Հանրային հետաքրքրության մի շարք հարցերի վերաբերյալ պատասխան ստանալու համար «Փաստերի ստուգման հարթակը» պարբերաբար պաշտոնական հարցումներով տեղեկություն է հայցում տարբեր գերատեսչություններից։
Տեղեկատվություն ստանալու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ դրանք ստանալու, հարցումների ներկայացման և պատասխանի կարգը սահմանվում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով։ Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։
Սակայն ի հեճուկս Սահմանադրության և օրենքների պահանջի՝ ավելի ու ավելի հաճախ պետական գերատեսչությունները անտեսում են օրենքով սահմանված ժամանակում մեր հարցումներին պատասխանելու պահանջը, երբեմն էլ ընդհանրապես հրաժարվում դրանց պատասխանելուց։ Իսկ պատասխանելու դեպքում շատ դեպքերում ուղարկում են «օֆիսահայերենով» ձևակերպված տեքստեր՝ խուսափելով հարցին ըստ էության պատասխանելուց:
«Փաստերի ստուգման հարթակը» այս հոդվածով կանդրադառնա մի շարք գերատեսչությունների՝ լրատվամիջոցի նկատմամբ անպատասխանատու վարքագծին և օրինակներով ցույց կտա, թե որքան ջանք է պահանջվում լրագրողից պետական այս կամ այն գերատեսչությունից իրեն անհրաժեշտ տեղեկությունը ստանալու համար։ Հաշվի առնելով սոցցանցերում գործընկեր լրագրողների/լրատվամիջոցների քննարկումները, կարող ենք պնդել, որ «Փաստերի ստուգման հարթակը» ամենևին միակ լրատվամիջոցը չէ, որ արժանանում է նման վերաբերմունքի:
Վարչապետի աշխատակազմ
Լրատվամիջոցների աշխատանքում լրջագույն խնդիրներ է ստեղծում Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Շատ հաճախ վարչապետի այս կամ այն ելույթում որևէ միտք պարզաբանելու կամ լրացուցիչ տեղեկատվություն տանալու համար աշխատակազմի լրատվական վարչությանը դիմելուց հետո ստանում ենք հետևյալ պատասխանը․ «Ի պատասխան Ձեր հարցման հայտնում ենք, որ վարչապետի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունենք»։ Ու քանի որ վարչապետի մամուլի խոսնակի հաստիքը վաղուց թափուր է, երկրի ղեկավարի գործունեությանը վերաբերող շատ հարցեր անպատասխան են մնում:
Շատ հաճախ նույնիսկ հասարակ հարցումներին պատասխանելու համար աշխատակազմը պահանջում է 30-օրյա ժամկետ՝ հիմնավորելով դա «լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությամբ»։
Այսպես, օգոստոսի 30-ին հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պատասխանել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին առնչվող մի քանի հարցերի։ Մասնավորապես, խնդրել էինք հայտնել՝ որոնք են Չախոյանի լիազորություններն ու աշխատանքային պարտականությունները, համակարգման ոլորտը, ի՞նչ է արել վերջին 3 ամիսների ընթացքում, ինչո՞ւ է պաշտոնի ստանձնման հայտարարագիրը ներկայացրել 7 ամիս ուշացումով, ինչո՞ւ իր հետ համատեղ բնակվող անձը մինչ օրս չի ներկայացրել հայտարարագիրը և այլն։
Այս հարցերը փաստաթղթերի հավաքագրման, այլևայլ գերատեսչություններից ու ստորաբաժանումներից լրացուցիչ տեղեկություն հավաքելու անհրաժեշտություն չեն ենթադրում, դրանց պատասխանելու համար անհրաժեշտ կլիներ 1-2 օր, սակայն աշխատակազմը դրա համար խնդրեց 30 օր։
Հոկտեմբերի 3-ից սկսած փորձեցինք կապվել աշխատակազմի հետ՝ բանավոր կարգով հասկանալու, թե ինչո՞ւ չենք ստացել հարցման պատասխանը։ Նախ խոստացան պարզել, թե ինչու է ուշացել հարցման պատասխանը, ապա դադարեցին պատասխանել զանգերին։ Հաջորդ օրը ևս մեր զանգերը մնացին անպատասխան, հոկտեմբերի 5-ին խոստացան, որ կպատասխանեն, և կրկին չպատասխանեցին։ Իսկ երբ հոկտեմբերի 6-ին մի քանի փորձերից հետո հաջողվեց կապվել լրատվության վարչության հետ և տեղեկացրինք, որ պատասխանը չստանալու դեպքում կգնանք օրենքով նախատեսված ընթացակարգերով և դատարանով կստիպենք տրամադրել հարցման պատասխանը, րոպեներ անց ստացանք նույն օրով թվագրված պատասխան, որը, ըստ էության, ոչնչի մասին էր։
Լուսանկարում վարչապետի աշխատակազմին մեր կատարած զանգերն են։ 15 զանգից պատասխանել են ընդամենը 3-ին։ Ընդ որում, զանգերից և ոչ մեկը տեղի չի ունեցել ընդմիջման կամ ոչ աշխատանքային ժամերի։
Նախագահի աշխատակազմ
Նմանօրինակ խնդրի առաջ կանգնել ենք նաև նախագահի աշխատակազմին ուղղված հարցման պարագայում։ Այս դեպքում հարցման բովանդակությունը դեռևս չենք կարող բացահայտել, քանի որ պատրաստվում ենք առաջիկայում հրապարակում անել, սակայն ներկայացնենք, թե ինչպես է նախագահի աշխատակազմը պատասխանել իրենց հասցեագրված մեր հարցմանը։ Սեպտեմբերի 5-ին պաշտոնական հարցումով խնդրել ենք տրամադրել մի տեղեկություն, որը, ինչպես և վերևում նկարագրված դեպքում, խորը ուսումնասիրություն չէր պահանջում և հնարավոր էր տրամադրել օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում։ Տեղեկության տրամադրումը, սակայն, ձգձգվեց մինչև 1 ամիս, թեպետ հակառակ օրենքի պահանջի, նախագահի աշխատակազմը չէր հայտնել հավելյալ ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտության մասին, հետևաբար 5 աշխատանքային օրը լրանալու պահից սկսած աշխատակազմը խախտել է օրենքը։ Այս մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ խոսել ենք նախագահի տեղեկատվության ազատության ապահովման ժամանակավոր պատասխանատու Աղասի Մարգարյանի հետ և բոլոր դեպքերում հավաստիացումներ ենք ստացել, որ պատասխանն ուշացնելու մեջ որևէ դիտավորություն չկա։ Մարգարյանը պնդում էր, թե պատասխանն արդեն ուղարկվել է և հավանաբար «սերվերների հետ խնդիրներ են առաջացել» և այդ պատճառով հարցման պատասխանը չենք ստացել։ Այսինքն, ըստ տեղեկատվության պատասխանատուի, հարցման պատասխանը պատրաստ է, սակայն տեխնիկական պատճառներով այն մեզ չի հասել։ Մի քանի օր շարունակ էլի զանգերի միջոցով հիշեցնում էինք պատասխանի անհրաժեշտության մասին։ Ի վերջո, հարցումից մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 5-ին, ստացանք հարցման պատասխանը, որում մեր հարցերին, ըստ էության, պատասխան չի տրվում։ Հետաքրքրական է, որ մեզ ուղարկված ֆայլի մետատվյալների ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ հարցումը վերջին անգամ խմբագրման, փոփոխության է ենթարկվել մեզ ուղարկելուց ընդամենը 1 րոպե առաջ։ Սա ողջամիտ կասկածի տեղիք է տալիս, որ փաստաթուղթը ստեղծվել է մեզ ուղարկելուց անմիջապես առաջ, հետևաբար, կասկածի տակ է դրվում նաև Մարգարյանի հավաստիացումն այն մասին, որ պատասխանը օրեր առաջ դեռ պատրաստ էր: Ի դեպ, պետության գլխի՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի տրամադրած պատասխանը, նկարագրած խնդիրներով հանդերձ, ուղղակի պատշաճ ձևակերպված չէ։ Դրանում բացակայում է ամսաթիվը, կատարողը և չկա որևէ ստորագրություն։
Պաշտպանության նախարարություն
Պաշտպանության նախարարությունը ևս հարցումներին պատասխանելիս առաջնորդվում է ժամանակ ձգելու և արդյունքում ըստ էության պատասխան չտրամադրելու սկզբունքով։
Վերջերս հարցում էինք ուղարկել ՊՆ՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե յուրաքանչյուր տարի զինապարտության տարիքի քանի՞ տղամարդ է ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից։
Նախարարությունը նախ հարցմանը պատասխանելու համար խնդրեց 30-օրյա ժամկետ և վերջում, ժամկետների կոպտագույն խախտումներով, պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքին հղում անելով, մերժեց։
Ուշադրություն դարձրեք մեր կողմից ուղարկված հարցման ամսաթվին և ՊՆ-ի պատասխանի ամսաթվին։ Ավելի քան 60 օր էր պահանջվել ՊՆ-ից մեր հարցումը ծառայողական գաղտնիքի հիմքով մերժելու համար։
Ազգային ժողովի պատգամավորներ
Ամիսներ առաջ օրենքով սահմանված կարգով պաշտոնական հարցմամբ դիմել էինք խորհրդարանի 106 պատգամավորների՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե ինչի համար են ծախսել պատգամավորական գործունեության համար իրենց հատկացվող ամսական գումարները վերջին երեք ամիսներին, ինչ գործունեություն են իրականացրել, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել օգտվելու հատկացված ամսական 250 հազար դրամ գումարից։
Թեև պատգամավորները օրենքի համաձայն պարտավոր են մեր հարցմանը պատասխանել սահմանված 5-օրյա ժամկետում, սակայն խորհրդարանի 106 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանեցին միայն 7-ը։ Նյութի հրապարակումից հետո, օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, ստացանք ևս մեկ պատգամավորի պատասխան։ Այսինքն, պատգամավորների զգալի մեծամասնությունը նախընտրեց խախտել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը և չպատասխանել մեր հարցմանը՝ այդպիսով հաշվետու չլինելով հանրությանը։
Երևանի քաղաքապետարան
Տեղեկություն ստանալու իրավունքն ամրագրող օրենքը արհամարհում է նաև Երևանի քաղաքապետարանը։ Վերջերս քաղաքապետը հայտարարել էր չնախատեսված վայրերում աղբ թափելու համար սահմանված տուգանքը տասնապատկելու իր մտադրության մասին, ինչի կապակցությամբ պաշտոնական հարցմամբ քաղաքապետարանին խնդրել էինք տրամադրել չնախատեսված վայրերում աղբ թափելու համար կազմված արձանագրությունների մասին տեղեկատվություն՝ նպատակ ունենալով օրենքի կիրառելիության վիճակագրություն կազմել։
Երևանի քաղաքապետարան պաշտոնական հարցմամբ դիմելու հենց նույն օրը մեզ հետ հեռախոսով կապ հաստատեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը և տեղեկացրեց, որ այդ տվյալները հավաքագրելը գրեթե անհնար է։ Մենք խնդրեցինք, որ անկախ ամեն ինչից մեր հարցմանը պատասխանեն գրավոր, և եթե հնարավոր չէ հավաքագրել տեղեկություններ, ապա պատասխանում հենց այդպես էլ նշեն՝ պարզաբանելով նաև, թե ինչու դա հնարավոր չէ։ Գևորգյանը հավաստիացրեց, որ կփորձեն որոշակի տվյալներ հավաքել և տրամադրել մեզ։ Այս խոսակցությունից հետո մենք մի քանի անգամ զանգեցինք լրատվության վարչության գործընկերներին և խնդրեցինք ի վերջո գրավոր պատասխանել մեր պաշտոնական հարցմանը, դարձյալ ստացանք հավաստիացում, որ անպայման կպատասխանեն, սակայն այդպես էլ մեր հարցումը թողեցին անպատասխան՝ արհամարհելով օրենքի պահանջը:
«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ
Մեկ այլ դեպքում անհրաժեշտություն էր առաջացել տեղեկատվություն ստանալ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ից։ ՊՈԱԿ-ը զբաղվում է Կոնդի «կառավարական առանձնատների» սպասարկմամբ: ՊՈԱԿ-ի տնօրենի՝ այս տարվա սկզբին նշանակված տնօրեն Անժելիկա Շապովալովան, ըստ մամուլի հրապարակումների, վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականն է, ԱԺ պատգամավոր Էդգար Հակոբյանի կինը: Հարցումով փորձում էինք ստանալ Շապովալովայի կենսագրությունը, պաշտոնի անձնագիրը, ինչպես նաև պարզաբանում Աննա Հակոբյանի հետ ունեցած կապի վերաբերյալ։
Այս ՊՈԱԿ-ի վերաբերյալ որևէ կոնտակտային տվյալ, հետադարձ կապի հնարավորություն առկա չէ։ Եվ քանի որ ՊՈԱԿ-ը վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ է գործում, հարցում ուղարկեցինք վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել մեզ անհրաժեշտ տեղեկությունները։ Ի պատասխան մեր հարցման, աշխատակազմից պատասխանեցին, որ տեղեկությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՊՈԱԿ։ Հեռախոսազրույցով տեղեկացրինք, որ ՊՈԱԿ-ի վերաբերյալ որևէ կոնտակտային տվյալ չկա և հնարավոր չէ հարցում ուղարկել։ Որոշ ժամանակ անց մեզ տրամադրեցին ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անժելիկա Շապովալովայի անձնական հեռախոսահամարը։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից ի վերջո հաջողվեց ստանալ ՊՈԱԿ-ի պաշտոնական էլեկտրոնային հասցեն՝ [email protected], որին էլ ուղարկեցինք հարցումը։
Երկու շաբաթ անց արդեն թղթային տարբերակով ստացանք պատասխանը, որով մերժվեց տեղեկատվության տրամադրումը, քանի որ ըստ պատասխանի՝ մեր կողմից հայցվող տեղեկատվությունը համարվում է անձնական գաղտնիք, ինչպես նաև «մեր կողմից չի ներկայացվել լրագրողի կարգավիճակը հավաստող ապացույցը, որը կարող էր լինել ԶԼՄ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ այլ պայմանագիր, որով մեզ հանձնարարված էր որպես լրագրող իրականացնել տեղեկատվություն փնտրելու, հավաքելու, ստանալու, պատրաստելու և խմբագրելու աշխատանքներ»։
Այսինքն, ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ի, հարցման հետ մենք պետք է ուղարկեինք նաև մեր աշխատանքային պայմանագրերը, որպեսզի վերջինս պատասխաներ հարցմանը։ Ինչ վերաբերում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կենսագրական տվյալներին (պաշտոնի համապատասխանության համատեքստում) և վարչապետի ընտանիքի հետ նրա ազգակցական/ընկերական կապերի մասին տեղեկատվությանը (հնարավոր կոռուպցիային կամ հովանավորչությանն առնչվող ողջամիտ կասկածի տեսանկյունից), ապա այդ տվյալները չեն կարող անձնական համարվել:
Այսպիսով փաստենք, որ բազմաթիվ գերատեսչություններ շատ հաճախ ժամկետների խախտմամբ են տրամադրում տեղեկությունը, երբեմն ընդհանրապես չեն պատասխանում, հաճախ էլ ֆորմալ պատասխանի մեջ բացակայում է ըստ էության տեղեկատվությունը: Այսպիսով, շարունակաբար ու կոպտորեն խախտվում է Սահմանադրությամբ և օրենքներով տեղեկատվություն ստանալու՝ հանրության իրավունքը։
Խմբագրի կողմից. Ինչպես հոդվածի սկզբում նշվում է, նկարագրված խնդիրը վերաբերում է ոչ միայն «Փաստերի ստուգման հարթակին», այլև պետական/համայնքային կառույցների հետ հարաբերվող շատ այլ լրատվամիջոցների: Լրատվամիջոցների գործընկերներին առաջարկում ենք հետևողականորեն անդրադառնալ նման դեպքերին՝ հոդվածներով կամ դատական հայցերի միջոցով ստիպելով հարկատուների հաշվին գործող գերատեսչություններին պատշաճ ձևով իրականացնել տեղեկատվության տրամադրման իրենց պարտականությունը:
Նարեկ Մարտիրոսյան
Սևադա Ղազարյան