ վրաց ցուցարարների հայաստանցի աջակիցները «նույն մարդիկ են, ովքեր կողմ են Հայաստանի նոր կապիտուլյացիային Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»:
168.am լրատվական կայքը նույնպես տարածել է Գեղամյանի այս գրառումը՝ առանց լրացուցիչ մեկնաբանության և համատեքստի: Այլ հրապարակումներում կայքը զերծ է մնացել մեկնաբանություններից, օրինագծերը ներկայացվում են որպես վրացական և ամերիկյան: Ներկայացվում է Վրաստանի իշխանությունների տեսակետը, որ օրինագիծն առնչություն չունի ռուսական համանման օրենքի հետ:
Ռուսական պետական «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը Թբիլիսիում իրավիճակը լուսաբանելիս գրեթե չի անդրադարձել այն հանգամանքին, որ համանման օրենք 2012 թ.-ից գործում է ՌԴ-ում, ինչն էլ դարձել է ցուցարարների դժգոհության գլխավոր դրդապատճառը: Օրինագծերը ներկայացվում են որպես «վրացական» և «ամերիկյան»:
Չնյարդայնացնել Մոսկվային. «Արևմտամետ» մեդիայի լուսաբանումը
1in.am-ն անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ոչ միայն տեղեկատվական հոդվածներով, այլև բացատրական նյութերով և հարցազրույցներով՝ օրինագծի ընդգծված քննադատությամբ:
ՌԴ-ում Վրաստանի նախկին դեսպան (2004-05 թթ.) Վալերի Չեչելաշվիլին մարտի 8-ին լրատվամիջոցին տված հարցազրույցում խստորեն քննադատել է օրինագծի քննարկումը: Ըստ նրա՝ Վրաստանի իշխանությունները վաղուց Մոսկվային չնյարդայնացնելու քաղաքականություն են վարում և նրանց բոլոր գործողությունները հակասում են Վրաստանի սահմանադրությանը, ըստ որի՝ երկիրը պետք է անշեղորեն գնա եվրաինտեգրման ճանապարհով:
Մեկ այլ հարցազրույց էլ լրատվամիջոցն արել է իր աշխարհաքաղաքական որոշակի դիրքորոշմամբ հայտնի քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ: «Վրաստանը ներքին պահանջ ունի շարժվել դեպի եվրաինտեգրում: Եվ մարդիկ, սովորական մարդիկ ուզում են արդյունավետ քաղաքականություն տեսնել, թե ինչպես է Վրաստանն ավելի ու ավելի մոտենում եվրոպական համակարգին»: Սակայն ըստ Ղուկասյանի, ներկայիս վրաց իշխանությունը, որը համագործակցում է Ռուսաստանի հետ տարբեր հարցերում, չի գոհացնում ո՛չ ժողովրդին, ո՛չ Արևմուտքին:
Ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայությունն իրադարձությունները լուսաբանել է հիմնականում զուտ լրատվական ժանրում՝ առանց ակնառու վերլուծությունների: Ներկայացվել է թե՛ օրինագծի հեղինակ Վրաստանի կառավարության տեսակետը, թե՛ ցուցարարների դիրքորոշումը: Շեշտվել են ոստիկանների ագրեսիվ գործողությունները ցուցարարների նկատմամբ: Բացի այդ, ընդգծվել է, որ նրանք պայքարում են «ռուսական» օրենքի դեմ, որը պարտադրվում է ՌԴ կողմից:
Factor.am-ը Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները տարբեր հարցազրույցների և տեղեկատվական նյութերի միջոցով ներկայացրել է որպես ժողովրդավարության հետընթաց՝ հղում անելով արևմտյան պաշտոնյաներին և իրավապաշտպան կազմակերպություններին: Սամցխե-Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը Factor TV-ին տված հարցազրույցում նշել է, որ հիմնականում կասկած կա, որ այդ օրինագիծն ի հայտ եկավ, որ ԵՄ-ն մերժի Վրաստանին, և երկրորդ կասկածն այն է, որ դա արվել է Ռուսաստանի կողմից։ «Ռուսաստանի նպատակը դա է՝ որ խեղդելով Վրաստանը, Հայաստանի հարցն էլ վերջնականապես լուծի»,- հավելել է նա:
Lragir.am-ն ակտիվորեն չի լուսաբանել Վրաստանի ցույցերը և բավարարվել է հիմնական իրադարձությունները ներկայացնելով: Բացառություն է թերևս Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Սամվել Ասլիկյանի հոդվածը, որտեղ նա նշում է, որ Արևմուտքի համար Վրաստանը և Հայաստանը ունեն արժեք միասնական և դեկոլոնիզացիայի (ապագաղութացման-խմբ.) դրոշը ծածանող` «Հյուսիս-հարավ» աշխարհաքաղաքական, տրանսպորտային առանցքի համատեքստում:
Այլ լրատվամիջոցներ
«Արմենպրես» պետական գործակալությունը Վրաստանյան իրադարձությունները լուսաբանելիս օգտվել է գլխավորապես ռուսաստանյան աղբյուրներից («ՏԱՍՍ», «Ինտերֆաքս», «Սպուտնիկ»):
«Առավոտի» առցանց տարբերակը լրատվական հրապարակումներում հղում է արել միջազգային տարբեր հեղինակավոր աղբյուրների՝ իրադարձությունները ներկայացնելով թե՛ իշխանությունների, թե՛ ցուցարարների տեսանկյունից: Կայքում թեմայով առանձնանում է գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խմբագրականը: «Երկու գիշատիչ կռվում են Վրաստանի համար» հոդվածում Աբրահամյանը նշել է, որ երկու կայսրություններ կռվում են այս տարածաշրջանի, այդ թվում՝ Վրաստանի համար. «Ռուսաստանն, այո, շահագրգռված է, որ իշխանության մնա իրեն քիչ թե շատ լոյալ կառավարություն, որը չի միանա իր հանդեպ Արեւմուտքի ձեռնարկած պատժամիջոցներին: «Արտասահմանյան գործակալների մասին» օրենքը, այո, թիրախավորում է վրաստանյան, պայմանականորեն ասած, «սորոսականներին», որոնք կարող են հնարավոր իշխանափոխության շարժիչ ուժը դառնալ: Բայց այնպես չէ, որ Արեւմուտքի ուշքը գնում է ժողովրդավարության համար»:
Աբրահամյանը նույնպես դեպի Հայաստան ճանապարհների փակման վերաբերյալ թեզն է առաջ քաշել, ինչպես թուրքագետ Վարուժան Գեղամյանը. «…դժվար է հավատալ, թե Արեւմուտքին շատ է հուզում ժողովրդավարությունը Վրաստանում: Նրան պետք է, որ այդ երկիրը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Իսկ թե ինչ խնդիրների առաջ դա կկանգնեցնի Հայաստանին՝ նույնպես պետք չէ երկար բացատրել: Միայն այն, որ ռուս-վրացական սահմանը (այդ թվում՝ օդային) փակման վտանգի տակ կկանգնի՝ արդեն իսկ բավարար է պատկերացնելու համար»:
Tert.am-ը և News.am-ը թեման հիմնականում ներկայացրել են չեզոք տեսանկյունից՝ հղում անելով թե վրացական, թե միջազգային, թե ռուսական աղբյուրների: Tert.am-ը, մասնավորապես, վերահրապարակել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը, ըստ որի՝ Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցածը խորքային, լուրջ պատճառ ունի․ «Արժեքային և գաղափարական առճակատում է, ուր դիրքավորվել են ազգային պետականություն պաշտպանողները, երկրի իմունիտետի կորուստը կասեցնելու կողմնակիցները, ազգային շահերի և անվտանգության պաշտպանները, մյուս կողմում, ըստ էության, հակառակ թևն է՝ հակառակ մտածողությունը, գունավոր կամ Վարդերի հեղափոխության առաջամարտիկներն ու շահառուները»:
Այսպիսով, հայկական լրատվամիջոցների երկու խումբ որոշակի շեշտադրումներով է լուսաբանել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի պատճառով Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Ռուսամետ ընկալում ունեցող լրատվամիջոցները հիմնականում ընդգծում են, որ Արևմուտքը փորձում է երկրորդ Ուկրաինա դարձնել Վրաստանը և հեղաշրջում կատարել, իսկ արևմտամետ ընկալում ունեցող լրատվամիջոցները շեշտում են, որ օրինագիծը շրջանառության մեջ է դրվել Ռուսաստանի ճնշմամբ և միտված է Վրաստանի ժողովրդավարության հետընթացին:
Լուսինե Ոսկանյան