Վրաստանում օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրինագծի քննարկումները հայկական մեդիայում ակտիվացրին քննարկումները նմանատիպ երկու այլ օրենքներ վերաբերյալ, որոնք գործում են ԱՄՆ-ում և Ռուսաստանում:
Հայաստանյան լրատվամիջոցների մի մասը ներկայացնում էր վրացական օրինագիծը որպես ամերիկյան օրենքի ազդեցությամբ ստեղծված օրենք, մյուս մասը՝ որպես ՌԴ ազդեցությամբ ստեղծված փաստաթուղթ:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է երկու պետություններում գործող համապատասխան օրենքներն ու Վրաստանում տապալված օրինագիծը և ամփոփել դրանց նմանություններն ու տարբերությունները:
«Օտարերկրյա գործակալների գրանցման» օրենքը ԱՄՆ-ում
Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը (FARA) ԱՄՆ-ում ընդունվել է դեռ 1938-ին: Դրա նպատակը Համաշխարհային երկրորդ պատերազմի նախաշեմին նացիստական պրոպագանդային հակազդելն էր: Այն գործակալ է ճանաչում անհատներին ու կազմակերպություններին, որոնք զբաղվում են այլ երկրի կառավարությունների, կազմակերպությունների կամ անհատների քաղաքական լոբբինգով կամ շահերի պաշտպանությամբ: Այդ անձինք կամ կազմակերպությունները պարտավոր են գրանցվել Արդարադատության դեպարտամենտում (նախարարությունում) և բացահայտել օտարերկրյա սուբյեկտի հետ իրենց պայմանագրերը, զեկուցել ֆինանսավորման չափը և աղբյուրները: Օրենքը գործակալ է համարում նրանց, ովքեր գործում են օտարերկրյա սուբյեկտի խնդրանքով, վերահսկողությամբ, ղեկավարությամբ կամ հրամանով:
FARA-ն չի արգելում որևէ լոբբիստական գործունեություն՝ հանուն այլ երկրի շահերի, և չի սահմանափակում դրանք: Սակայն ԱՄՆ Արդարադատության նախարարության ռեեստրում չգրանցվելը համարվում է Դաշնային օրենքի խախտում, և եթե պարզվի, որ դա միտումնավոր է կատարվել, խախտող կազմակերպությանը կամ անհատին սպառնում է քրեական հետապնդում:
Ըստ Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի զեկույցի*՝ ամերիկյան օրենքը որպես գործակալ գրանցում չի նախատեսում զուտ այն բանի համար, որ տվյալ անձը կամ կազմակերպությունը ստացել է դրամական միջոցներ արտասահմանյան աղբյուրից: «ԱՄՆ-ում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ ստանում են արտասահմանյան դրամաշնորհներ և այլ աջակցություն, սակայն ԱՄՆ-ն նրանցից չի պահանջել գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ FARA-ի շրջանակում: FARA-ում գրանցվածների միայն մոտ 5%-ն են շահույթ չհետապնդող կազմակերպություններ՝ հիմնականում արտաքին քաղաքական կուսակցությունների մասնաճյուղեր»,- նշված է զեկույցում:
Երկար տարիներ օրենքը գտնվում էր պասիվ վիճակում և հազվադեպ էր դառնում քննարկման թեմա:
2016 թ.-ին այն կրկին արդիականություն ստացավ, երբ տեղեկություններ ստացվեցին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության վերաբերյալ: Այսպես, 2018-ին մեղադրանք առաջադրվեց ՌԴ 13 քաղաքացու և 3 կազմակերպության FARA-ի խախտման հիմքով՝ ԱՄՆ ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ 2016 թ. նախագահական ընտրություններին միջամտելու համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք թաքցրել են իրենց ազգային ինքնությունը, սոցիալական ցանցերում հաշիվներ ստեղծել և գրառումներ արել ի աջակցություն նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և քննադատել են մյուս թեկնածու Հիլարի Քլինթոնին: Նրանք նաև համակարգել և իրականացրել են քաղաքական ցույցեր ԱՄՆ-ում:
2017-ին ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալ ճանաչվեց ռուսական RT գործակալությունը: Որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու պահանջ ներկայացվեց նաև որոշ չինական, ճապոնական և հարավկորեական մեդիա կազմակերպությունների:
Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը ժամանակ առ ժամանակ արժանացել է քննադատության, և կարծիքներ են հնչել, որ այն պետք է բարեփոխվի: Շատ վերլուծաբաններ գտնում են, որ, օրինակ, պահանջելով չինական և ռուսական լրատվական գործակալություններից գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, սակայն նույն պահանջը չներկայացնելով բրիտանական BBC-ին կամ կանադական CBC-ին՝ տպավորություն է ստեղծում, թե օրենքը գործածվում է որպես քաղաքական գործիք: Մեզ հանդիպած մեկ այլ հոդվածում էլ նշվում է, որ օրենքում սահմանումները հստակ չեն, ինչը նշանակում է, որ այն կարող է վտանգավոր լինել քաղաքացիական հասարակության համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ Կոնգրեսը վերջին տարիներին փորձում է խստացնել օրենքի դրույթների կիրառումը:
Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի հոդվածի համաձայն՝ թեև FARA-ն ավանդաբար կիրառվել է բացառապես Միացյալ Նահանգներում և ունի էական տարբերություններ այլ երկրների օրենսդրությունների համեմատ, այդուհանդերձ, դրա ընդհանրական լեզուն դյուրացրել է օտարերկրյա կառավարություններին զուգահեռներ անցկացնել իրենց օրենսդրության և ԱՄՆ օրենսդրության միջև:
Ռուսաստանյան օրենքը օտարերկրյա գործակալների մասին
2012 թ.-ին նախագահի պաշտոնը 3-րդ անգամ ստանձնած Վլադիմիր Պուտինը ստորագրեց օտարերկրյա գործակալների գործառույթ իրականացնող՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքը: Երկրի արդարադատության նախարարությունը ստեղծեց ռեեստր, որտեղ պետք է գրանցվեն բոլոր կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում արտերկրից և զբաղվում են քաղաքական գործունեությամբ: Այդ կազմակերպություններն իրենց նյութերին պետք է կցեն նաև իրենց կարգավիճակի մասին տեղեկություն, ինչպես նաև հաշվետվություն ներկայացնեն իրենց գործունեության մասին:
2017 թ.-ին ՌԴ խորհրդարանը՝ Պետդուման, փոփոխություններ կատարեց «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում, ինչը թույլ տվեց ճանաչել արտասահմանյան լրատվամիջոցներին որպես օտարերկրյա գործակալներ:
2019 թ. ընդունված փոփոխության համաձայն՝ ցանկացած անհատ կարող է ճանաչվել օտարերկրյա գործակալ: Կարգավիճակը տրվում է այն անձանց, որոնք տարածում են գործակալի կարգավիճակ ունեցող ԶԼՄ-ի նյութերը կամ եկամուտ են ստանում արտերկրից:
2022 թ. հուլիսին Պուտինը ստորագրեց օտարերկրյա գործակալների մասին օրենքի նոր փոփոխությունները, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուրի, ով աջակցություն է ստանում արտերկրից կամ գտնվում է «այլ ձևերով օտար ազդեցության տակ», հայտարարել օտարերկրյա գործակալ։ Բացառություն են միայն գործատուների ընկերակցությունները, առևտրաարդյունաբերական պալատները և միջազգային կազմակերպությունների պաշտոնյաները: Օտարերկրյա գործակալներին, ըստ օրենքի, արգելվում է դասավանդել հանրակրթական դպրոցներում և բուհերում, պետական բյուջեի հաշվին ստեղծագործական գործունեություն ծավալել, պետական պայմանագրերով մասնակցել գնումներին և բնապահպանական գնահատումներ կատարել։ Այն ՀԿ-ները և ԶԼՄ-ները, որոնք իրենց նյութերը տարածելիս չեն տեղեկացնում իրենց կարգավիճակի մասին, տուգանվում են 300,000 ռուբլու (շուրջ ֏2 մլն) չափով, իսկ օրենքի խիստ խախտման դեպքերում կարող են դատապարտվել ազատազրկման:
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը գրեթե ամեն շաբաթ թարմացնում է օտարերկրյա գործակալների ցանկը: Այդ կարգավիճակն ունեն հարյուրավոր ֆիզիկական անձինք և մի քանի տասնյակ ՀԿ-ներ և ԶԼՄ-ներ:
Ռուսաստանում Օտարերկրյա գործակալի կարգավիճակ են ստացել այնպիսի հայտնի ԶԼՄ-ներ, ինչպիսիք են «Մեդուզան», «Դոժձը» (մինչև Ռուսաստանից հեռանալը), Ալեքսեյ Պիվովարովի յութուբյան «Ռեդակցիան» և այլն, իսկ անհատներից գործակալ են ճանաչվել շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, քաղաքական ակտիվիստ Գարի Կասպարովը, երգչուհի Զեմֆիրան, հումորիստ Մաքսիմ Գալկինը, լրագրող Յուրի Դուձը և այլք: Հետագայում և՛ «Մեդուզան», և՛ «Դոժձը» արգելափակվեցին Ռուսաստանում: Հատկանշական է, որ Ռուսաստանում օտարերկրյա գործակալի կարգավիճակ են ստացել անգամ այն կազմակերպությունները, որոնք կապ չուն քաղաքականության հետ: Դրանցից են «Մենք դեմ ենք ՁԻԱՀ-ին» հասարակական կազմակերպությունը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF):
Ռուսաստանցի շատ գործիչներ և իրավաբաններ օտարերկրյա գործակալների մասին օրենքը համարում են ՌԴ-ում քաղաքացիական հասարակության դեմ ճնշման գործիք: Ըստ միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցի (2022 թ).՝ օրենքի պատճառով մեծ թվով կազմակերպություններ ստիպված էին փակվել, քանի որ նրանք կա՛մ ձգտում էին խուսափել «թունավոր» պիտակից, կա՛մ չկարողացան դիմանալ ծանր տուգանքներին, որոնք սահմանված էին օրենքի ծանր, կամայական պիտակավորման և հաշվետվությունների պահանջները խախտելու համար: Կրեմլն օգտագործեց «օտարերկրյա գործակալների» օրենքը որպես իրավական պատրվակ՝ փակելու այլ խմբեր ևս, ինչպիսին է «Մեմորիալ» իրավապաշտպան խումբը՝ 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներից մեկը:
Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին տապալված օրինագիծը Վրաստանում
Փետրվարի 14-ին «Ժողովրդի ուժը» հասարակական շարժումը պաշտոնապես հայտարարեց, որ նախաձեռնելու է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց օրինագիծը, ինչից հետո Թբիլիսիում սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ: Օրինագիծը խստորեն քննադատել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն և այլք:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մարտի 9-ին հայտարարեց օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ կանչելու որոշման մասին:
Թեև օրենքի մեկ նախագիծ է քվեարկության դրվել խորհրդարանում, քննարկման էր դրվել նաև նմանատիպ մեկ այլ՝ ավելի կոշտ դրույթներով նախագիծ:
Առաջին օրինագծի** համաձայն՝ օտարերկրյա ազդեցության գործակալ են շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնց եկամտի 20%-ից ավելին օտարերկրյա ուժերից է: Օրինագծում նշվում էր, որ օտարերկրյա ազդեցության գործակալի չափանիշներին համապատասխանող սուբյեկտը պարտավոր է դիմել Հանրային ռեգիստրի ազգային գործակալություն՝ որպես օտարերկրյա ազդեցության գործակալ գրանցվելու համար և ներկայացնելու ֆինանսական հայտարարագիրը։ Բացի այդ, Վրաստանի արդարադատության նախարարությունը իրավասու էր ցանկացած պահի իրականացնել մշտադիտարկում՝ օտարերկրյա ազդեցության գործակալին հայտնաբերելու կամ օրենքի պահանջներից որևէ մեկի համապատասխանությունը ստուգելու նպատակով։ Օրինագիծը վարչական պատասխանատվություն էր նախատեսում համապատասխան պայմանները չկատարելու համար (տուգանքի առավելագույն չափը՝ 25,000 լարի, շուրջ ֏3,750,000)։
Երկրորդ նախագծի համաձայն՝ փետրվարի 22-ին խորհրդարանի անդամները գրանցեցին օրինագծի մեկ այլ տարբերակ, որն ընդլայնում է «օտարերկրյա ազդեցության գործակալների» շրջանակը՝ ներառելով ֆիզիկական անձանց, և խստացնում է պատիժները պահանջները չկատարելու համար՝ տուգանքներից մինչև հինգ տարվա ազատազրկում։ Օրինագծում ասվում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ելնելով «օտար ուժի շահերից», կհամարվի «օտար ուժի» «գործակալ», եթե նրանք մասնակցեն Վրաստանում ընթացող քաղաքական գործունեությանը, հանդես գան որպես հանրային կապերի խորհրդատու, գովազդային գործակալ, լրատվական ծառայության աշխատակից կամ քաղաքական խորհրդական, կամ ֆինանսավորեն Վրաստանում տարբեր կազմակերպությունների, տրամադրեն գումար կամ այլ գույք, պետական մարմինների հետ հարաբերություններում ներկայացնեն Վրաստանում օտար տերության շահերը։
Ըստ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ այս անորոշ հասկացություններից շատերը, ներառյալ «քաղաքական գործունեությունը», հստակորեն սահմանված չեն օրենքով և կարող են ավելի սահմանափակել կազմակերպությունների և անհատների ազատության իրավունքը: Թեև հենց իշխանությունները պնդում են, թե վրացական օրինագծերի նախատիպը ամերիկյան օրենքն է, իրականում ամերիկյան օրենքում շեշտվում է քաղաքական լոբբիստական աշխատանք կատարելու պայմանը, և գործակալ չեն համարվում այն կազմակերպությունները, որոնք պարզապես ֆինանսավորվում են արտերկրից:
Այսպիսով, օտարերկրյա ազդեցության մասին օրենքներն առաջին հայացքից նման, սակայն իրականում տարբեր են ոչ միայն առանձին դրույթներով, այլև ընդունման քաղաքական դրդապատճառներով: Ամերիկյան օրենքն ի սկզբանե ընդունվել է նացիստական Գերմանիայի քարոզչությանը հակազդելու համար, սակայն 2016-ից ակտիվորեն ուղղվել է ռուսական ազդեցությունը նվազեցնելու դեմ: Քննադատները պնդում են, որ օրենքն ունի անորոշ և ոչ հստակ ձևակերպումներ, ինչը տարակարծության առիթ է թույլ տալիս, իսկ առանձին դեպքերում օրենքը ընտրողաբար է գործում՝ ըստ երկրի:
ՌԴ-ում օրենքն ընդունվել է Վլադիմիր Պուտինի նախագահական երրորդ ժամկետի մեկնարկից անմիջապես հետո և շատ վերլուծաբանների և միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ ուղղված է եղել քաղաքացիական հասարակության դեմ: Օրենքի հետևանքով լրատվամիջոցներ և ՀԿ-ներ են փակվել:
Վրաստանում ձախողված օրինագծերի տեքստերը թույլ են տալիս եզրակացնել, որ դրանք ավելի շատ ՀԿ-ների և լրատվամիջոցների դեմ որպես ճնշող գործիք կիրառվելու նպատակով էին գործելու:
Լուսինե Ոսկանյան
- * Զեկույցը պատրաստվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
- ** Առաջին օրինագծի մասին տեղեկության աղբյուրը վրաստանյան «Փաստ մետր» փաստեր ստուգող կայքն է: