Lragir.am-ը ապրիլի 16-ին հոդված է հրապարակել «ՌԴ Պետդումա․ Հայաստանը վիճելի տարածք է և պետք է վերացվի» վերնագրով:
Նյութում հղում է արվում ՌԴ Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Եվգենի Ֆյոդորովի՝ NEWS.ru-ին տված հարցազրույցին, որի ընթացքում նա նշել է, որ Հայաստանը ԽՍՀՄ-ից դուրս է եկել ապօրինի՝ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ չի ավարտել ընթացակարգը: Նրա խոսքով, այդ պատճառով Երևանը Մոսկվայի դաշնակից համարվելու իրավական հիմքեր չունի։
Ֆյոդորովն իսկապես նշել է, որ «Հայաստանը միջազգային իրավունքի տեսակետից վիճելի տարածք է, քանի որ դուրս չի եկել ԽՍՀՄ կազմից»:
«Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանը դուրս չի եկել ԽՍՀՄ-ից, հետևաբար Ռուսաստանից՝ որպես խորհրդային պետության իրավահաջորդ։ Այդ իսկ պատճառով Մոսկվան և Երևանը պետք է հետագա հարաբերությունները կառուցեն այս կարգավիճակի հիման վրա։ Հայաստանը պետք է անկախ լինի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա միջազգային իրավունքի տեսանկյունից վիճելի տարածք է»,- ասել է Ֆյոդորովը:
Միևնույն ժամանակ, սակայն, ռուսաստանցի պաշտոնյան չի ասել, որ Հայաստանը պետք է վերացվի, ինչպես նշված է Lragir.am-ի վերնագրում:
Հատկանշական է նաև, որ այս հայտարարությունը Ֆյոդորովը չի արել պետդումայի անունից․ ՌԴ պետական դուման կազմված է 450 պատգամավորից, և միայն մեկ պատգամավոր է այս պնդումները կատարել, հետևաբար Lragir.am-ը վերագրում է պետդումային մի հայտարարություն, որը կառույցը չի արել:
Ֆյոդորովն «Ազգային ազատագրական շարժում» ծայրահեղ աջական կազմակերպության ղեկավարն է: Նա հայտնի է իր հակահայկական հայտարարություններով․ օրինակ՝ 2022 թ. նոյեմբերին նա հայտարարել է, որ Հայաստանն անօրինական երկիր է:
«Հայաստանում իշխանությունը հաստատվել է ԱՄՆ-ի նարնջագույն հեղափոխության գործընթացում, ինչպես Կիևում։ Սակայն նրա գոյատևման հարցը կախված է Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաֆոբիայի հարցը այս ապօրինի պետական կազմավորման մեջ պետք է լուծել ըստ օրենքի»,- ասել էր նա։
Ֆյոդորովի կարծիքով՝ ԽՍՀՄ լուծարումն իրականացվել է ապօրինի՝ ԽՍՀՄ Սահմանադրության խախտումներով, և 1991 թվականի այս գործընթացները պետք է հետաքննի ՌԴ դատախազությունը։
Այսպիսով, Lragir.am-ի պնդումը, թե ՌԴ պետդուման հայտարարել է, որ Հայաստանը վիճելի տարածք է և պետք է վերացվի, մանիպուլյատիվ է: Միևնույն ժամանակ, ծայրահեղ աջական պատգամավոր Եվգենի Ֆյոդորովն իսկապես ասել է, որ ՀՀ-ն վիճելի տարածք է, սակայն այն վերացնելու մասին չի խոսել: Ավելին՝ հայտարարությունը չի արվել պետդումայի անունից և չի հաստատվել դրա կողմից:
Լուսինե Ոսկանյան