ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Հոդվածում՝ «Կառավարությունը որպես բաժնետեր․ նոր պղնձաձուլարանին սպասելիս» ենթավերնագրի տակ, 06․06․2022թ․ թարմացում է արվել։ Թարմացված հատվածը սկսվում է աստղանիշով (*) և ավարտվում է կրկնակի աստղանիշով (**)
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2021 թվականի տվյալներով Հայաստանի խոշորագույն հարկատուն է՝ վճարած 48․8 մլրդ դրամ հարկերով։ «Փաստերի ստուգման հարթակի» նկարահանող խումբն այս տարվա ապրիլին եղել է Քաջարան քաղաքում, նկարահանել է, թե ինչպես է անմիջապես քաղաքին կպած հանքում պայթեցում իրականացվում, ինչպես է պայթեցումից հետո քաղաքը ծածկվում փոշու ամպով, ինչպես է քաղաքը սնուցող Ողջի գետը ցամաքում Կոմբինատի ջրառից հետո: Մենք նաև բացառիկ տեսանկարահանում ենք իրականացնել Կոմբինատի տարածքում՝ բացահայտելով խոշորագույն ձեռնարկության անբավարար աշխատանքային պայմանները։
Զանգեզուրի լեռների և Մեղրիի լեռնաշղթայի միջև տեղակայված քաղաքը Քաջարանն է, քաղաքից քիչ հեռու, հնամաշ կտուրների տակի մի քանի տասնյակ ծուռումուռ տնակներով գյուղը Քաջարանցն է, որն էլ հենց տվել է իր անունը սովետական տարիներին ձևավորված արդյունաբերական քաղաքին։
Տարիների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը «կուլ է տվել» գյուղը։ Եթե 1931-ին Քաջարանցն ուներ 526 բնակիչ, ապա 2021-ին գյուղի բնակչությունը կազմում է ավելի քան երկու անգամ պակաս՝ 206 անձ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործման է հանձնվել 1951 թվականին։ Այն արդյունահանում է պղնձի և մոլիբդենի խտանյութ։ Խորհրդային տարիներին որպես պետական ձեռնարկություն հիմնված ընկերությունը 2004-ին մասնավորեցվել է։
Քաջարանի ու հարակից շրջանների օդն աղտոտող հիմնական օբյեկտը ԶՊՄԿ-ն է․ փոշու ծանրաբեռնվածությունը քաղաքի վրա մեծանում է Կոմբինատի արտադրական հզորության ընդլայնմանը զուգահեռ։
Եթե մինչև սեփականաշնորհումը՝ 2004 թվականը, ԶՊՄԿ-ն վերամշակում էր տարեկան 7-8 մլն տոննա հանքաքար, ապա 2021-ին Կոմբինատի տարեկան արտադրողականությունը կազմել է 17․6 մլն տոննա, իսկ արդեն այս տարի այն նախատեսվում է ավելացնել ևս 25 տոկոսով՝ դարձնելով 22 մլն տոննա։
Քաջարան քաղաքում փոշու մոնիթորինգ չի իրականացվում, իրականացվում է միայն ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի մոնիթորինգ, FIP.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Նախարարության պատասխանում նշվում է, որ 2020 և 2021 թվականներին ծծմբի և ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի չափը։
«Փաստերի ստուգման հարթակի» նկարահանող խումբը հանքավայրում պայթեցումներն արձանագրել է այս տարվա ապրիլի 19-ին։ Պայթեցումից րոպեներ անց քաղաքն ամբողջությամբ ծածկվում է փոշու ամպով, քանի որ Կոմբինատը գտնվում է անմիջապես քաղաքի վարչական սահմաններում, իսկ բանուկ բնակելի գոտուց մինչև բուն պայթյունի վայրը բաժանում է ամենաշատը 1-2 կիլոմետր։ Եթե քամին փչում է հակառակ ուղղությամբ, փոշին գնում է դեպի գյուղ։ ԶՊՄԿ-ի աշխատակից Գևորգ Մանուկյանն ասում է՝ այս պատկերը ամեն օր է․ հանքում գրեթե ամեն օր պայթեցումներ են, իսկ քամու, ուժեղ անձրևների դեպքում կեղտաջրերը լցվում են քաղաք, աղտոտում Ողջի գետը։
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության տվյալներով՝ 2019-ին ԶՊՄԿ-ում աշխատել է 4626 քաղաքացի, որոնցից 1052-ը կանայք են, 11-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ։
Գևորգ Մանուկյանի խոսքով՝ աշխատակիցները պարբերաբար առողջական վիճակը գնահատող ստուգումներ են անցնում, բայց իրականացված հետազոտությունները ցույց չեն տալիս քաջարանցիների մոտ առկա հիվանդությունների իրական պատկերը։
«Մարդն այստեղ չի էլ գիտակցում, որ հիվանդ է, նվիրվելով Կոմբինատին՝ գիշեր-ցերեկ հերթափոխով հասցնում է միայն աշխատել։ Մարդիկ կան, թաքցնում են, որ հիվանդ են, մյուսներն էլ իմանում են հիվանդության մասին, երբ դանակը ոսկորին է հասնում»,- ասում է Գևորգը։
Հայտնի չէ, թե ինչպես է հանքն ազդում քաջարանցիների առողջության վրա, քանի որ Առողջապահության նախարարության կողմից ևս երբևէ թիրախային հետազոտություն չի արվել։ Առողջապահության նախարարությունից FIP.am-ին տեղեկացրել էին, որ նման հետազոտության անցկացումը հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։
«2020-ի հուլիսի 7-ի թիվ 2182-Ա հրամանով հաստատվել է «Բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի ազդեցության ռիսկի համաճարակաբանական գնահատման» մեթոդաբանությունը։ Վերջինիս հաստատումից հետո նախատեսվում էր իրականացնել հետազոտություններ Սյունիքի մարզում և գնահատել շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը մարդու առողջության վրա, սակայն դեռևս չի իրականացվել՝ COVID-19 համավարակով պայմանավորված»,- ասված է նախարարության պատասխանի մեջ։
2020-ի տվյալներով՝ Սյունիքի մարզում չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը 1711 է, որոնցից 1004-ը՝ կանայք։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2021-ին Քաջարանում նորագոյացություններով հիվանդ քաղաքացիների ընդհանուր թիվը 73 է եղել, շնչառական օրգանների հիվանդություն ունի 299 քաղաքացի, ալերգիկ ռինիտ է ախտորոշվել 17 քաջարանցու մոտ։
Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն առողջական ապահովագրությունից օգտվելու հնարավորություն ունեն, սակայն ապահովագրությունը չի հոգում բնակիչների համար անհրաժեշտ բուժման ծախսերը, իսկ բուժզննում և բուժօգնություն ստանալու համար քաղաքացիները պետք է հասնեն Երևան, քանի որ Քաջարանի հիվանդանոցը համալրված չէ անհրաժեշտ սարքավորումներով և մասնագետներով։
«Այսինքն քաջարանցին հիվանդ վիճակով պետք է 350 կմ անցնի, որ կարողանա Երևանում բուժօգնություն ստանալ։ Մարդիկ կան, որ տուն ունեն Երևանում, բայց շարքային քաջարանցին ո՞նց պետք է մի քանի օր մնալու տեղ գտնի, որ Երևանում առողջական հարցերը լուծի»,- ասում է Գևորգ Մանուկյանը։
Կարեն Գալստյանը, որը մինչև վերջերս զբաղեցրել է Կոմբինատի արհմիության նախագահի պաշտոնը, նշում է՝ բնակիչներից պարբերաբար դիմումներ է ստացել, որոնք մեծամասամբ վերաբերել են առողջական խնդիրներին։
«Այն խնդիրները, որ մենք ունենք, ներառված չեն ապահովագրության փաթեթի մեջ, մարդիկ իրենց գրպանից են դրել, կամ եթե մեծ ծախս է եղել, ԶՊՄԿ-ի հիմնադրամն է օգնել»,- ասում է Կարեն Գալստյանը։
Արհմիության նախկին ղեկավարն ասում է՝ փորձել է Կոմբինատի ղեկավարության մոտ բարձրացնել աշխատողների իրավունքների և առողջության խնդիրները, սակայն վերջնարդյունքում սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
«Քարեդարյա» աշխատանքային պայմաններ՝ Հայաստանի խոշորագույն հարկատու կոմբինատում
«Փաստերի ստուգման հարթակն» այցելեց Պղնձամոլիբդենային կոմբինատ՝ Հայաստանի խոշորագույն հարկատուի աշխատանքային պայմանների մասին պատկերացում կազմելու համար։
Ասել, որ աշխատանքային պայմանները հեռու են ժամանակակից պահանջները բավարարելուց, նշանակում է ոչինչ չասել։
Կոմբինատում անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվում։ Աշխատակիցները չեն կրում պաշտպանիչ սաղավարտներ, օդը ֆիլտրող դիմակներ։ Սնվում են մասնաշենքի հարևանությամբ գտնվող տնակում՝ աթոռների փոխարեն օգտագործելով շշերի դատարկ արկղերը։ Արտադրամասում պատուհանները կոտրված են․ սա, մի կողմից, գուցե նվազեցնում է թունավոր փոշու քանակությունը տարածքում, սակայն միջանցիկ քամիները, իրենց հերթին, ազդում են աշխատողների առողջության վրա։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամաս
Ամբողջ տարածքը լի է հին, շարքից դուրս եկած տեխնիկայի մնացորդներով, որոնք ծածկված են փոշու հաստ շերտով։ Ընդհանրապես, ամբողջ տարածքը փոշոտ է, արևոտ օրը՝ ցերեկվա ժամին, օդը ծածկված է փոշու մշուշով։
Իսկ այդ ամենի մեջ իրենց ողջ աշխատանքային օրն են անցկացնում արտադրամասի բանվորները, որոնք աշխատում են 3 հերթափոխով՝ արտադրամասում անցկացնելով օրական 8 ժամ։ Այսինքն՝ արդյունաբերական հսկան երբեք չի «քնում»։
Քաջարան քաղաքի ու գյուղի բնակչության մեծամասնությունն աշխատում է Կոմբինատում, գյուղատնտեսությամբ այստեղ քչերն են զբաղվում։
«Բացի Կոմբինատը, ուրիշ աշխատանք չկա, հողագործությամբ զբաղվելը, կարելի է ասել, անհնարին է կամ ոչ ձեռնտու, որովհետև փոշի է։ Երևի ծավալներն ավելի մեծացնելուց ի վեր անասնապահությունն ու նման բաները սկսել են անկում ապրել։ Քաջարանցիները ուզում են մնան, ինչ-որ բան ստեղծեն, աշխատավարձը գրավիչ է համարվում, բայց բարձր էլ չէ, քանի որ մթերքն այստեղ հիմնականում կա՛մ Երևանից է գալիս, կա՛մ Իրանից և բարձր գնով վաճառվում»,- ասում է Կարեն Գալստյանը։
Քաջարանը գտնվում է Ողջի գետի ափին։ Քաջարան քաղաքը և Քաջարանց գյուղը խմելու և ոռոգման նպատակով ջուրը ստանում են Ողջի գետից․ այս մասին FIP.am-ին հայտնել են Սյունիքի մարզպետարանից։ Գետի վրա կառուցված են «Ողջի 2» և «Ողջի 3» փոքր հիդրոէլեկտրակայանները։ ՓՀԷԿ-երից բացի, գետի ջուրն օգտագործում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Գևորգ Մանուկյանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ Քաջարանի բնակիչները խմելու և ոռոգման ջրի խնդիր են ունեցել, բայց Կոմբինատում աշխատանքները չեն դադարել, ջրի հետ կապված խնդիր չի եղել։
«Կոմբինատի ղեկավարը, եթե եկել ասել է՝ Գևորգ, այսքան պետք է քար աղաս, ես իրեն ասել եմ, որ մարդը տանը ջուր չունի, ինչպե՞ս է ստացվում, բայց բարձրաձայնելուց ինքն ասում է՝ ես կատարող եմ, չգիտեմ ջուրը որտեղից է գալիս։ Քաջարան քաղաքի բնակիչներին եթե հարցնեք, կասեն, որ վերջին 4 ամիսը խնդիր է եղել։ Հիմա սա պարզ ջուր է, խմելու համար պիտանի ջուր է, բայց քաղաքից դուրս, որ Կոմբինատով անցնեք, տարբերությունը ինքներդ էլ կզգաք»,- ասում է Գևորգ Մանուկյանը։
Ի պատասխան FIP.am-ի հարցման՝ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնեցին, որ նախարարության կողմից կոմբինատին տրվել է 2016-ի հուլիսի 1-ից մինչև 2021-ի հուլիսի 1-ը գործունեության ժամկետով ջրօգտագործման թույլտվության։ Թույլատվության համաձայն՝ Կոմբինատը Ողջի գետից ինքնահոս եղանակով, արդյունաբերական նպատակով տարեկան 31 հազար 400 քառակուսի մետր ջրառ կարող է իրականացնել՝ 995 լ/վ չափաքանակով։
Հետագայում թույլտվության ժամկետները երկարացվեցել են, նոր թույլտվությամբ ավելացվել է նաև ջրառի չափը։ Նոր ժամկետներով կոմբինատը 2021-ի փետրվարի 18-ից մինչև 2024-ի փետրվարի 18-ը կարող է Ողջիից առավելագույնը 31 հազար 547 խորանարդ մետր ջուր վերցնել՝ 1070 լ/վ չափաքանակով։
Դրոնով մեր կատարած տեսանկարահանումից երևում է, թե ինչպես է Ողջի գետը, որը գարնանային հալոցքներից ավելի հորդառատ պետք է լիներ, փաստացի ցամաքում՝ Կոմբինատի կողմից ջրառից հետո։
Աճող պոչամբարը
Արտադրական ծավալները մեծացնելուն զուգահեռ՝ պարբերաբար մեծացել են նաև Կոմբինատի կողմից շահագործվող պոչամբարի ծավալները։
Կոմբինատի թափոնները և ողջ պոչհանքը լցվում են Արծվանիկի պոչամբարը։ ԶՊՄԿ-ն պոչամբարը շահագործում է 1977-ից։ Պոչամբարի նախագծային ծավալը 325 միլիոն խորանարդ մետր է, պատվարի բարձրությունը՝ 50 մետր։
Պոչամբարի տարածքը ցանկապատված չէ, այսինքն կենդանիները կարող են անարգել մուտք գործել տարածք, ինչն էլ նրանք անում էին մեր նկարահանման պահին։ Իսկ պոչամբարի մյուս հատվածում հողային աշխատանքներ էին կատարվում՝ հավանաբար, տարածքը մեծացնելու նպատակով։
Արծվանիկի պոչամբարը 2004-2021թթ․
Վերջին 17 տարիների ընթացքում Արծվանիկի միայն պոչամբարի մակերեսն աճել է 2 անգամ և ընդհուպ մոտեցել հարակից գյուղերին։ Եթե 20 տարի առաջ պոչամբարին ամենամոտ գյուղը՝ Չափնին, գտնվում էր մոտ 2 կմ հեռավորության վրա, ապա այսօր արդեն պոչամբարի և գյուղի հեռավորությունը 350-400 մետր է։
Դա են վկայում Google Earth ծրագրի միջոցով արված լուսանկարները։
Ովքեր են Պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերը
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակներում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2020-ին հրապարակվեցին մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը։ Սակայն, փաստացի, հանրայնացվել են միայն 37․5%-ի բաժնետերերը, մյուս 62․5%-ի դեպքում նշվում է միայն, որ Կոմբինատը հանդիսանում է իր կողմից թողարկված բաժնետոմսերի սեփականատերը։
Ըստ հայտարարագրի՝ Կոմբինատի 12․5% բաժնետերն է Թոմաս Պետեր Հալը, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովին է պատկանում 12․5%-ը, մյուս բաժնետերը Մհեր Պոլոսկովն է, որին պատկանում է 7․5%-ը։ Կոմբինատի 2․5%-ի բաժնետերը Նարեկ Ամբարյանն է, 2․5% բաժնեմաս ունի նաև Կարեն Հակոբյանը՝ «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը։ Հայտարարագրում նշված են նաև Վահե Հակոբյանի, Յոհաննես Բհատի և Ջիոնաթան Հիերոնիմուսի անունները, սակայն նրանց պատկանող բաժնեմասի վերաբերյալ տվյալներ չկան։ Ենթադրաբար, նրանց բաժնեմասը չի հասել 10%-ի, այդ դեպքում օրենքը չի պարտադրում բաժնետերերին տվյալներ ներկայացնել։
Կառավարությունը՝ որպես բաժնետեր․ նոր պղնձաձուլարանին սպասելիս
2021-ին «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերության դուստր ձեռնարկությունը՝ «Արդյունաբերական ընկերությունը», կառավարությանը նվիրաբերեց ընկերության տիրապետած բաժնետոմսերի 25%-ը։ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությանն էր պատկանում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60%-ը, իսկ կառավարությանը նվիրաբերած 25%-ը կազմում է Կոմբինատի ընդհանուր կապիտալի 15%-ը։ «Արդյունաբերական ընկերության» սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է, որը 2021-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ նպատակ ունի առաջիկա տարիներին Հայաստանում նոր պղնձաձուլարան կառուցել, որը Հայաստանն ավելի մրցունակ կդարձնի մետալուրգիական արտադրանքի շուկայում՝ խտանյութ և հումք արտահանելու փոխարեն հնարավորություն տալով պղինձ արտահանել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից FIP.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ պղնձաձուլարանի կառուցման ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 2026-ի դեկտեմբեր ամիսը, սակայն պղնձաձուլարանի կառուցման վայրը դեռևս որոշված չէ։
Պղնձամոլիբդենային կոմբինատի կանոնադրության համաձայն՝ ընկերության բոլոր բաժնետերերն ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները։
Բաժնետերն իրավունքն ունի մասնակցել ընկերության կառավարմանը, ստանալ շահութաբաժին ընկերության գործունեությունից առաջացած շահույթից, տեղեկություն ստանալ ընկերության գործունեության մասին, հասանելիություն ունենալ ընկերության փաստաթղթերին, հետևաբար, որպես բաժնետեր՝ այս բոլոր իրավունքներից օգտվում է նաև 15% բաժնեմաս ունեցող կառավարությունը։
FIP.am-ի հարցմանն ի պատասխան, թե բաժնետեր դառնալուց հետո որքա՞ն շահույթ է ստացել կառավարությունը ԶՊՄԿ-ից և որտեղ է այն ուղղել, պատասխանել էին․ «Ընկերության 2021-ի գործունեության արդյունքներն ամփոփման են ենթակա մինչև 2022-ի հուլիսի 1-ը։ Հետևաբար, ընկերության կողմից 2022-ի պետական բյուջե պետական բաժնեմասի համամասնությամբ տարեկան շահութաբաժինների ձևավորման մասին տեղեկատվություն առկա չէ»։
Կառավարությունը, իր հերթին, ԶՊՄԿ-ում իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)։ ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019-ին, իսկ տնօրենների խորհրդի նախագահը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։
FIP.am-ը Կոմբինատից ստացված շահութաբաժնի վերաբերյալ հարցում էր ուղարկել նաև ԱՆԻՖ-ին, ինչին ի պատասխան տեղեկացրել էին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահութաբաժին դեռևս չի վճարել։
*Հիմնադրամից «Փաստերի ստուգման հարթակին» տեղեկացրեցին նաև, որ ԱՆԻՖ-ը, որպես փոքրամասնային բաժնետիրոջ բաժնեմասի կառավարիչ, չի մասնակցում ԶՊՄԿ կառավարման այն ասպեկտներին, որոնք ներկայացված են հրապարակման մեջ։
«Միաժամանակ հարկ ենք համարում շեշտել, որ հրապարակված փաստերը՝ իրականությանը համապատասխանելու դեպքում, ընգծում են այն բազմաշերտ խնդիրները, որոնք տարիներ շարունակ կուտակվել են եւ չեն լուծվել ԶՊՄԿ-ում, եւ որոնց լուծումները ակնկալում ենք ԶՄՊԿ նոր մեծամասնական բաժնետերերից», — ասվում է ԱՆԻՖ-ից մեզ ուղարկված գրության մեջ**։
ԶՊՄԿ-ն որպես Հայաստանի խոշոր հարկատու․ շահույթը, վճարած հարկերը, սոցիալական ծրագրերը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշոր հարկատուներից է։ 2021-ին ընկերությունը Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է առաջին տեղը։ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2021-ին Կոմբինատը պետական բյուջե է վճարել 48․8 միլիարդ դրամ, 2020-ին՝ ֏42․9 միլիարդ, 2019-ին՝ ֏51 միլիարդ, 2018-ին՝ դարձյալ ֏51 միլիարդ, իսկ ֏2017-ին՝ 18․6 միլիարդ։
ԶՊՄԿ-ի տարեկան հաշվետվություններից տեղեկանում ենք, որ 2020-ին ընկերության համախառն շահույթը կազմել է 108 միլիարդ դրամ, 2019-ին Կոմբինատի համախառն շահույթը կազմել է ֏64 միլիոն, 2018-ին՝ 96 միլիարդ դրամ, 2017-ին՝ 89 միլիարդ դրամ։
ԶՊՄԿ-ի կայքում հրապարակվում են նաև Կոմբինատի կողմից իրականացված սոցիալական ծրագրերի վերաբերյալ տվյալներ։ Ընդերքօգտագործման պայմանագրով ընկերությունը պարտավոր է ապահովել ընդերքի, հողի, անտառների, ջրերի, բնության, շրջակա միջավայրի մյուս օբյեկտների պահպանությունը ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից։
Սոցիալ-տնտեսական ծրագրերի վերաբերյալ պայմանագրում նշվում է միայն, որ ընկերությունը պարտավոր է հանքի փակումից հետո ապահովել փակվող հանքի անմիջական ազդեցության գոտում գտնվող համայնքների սոցիալ-տնտեսական մեղմացման նախատեսվող միջոցառումների իրականացումը։ Այսինքն, սոցիալական պարտավորությունները վերաբերում են հանքի փակման ծրագրերին։
Կոմբինատի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ընկերությունը 2020-ին 7 միլիարդ դրամ է հատկացրել սոցիալական ծրագրերի իրականացման համար, 2018-ին՝ 7․9 միլիարդ դրամ, 2019-ին՝ 6 միլիարդ, 2017-ին՝ 3 միլիարդ։
Շուշան Ստեփանյան
Սևադա Ղազարյան
Խորեն Գրիգորյան
Հակոբ Կարապետյան