Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում ցեմենտի, քարի և այլ շինանյութի դեֆիցիտ է արձանագրվել։
Նա հիշեցրեց, որ ժամանակին ցեմենտի արտադրության ոլորտում տեղական մի քանի ընկերությունների որոշակի արտոնություն էր տրվել, արդյունքում՝ ինքը միայն վերջերս, իր խոսքով, «շատ զարմանալի ձևով պարզել է», որ երբ շուկան հստակ ցեմենտի պահանջարկ ունի, նրանք «շարունակում են ապրել իրենց սովորական կյանքով»։
«Ակնկալում են, որ կառավարությունն էլի իրենց պետք է օգնի այն պայմաններում, երբ որ շուկան հստակ ցեմենտի կարիք ունի։ …Արտոնություն տալիս մենք պետք է շատ զգույշ լինենք, իհարկե, պետք է վերլուծվի, ես չեմ ուզում վերջնական հետևություններ անել, բայց էլի եմ ասում, մենք պետք է աջակցենք առողջացմանը և զարգացմանը»,- նշեց նա։
Հատկանշական է, որ մինչև այս հարցին անդրադառնալը, Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության մեծագույն դերը պետք է լինի չխանգարել տնտեսությանը, որպեսզի այն աճ ապահովի։ «Ընդ որում, այս տեսական թեզը գործնականում անընդհատ իրագործվում է»,- նշեց նա։
«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է, թե երբ ու ինչ պայմաններում են մինչև այս արտոնություն ստացել ցեմենտի տեղական արտադրողները։
2019 թ.-ին ցեմենտի ներմուծման վրա պետտուրք սահմանվեց՝ օգնելով Ծառուկյանի ընկերությանը
2019 թ. ապրիլին ցեմենտի թեման ներքաղաքական թիվ մեկ հարցերից էր դարձել․ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պահանջում էր կառավարությունից պաշտպանել տեղական արտադրողի շահերը, քանի որ Իրանից ներկրվող ցեմենտը մի քանի անգամ ավելի էժան էր տեղական արտադրանքից:
Կառավարությունը, ընդառաջելով խմբակցությանը, ԱԺ ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ տուրք սահմանել։
ԱԺ-ում փորձում էին կառավարության այս որոշումը բալանսավորել, որոշ պատգամավորներ դեմ էին արտահայտվում, թե դրանով ներկրողները խնդրի առաջ կկանգնեն և շինարարությունը կթանկանա։
Արդյունքում, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված նախագիծը։
Չնայած ներկրման համար սահմանված բարձր տուրքին, այս որոշումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության սրտով չէր, և ԲՀԿ-ն նախագծին դեմ քվեարկեց այդ ժամանակ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ միասին: ԼՀԿ-ն դեմ քվեարկեց՝ տեսնելով շահերի բախում, իսկ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց, որովհետև խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պահանջում էր մաքսատուրք սահմանել նաև ցեմենտի հումքի՝ կլինկերի ներկրման համար։
Նշենք, որ երկրում օգտագործվող ցեմենտի 70-80 տոկոսն արտադրող «Արարատցեմենտ» գործարանը Գագիկ Ծառուկյանի՝ այդ ժամանակ հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներից մեկն էր։
ԱԺ-ի այս որոշմանը հաջորդեցին «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների գործադուլները, քանի որ ղեկավարությունից ծանուցագրեր էին ստացել, որ երկու ամիս անց գործազուրկ են մնալու:
Չնայած դժգոհություններին՝ խորհրդարանը որոշեց 22,000 դրամի փոխարեն ցեմենտի ներկրման պետական տուրք սահմանել 14,000 դրամը, իսկ կլինկերի նկատմամբ պետական տուրք չկիրառել։ Նաև որոշվեց ցեմենտի վրա կիրառվող պետական տուրքի վրա դնել գործողության ժամկետ՝ մեկ տարի, որպեսզի մեկ տարվա ընթացքում հասկանան, թե ինչպես է փոխվում շուկան, քանի որ հարցը ուսումնասիրությունների կարիք ուներ։
Այս կարգավորումը պահպանվեց մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։ ԱԺ-ում արտահերթ նիստում նախատեսվում էր ևս 6 ամսով երկարացնել այդ «14 հազար և 0 դրամ ռեժիմը», բայց բավարար թվով ձայներ չհավաքվեցին, և նախագիծը չանցավ:
Ցեմենտ արտադրողների դժգոհությունները մեղմացնելու նպատակով կառավարությունը 2021-ի հունվարի 27-ին որոշեց վեց ամսով արգելել ցեմենտի ներմուծումը Հայաստան, ապա առաջարկեց 1 տոննա ցեմենտի ներմուծման համար սահմանել 25 հազար դրամ տուրք, կլինկերի ներմուծման համար՝ 9 հազար դրամ։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը առաջարկին տվել էր բացասական եզրակացություն՝ հիմնավորելով, որ դա շուկան կտանի մոնոպոլիզացման։ Արդյունքում օրենք ընդունվեց՝ ցեմենտի ներմուծման համար սահմանված գինը թողնել անփոփոխ՝ 14 հազար դրամ, ցեմենտի հումքի` կլինկերի ներմուծման համար սահմանվեց 2000 դրամ պետական տուրք:
Նշենք, որ քննարկումների ժամանակ խոսում էին նաև ցեմենտի որակից՝ այդ թվում նշելով, որ նման որոշումը կայացնում են, որպեսզի տեղական արտադրողները բարձրացնեն ցեմենտի որակը։ Մինչդեռ այս ընթացքում որակի փոփոխություն կարծես չեղավ։ Այս տարվա սեպտեմբերին Քաղաքաշինության կոմիտեն այդ խնդրով նույնիսկ նիստ էր գումարել։
Հարցն օրակարգային դարձավ նաև այս տարի, երբ շինարարության ծավալները ամսեամիս ավելանում էին, իսկ ցեմենտը՝ թանկանում։ 2022-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ քննարկման դրվեց և հաստատվեց օրենք, ըստ որի՝ ներկրվող ցեմենտի տուրքը նվազեց 5000 դրամով (մեկ տոննայի համար սահմանվեց 9000 դրամ), իսկ ներկրվող կլինկերի տուրքը վերացավ: Արձանագրվեց՝ միայն մեկ տարում Հայաստանում ցեմենտը թանկացել է 25 տոկոսով։
Օրենքի ընդունումից հետո, երբ արդեն երկրում նկատվեց ցեմենտի դեֆիցիտ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը զեկուցեց, որ հանձնաժողովն ուսումնասիրել է ցեմենտի շուկան և կա մտահոգություն, որ դեֆիցիտը կարող է նաև ստեղծված լինել արհեստական պատճառով, և գնի բարձրացումը կարող է պայմանավորված լինել դրանով:
Իսկ այս տարվա նոյեմբերի 1-ին ԱԺ-ում հարցի քննարկմանը հայտարարվեց, որ «Արարատցեմենտը» և «Հրազդան ցեմենտը» պակասեցրել են արտադրության ծավալները։ «Նախնական ցուցանիշներով արձանագրել ենք հետևյալ իրավիճակը, որ ընկերություններից մեկը՝ Հրազդան ցեմենտը, զգալի կրճատել է իր իրացման ծավալները, նախորդ ամսվա համեմատ 26000 տոննայից իջել է 4000 տոննա։ Որոշակի իրացման ծավալների կրճատում, մոտ 7-8 տոկոսի չափով արձանագրվել է նաև գերիշխող դիրք զբաղեցնող ընկերության՝ «Արարատցեմենտ» ընկերության մոտ։ Արձանագրել ենք նաև ներմուծվող ցեմենտի ծավալների մի փոքր ավելացում, կապված տուրքի մասին օրենքում կատարված փոփոխության հետ, բայց ներմուծման ծավալները դեռ էական չեն աճել։ Այսինքն՝ պակասորդը փաստ է, հստակ արձանագրվում է շուկայում։ Արդյոք դա արհեստական է ստեղծվել, թե բնական պակասորդի մասին է խոսքը, ներկայումս հանձնաժողովը դեռ որևէ եզրահանգման չի եկել»,- նշեց ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը։
Ցեմենտի արտադրության և ներկրման պատկերը՝ թվերով
2019-2021 թվականների ընթացքում, երբ ցեմենտի ներկրման համար տուրք է սահմանվում տեղական արտադրողին պաշտպանելու հիմնավորմամբ, շուկայում շինարարության աճի պայմաններում տեղական արտադրությունը ևս աճում է, զուգահեռ ցեմենտի գները ևս աճում են: Ցեմենտի արտադրության աճն ապահովում էր հիմնական 2 արտադրողների՝ «Արարատցեմենտի» և «Հրազդան ցեմենտի» հաշվին:
Ըստ ԱՎԿ-ի տվյալների՝ 2019-ին արտադրվել է 590.5 հազար տոննա ցեմենտ, 2020-ին՝ 715.1 հազար տոննա, 2021 թվականին արտադրվել է 744.5 հազար տոննա ցեմենտ։
Երկու տարում արտադրությունն աճել է 26%-ով:
Ցեմենտի ներմուծումը կրճատվել է կրկնակի՝ 101%-ով։ Եթե 2019-ին Իրանից ներկրվել էր Հայաստան 298 հազար տոննա, 2020 թ.-ին՝ 230 հազար տոննա, ապա 2021-ին՝ շուրջ 148 հազար տոննա։
Ցեմենտի հումքի՝ կլինկերի ներմուծումը Իրանից 2019-ին կազմել էր 32 հազար տոննա, 20-ին՝ 20 հազար տոննա, 21-ին՝ 26 հազար։
3 տարում ցեմենտի գինն աճել է շուրջ 35 տոկոսով
Եթե 2019-ին ցեմենտ կարելի էր գնել 40,000 դրամով, ապա այսօր արդեն 1 տոննա ցեմենտի գինը աճել է շուրջ 35 տոկոսով։ «Արարատցեմենտ» գործարանից FIP.am-ին հայտնեցին, որ մեկ տոննան ներկա պահին վաճառվում է 54,000 դրամով, իսկ «Հրազդան ցեմենտից» հայտնեցին, որ վաճառում են 53,000 դրամով։ Հատկանշական է, որ սպառողին ապրանքը հասնում է ավելի բարձր գներով։ Շինարարական խանութներից ցեմենտ կարելի է ձեռք բերել մեկ տոննան 64,000 դրամով, իսկ իրանական ցեմենտի գինը հասնում է շուրջ 70,000 դրամի։
Այս դեֆիցիտի պայմաններում ներկրման տուրքի նվազումից հետո շուկայում արդեն իրանական ցեմենտի առաջարկ է արվում նաև ոչ ավանդական տարբերակով։ Օրինակ, List.am կայքում առաջարկում են իրանական ցեմենտի մեծածախ գնման դեպքում մեկ տոննան 60-65,000 դրամով։
Նելլի Լազարյան