Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած լայնամասշտաբ պատերազմը դեռ ընթացքի մեջ է: Իրավիճակն անկանոն է ինչպես ռազմական գործողությունների ակտիվ գոտիներում, այդպես էլ տեղեկատվական դաշտում:
«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է հետևել պատերազմի շուրջ ծավալվող տեղեկատվական հոսքերին՝ քարոզչական թեզերին, մանիպուլյացիաներին և կեղծ լուրերին:
Այս անգամ մայիսի 1-8-ն ընկած ժամանակահատվածում մենք հետևել ենք Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդմանը, որը հեռարձակվում է գրեթե ամեն օր պետական «Россия» հեռուստաալիքով:
Փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկի մասին, որի նպատակը, ըստ Կրեմլի, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչների պաշտպանությունն էր, ինչպես նաև Ուկրաինայի «ապազգայնականացումը և ապառազմականացումը»: 70 օրից ավելի ձգվող պատերազմի ընթացքում ՌԴ զինված ուժերին հաջողվել է գրավել ուկրաինական Խերսոն քաղաքը և հրապարկման պահին՝ մեծամասամբ Մարիուպոլը․ երկու քաղաքներն էլ գտնվում են Ուկրաինայի արևելքում:
Համատեքստ. նախորդ շաբաթվա գլխավոր թեմաները
Նախորդ շաբաթ Սոլովյովի հաղորդման բոլոր թողարկումների գլխավոր թեման Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմի ավարտի և նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օրն էր:
Այդ տարեդարձի համատեքստում Սոլովյովը և հաղորդման հյուրերը քննարկում էին ռազմական գործողությունները Ուկրաինայում, Արևմուտքից Ուկրաինային զենքի մատակարարումը, հայտնի ռուսամետ ուկրաինացի բլոգեր և լրագրող Անատոլի Շարիի ձերբակալությունը (Ուկրաինայի իշխանությունը մեղադրում է նրան պետական դավաճանության մեջ), Սոլովյովի այցը Մարիուպոլ և այլն:
Շաբաթվա հիմնական քարոզչական թեզերը «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման մեջ
Սոլովյովը և հյուրերը ուկրաինական պատերազմը ներկայացնում են որպես Արևմուտքի և Ռուսաստանի միջև արժեքների բախում, որտեղ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան օգտագործում են Ուկրաինային որպես խամաճիկ՝ Ռուսաստանը թուլացնելու համար:
Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ տարած հաղթանակը ամբողջովին վերագրվում է Խորհրդային Ռուսաստանին, իսկ ինքը՝ Սոլովյովը, հայտարարում է, որ Արևմուտքը փորձում է հաղթանակը վերագրել ներկայիս՝ Զելենսկու Ուկրաինային, «այսինքն՝ ԱՄՆ-ն աջակցում է Բանդերայի ժառանգորդներին»: Սա ռուսաստանցի հաղորդավարը անվանում է դավաճանություն: Ըստ նրա, Արևմուտքի նպատակը Ռուսաստանին հաղթելն է, բայց հենց Արևմուտքի կայսրությունը պետք է փլուզվի։
Ակտիվորեն բոլոր թողարկումներում առաջ է տարվում այն գաղափարը, որ ուկրաինական բանակը աննախադեպ կորուստներ է կրում, և նրանց շարքերը լրացնում են օտարերկրացի վարձկանները: Հյուրերը, այդ թվում՝ ռեժիսոր Կարեն Շախնազարովը, պնդում են, որ Ռուսաստանը շատ մարդասիրաբար է գործում Ուկրաինայում, և կոչ են անում ՌԴ բարձրագույն իշխանություններին ավելի կոշտացնել դիրքորոշումը:
Հատկանշական է, որ Սոլովյովը մի քանի անգամ անդրադառնում է ռազմական օպերացիայի ձգձգվելուն: Նա անգամ պնդում է, որ ՌԴ-ին «ձեռնտու է, որ պատերազմը որոշ ժամանակ տևի, որովհետև ժամանակը զարմանալիորեն աշխատում է մեր օգտին»: Սա հնչում է որպես պատասխան արևմտյան լրատվամիջոցներին, որոնք պնդում են՝ Ռուսաստանը ձախողել է նախատեսած բլից-կրիգը Ուկրաինայում: Սոլովյովն անգամ հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Հարավսլավիան 78 օր շարունակ:
Առանձին հիշատակության է արժանի Ուկրաինայի նախագահի կերպարը, որ շրջանառվում է Սոլովյովի և հյուրերի խոսույթում: Վոլոդիմիր Զելենսկին ներկայացվում է որպես ոչ ադեկվատ և տգետ քաղաքական գործիչ, որը գաղափար չունի, թե ինչ է կատարվում իր շուրջը, գործում է որպես ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի խամաճիկ: Ավելին՝ անուղղակի և ուղղակի կերպով ակնարկ է արվում, թե նա իբր կախում ունի թմրադեղերից: Միայն Սոլովյովը 5 թողարկումների ընթացքում մոտ 10 անգամ հիշատակում է դրա մասին:
Նշենք, որ թմրադեղերից Զելենսկու կախվածության մասին թեզը շահարկվում է դեռ 2019 թվականից, երբ Ուկրաինայում ընթանում էր նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Այն շրջանառության մեջ էին դրել նրա գլխավոր մրցակից Պետրո Պորոշենկոյին սատարող ուժերը, իսկ հետագայում դա սկսեցին օգտագործել նաև կրեմլյան պաշտոնական քարոզիչները:
Հաղորդման ընթացքում հնչած կեղծ և մանիպուլյատիվ պնդումները
Ուկրաինայի համար «լենդ-լիզի» մասին օրենքը քննարկվել է պատերազմից առաջ
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Սենատից հետո՝ ապրիլի 28-ին, հավանություն տվեց Ուկրաինայի համար «լենդ-լիզի» օրինագծին, որի գլխավոր նպատակը Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու գործընթացի դյուրացումն է ճգնաժամի պահին:
Այս հարցը ակտիվորեն քննարկվում է բոլոր թողարկումների ընթացքում:
«Ինչ է նշանակում «լենդ-լիզի» մասին օրենքը, որը, ինչպես պարզվեց, սկսել են քննարկել հատուկ գործողությունից առաջ: Դա շատ հետաքրքիր է: Չէ՞ որ համաշխարհային պատերազմի ժամանակ «լենդ-լիզը» նախատեսված էր դաշնակիցների համար, ԱՄՆ-ի պաշտպանության համար, որը դե ֆակտո պատերազմի մեջ էր գտնվում Ճապոնիայի դեմ և միջնորդավորված՝ Գերմանիայի դեմ: «Լենդ-լիզը» վերաբերում էր նաև Բրիտանիային, ոչ միայն Ռուսաստանին ու ԽՍՀՄ-ին: Ստացվում է՝ մինչև հատուկ գործողության սկիզբը ԱՄՆ-ն գիտակցում էր, որ պատերազմի մեջ է մեզ հետ գտնվում: Ուղղակի վախենում է դա պաշտոնապես հայտարարել»,- մայիսի 1-ի հաղորդման ընթացքում ասում է Սոլովյովը:
ԱՄՆ-ն դեռ հունվարից չէր թաքցնում, որ պատրաստում է «լենդ-լիզի» մասին օրինագիծը: Թեև Ռուսաստանը սկսեց բուն ռազմական գործողությունները փետրվարի 24-ին, սակայն Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զինուժի կուտակման մասին արևմտյան լրատվամիջոցները հայտնում էին 2021 թ. վերջին, իսկ արդեն 2022 թ. հունվարին ներխուժման մեծ հավանականության մասին բարձր մակարդակով ահազանգում էին ամերիկյան ու արևմտյան այլ հետախուզական ծառայությունները:
Այս լուրերի ֆոնին ԱՄՆ սենատում դեռ հունվարի 19-ին առաջարկվել էր ընդունել «լենդ-լիզի» մասին օրենքը, որը կօգներ կարիքի դեպքում ավելի արագ կազմակերպել Ուկրաինային զենքի մատակարարումը: Օրինագիծը շրջանառության մեջ էր դրվել հրապարակային կերպով և դեռ այդ ժամանակ ակտիվորեն քննարկվել էր ռուսական լրատվամիջոցներում, հետևաբար՝ Սոլովյովը մանիպուլացնում է՝ ներկայացնելով, թե օրենքի ընդունումն անսպասելի էր:
Ռուսաստանը չէր փորձում գրավել Կիևը
Վլադիմիր Սոլովյովը հայտարարում է, որ անհիմն են Արևմուտքի կողմից տարածվող պնդումները, թե Ռուսաստանը փորձում էր գրավել Կիևը կամ այլ խոշոր քաղաքներ:
«Չեմ պատկերացնում, թե ոնց 40 հազար խմբավորմամբ հնարավոր կլիներ գրավել բազմամիլիոնանոց Կիևը, և նման խնդիր դրված չի եղել, գրոհի ոչ մի փորձ չի եղել: Խնդիր է եղել պահել 100 հազարանոց խումբը, որ չգնան դեպի արևելք: Նույն կերպ ոչ ոք չի փորձել գրավել Խարկովը, որը անգամ չի պաշարվել»,- նշում է նա:
Հաղորդավարն ընդգծում է՝ իրենք հասկանում են, թե մեծ քաղաքները ինչպես են գրավում: Նրա խոսով՝ իրենք դա տեսել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, ինչպես նաև Սիրիայում, Իրաքում ամերիկյան ուժերի գործողությունների ժամանակ, երբ արդյունքում քաղաքները հիմնահատակ վերանում են. «Հասկանալի է, որ նման բանի չէինք կարող գնալ ոչ մի պարագայում, որովհետև մեր վերաբերմունքը այլ է Ուկրաինայում ապրող մարդկանց հանդեպ»,- եզրակացնում է Սոլովյովը:
Ապացուցել, թե արդյո՞ք Մոսկվան նպատակ էր դրել գրավել կամ արգելափակել Կիևը կամ Խարկովը՝ հնարավոր չէ: Սակայն հայտնի է, որ առաջին օրվանից ակտիվ մարտեր են ընթացել քաղաքում և դրա մատույցներում: Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ երկար ժամանակ քաղաքում առկա էին ռուսական դիվերսիոն ուժեր:
Հենց Կիևի հարևան բնակավայրերում են Ռուսաստանի կողմից կատարվել հնարավոր ռազմական հանցագործությունները:
Ինչ վերաբերում է Ուկրաինայի բնակչությամբ երկրորդ քաղաքին՝ Խարկովին, որը գտնվում է երկրի արևելքում՝ Ռուսաստանի հետ սահմանին, ապա քաղաքի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար մարտեր ընթանում էին պատերազմի առաջին օրերից:
Սոլովյովի պնդումը, թե ի տարբերություն Իրաքում և Սիրիայում ամերիկացիների գործողությունների, ռուսական զորքերը չէին կատարի գործողություններ, որոնք կվնասեին քաղաքները, մանիպուլյատիվ է: Այն քաղաքները, որտեղ ընթացել են մարտեր, մասամբ կամ ամբողջությամբ ոչնչացված են: Օրինակ՝ Մարիուպոլը, որը գրեթե ամբողջությամբ վերահսկվում Ռուսաստանի զինված ուժերի կողմից, մեծամասամբ ոչնչացված է: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ապրիլի 21-ին հայտարարել է, որ քաղաքն ավերված է 98%-ով:
«Այնտեղ ամեն ինչ քանդված է՝ բոլոր շենքերի 95-98%-ը, այն ամենը, ինչ կա։ Մենք ձեզ հետ խոսում ենք դպրոցների, մանկապարտեզների, սովորական բնակելի թաղամասերի, գործարանների, ծովափի մասին»,-ասել է Զելենսկին։
Մեծ ավերածություններ են կրել նաև այլ մեծ և փոքր բնակավայրեր, այդ թվում՝ Խարկովը, Բուչան, Իրպենը և այլն:
Ինչպես են դիմավորում ռուսներին ուկրաինական քաղաքներում
Մայիսի 4-ի թողարկման ընթացքում ուկրաինացի հյուրը հայտնում է, որ մի հարցման արդյունքով՝ ուկրաինացիների 41 տոկոսը Ռուսաստանի քաղաքական ռեժիմը համարում է բռնատիրություն, 10 տոկոսը՝ նացիստական:
Սոլովյովը պնդում է, որ չի հավատում այդ հարցմանը, և հակադարձում է. «Մեզ այնպես են դիմավորում Ուկրաինայում: … Իսկ պատահաբար այդ հարցումը Խերսոնում, Զապոռոժյեում չե՞ն արել»:
Սոլովյովը փորձում է տպավորություն ստեղծել, թե այն բնակավայրերում, որոնք գտնվում են ռուսական ուժերի վերահսկողության տակ, բնակիչները ամբողջովին աջակցում են նրանց։ Մինչդեռ իրականությունն այդքան էլ միանշանակ չէ: Այսպես, Խերսոնում, որը ռուսական ուժերը գրավել են մարտի սկզբին, ՌԴ ուժերի դեմ ցույցեր էին անցկացվում:
Ցույցը հարկադրանքով ցրել են ռուսական ուժերը: Վերջին շաբաթների ընթացքում լրատվամիջոցները մուտք չունեն քաղաք, և որևէ տեղեկություն չկա տեղի տրամադրությունների մասին:
ՌԴ զինված ուժերի ռմբակոծությունների հետևանքով զոհերը նվազագույն են
Թողարկումների ընթացքում բազմիցս ընդգծվում է Ռուսաստանի զինված ուժերի մարդասիրական վերաբերմունքը քաղաքացիականների հանդեպ:
«Ռմբակոծությունների հետևանքով զոհերը նվազագույն են»,- հայտարարում է Սոլովյովը մայիսի 4-ի թողարկման ժամանակ:
Դժվար է գնահատել, թե պատերազմական գործողությունների արդյունքում զոհերի որ թիվն է համարվում նվազագույն, սակայն փետրվարի 24-ից ի վեր քաղաքացիական զոհերի թիվը անցնում է մի քանի հազարը:
Ըստ ՄԱԿ-ի՝ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում զոհվել է 3380 խաղաղ բնակիչ, իսկ 3680-ը՝ վիրավորվել:
Մարիուպոլում միայն քաղաքային թատրոնի ռմբակոծության ընթացքում զոհվել է 600 խաղաղ քաղաքացի: Քաղաքապետ Վադիմ Բոյչենկոյի հրապարակած տվյալների համաձայն՝ Մարիուպոլում զոհվել է 21 հազար խաղաղ քաղաքացի: Այս տվյալը չի ստուգվել անկախ լրագրողների կողմից:
Հատկանշական է, որ ըստ պաշտոնական Կիևի, այն քաղաքներում ու բնակավայրերում, որտեղ ռուսական ուժերի վերահսկողությունը շարունակվում է, զոհերի իրական թիվը հնարավոր չէ պարզել:
Շոլցը դիմում է սեփական ժողովրդին անգլերենով
Ըստ Սոլովյովի՝ այս պատերազմի իրական հրահրողը ԱՄՆ-ն է, որին ենթարկվում են ԵՄ երկրների ղեկավարները:
Մայիսի 6-ի թողարկման ժամանակ նա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ելույթներից մեկից հատված է հեռարձակում, որտեղ կանցլերն ասում է. «Մենք հաստատապես վճռական ենք. Պուտինը չպետք է հաղթի այս պատերազմում, և նա չի հաղթի»:
«Շոլցը դիմում է սեփական ժողովրդին անգլերենով, որպեսզի տերը (խմբ.-ԱՄՆ-ն) հասկանա: Ուրիշ ինչ տրամաբանություն կարող է լինել» ,- ասում է Սոլովյովը:
Սոլովյովի այս հայտարարությունը կեղծիք է․ իրականում, Շոլցի ելույթն ուղղված չէր գերմանացիներին: Դա հատված էր մայիսի 5-ին Վարշավայում կայացած «Ուկրաինայի դոնորների» կոնֆերանսի ընթացքում Գերմանիայի կանցլերի տեսաուղերձից:
Այսպիսով, ռուսաստանյան հիմնական քարոզիչներից Վլադիմիր Սոլովյովի հեռուստատեսային շոուի ընթացքում բազմիցս կիրառվում են քարոզչական հնարքներ, տարածվում է մանիպուլյատիվ և կեղծ տեղեկություն։
Լուսինե Ոսկանյան