Փետրվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովում իր ուղերձի ընթացքում պնդել է, թե մանկապղծությունը ԵՄ երկրներում «հայտարարվել է որպես կյանքի նորմա»։
«Տեսե՛ք, թե ինչ են նրանք (արևմտյան երկրները,-խմբ․) անում իրենց ժողովուրդների հետ՝ ընտանիքի, մշակութային և ազգային ինքնության կազմաքանդում։ Այլասերումը, երեխաների հանդեպ ծաղրը՝ ընդհուպ մինչև մանկապղծությունը, հայտարարվում են որպես կյանքի նորմա»,- մասնավորապես, ասել է նա։
«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է Պուտինի այս պնդումը:
ԵՄ երկրներում մանկապղծությունը քրեականացված է, դրա դեմ պայքարում են ինչպես եվրոպական և միջազգային կոնվենցիաների, այնպես էլ ներպետական օրենսդրության միջոցով։
Այսպես՝ 2007 թվականին գործում է «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» ԵԽ կոնվենցիան։ 2010-ին ԵՄ ընդունած «Ստկոկհոլմի ծրագրով», մանկապղծության դեմ պայքարը հռչակվել է որպես առաջնահերթություն։ Իսկ 2011 թ․ դեկտեմբերին Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական խորհրդարանը թարմացրել են մանկապղծության դեմ օրենսդրությունը՝ 2004 թվականին ընդունված շրջանակային որոշումը փոխարինելով «Երեխաների սեռական բռնության ու սեռական շահագործման, մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարի վերաբերյալ» հրահանգով։
2022-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է երեխաների սեռական բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կանոնները սահմանող կարգավորումը, որն ուղղված է լինելու համացանցում երեխաների սեռական բռնության դեպքերի հայտնաբերմանը։
ԵՄ առանձին երկրներ պարբերաբար վերանայում են մանկապղծության դեմ ներպետական օրենսդրությունը․ օրինակ՝ 2021 թվականին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որով սեռական կապը 15 տարեկանից փորք երեխաների հետ առանց վերապահման բնորոշվում է որպես բռնաբարություն և պատժվում է մինչև 20 տարվա ազատազրկմամբ։
Պեդոֆիլիան՝ երեխաների հետ սեռական կապը կամ սեռական բռնությունը, հետապնդելի արարք է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Տարբեր նահանգներում որոշակի դետալներ կարող են տարբերվել (օրինակ՝ համաձայնության տարիքը կարող է տարբեր լինել), սակայն բոլոր նահանգների և դաշնային օրենսդրությունը արգելում են երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունը:
Պուտինի պնդումը՝ «հին կրեմլյան քարոզչական թեզ»
Հատկանշական է, որ Կրեմլի քարոզչամեքենան տևական ժամանակ է, ինչ շրջանառության մեջ է դրել թեզը, թե արևմտյան երկրներում մանկապղծությունը համարվում է նորմա և այն օրինականացնելու մտադրություն կա։ Նմանօրինակ կեղծ պնդումները ժամանակ առ ժամանակ հայտվում են արևմտյան երկրների փաստեր ստուգողների ուշադրության կենտրոնում։
Օրինակ՝ ապատեղեկատվության դեմ պայքարող եվրոպական euvsdisinfo.eu հարթակը ռուսաստանյան մեդիայում գեներացվող՝ Արևմուտքում մանկապղծության պետական քարոզչության ու օրինականացման վերաբերյալ մի շարք հայտարարություններ է ստուգել և բացահայտել է դրանց կեղծ լինելը:
Ի դեպ, այս շարքում են նաև Արևմուտքում մանկապղծության մասին ռուսաստանյան քարոզչական ռեսուրսների կողմից գեներացվող թեզերը վերարտադրող մի շարք հայաստանյան մեդիառեսուրսներ՝ օրինակ Livenews.am և Iravunk.com կայքերը։
Այսպիսով, Վլադիմիր Պուտինի պնդումը, թե արևմտյան երկրներում մանկապղծությունը նորմա է հռչակվել, ակնհայտ կեղծիք է․ մանկապղծությունը նշված երկրներում քրեականացված է, դրա դեմ պայքարող օրենսդրությունը պարբերաբար թարմացվում և խստացվում է։
Նանե Մանասյան