2023-ի փետրվարին Հանրային հեռուստաընկերության եթերում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ մոտակա մեկ ամսում Հայաստանում իր գործունեությունը կսկսի ծավալել աշխարհահռչակ բրիտանա-հոլանդական Shell ընկերությունը։
«Մարտ ամսին ընկերությունը կբացի 3 բենզալցակայան, և դա կլինի նոր, ժամանակակից բենզալցակայաններ»,- խոստացավ նախարարը։
Նախարարի այս խոստումից անցել է ավելի քան 2 ամիս, սակայն բենզալցակայանները դեռևս չեն բացվել։ Իսկ ապրիլի 21-ին նախարարը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ կայանները շուտով կսկսեն աշխատել։
«Փաստերի ստուգման հարթակի» հարցին, թե ինչո՞ւ մարտին խոստացված բենզալցակայանները դեռ չեն բացվել, Էկոնոմիկայի նախարարությունից խորհուրդ տվեցին դիմել հենց ընկերությանը, քանի որ «դա մասնավոր ընկերություն է և նրանց գործունեության հետ կապված ռիսկերն ու խնդիրները պետությունը չի կարող կառավարել»։
Ընկերությունից էլ տեղեկացրեցին, որ այս պահին ավարտական փուլում է թվով երեք բենզալցակայանների շահագործումը, դրանց վրա վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարվում և սպասում են ապրանքի ներմուծմանը։
Ընկերությունից տեղեկացրեցին նաև, որ նախարարի՝ մարտ ամսին բենզալցակայանները բացելու խոստման հիմք էր հանդիսացել իրենց տրամադրած տեղեկատվությունը։
Ի դեպ, սա Shell ընկերության՝ բենզալցակայաններ բացելու խոստման երկրորդ հետաձգումն է: Առաջին անգամ այս խոստումը Քերոբյանը տվել էր նաև մեկ տարի առաջ՝ 2022-ի մայիսին։ Այն ժամանակ էլ նախարարը խոստացել էր մինչև 2022-ի աշուն Հայաստանում գործարկել բենզալցակայանների ցանցը։
Այսպիսով փաստենք, որ էկոնոմիկայի նախարարի խոստումը երկու անգամ հետաձգվում է, իսկ պատճառների մասին հարցնելիս նախարարությունից հորդորում են դիմել մասնավոր ընկերությանը։
Սևադա Ղազարյան