Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 14-ին, մեկնաբանելով Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության նոր օպերատիվ կետերի տեղակայման լուրը, նշել է, որ ԵՄ ակտիվությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում ապակայունացնում է իրավիճակը:
«Ոչ մի «հավելյալ արժեք» չկա ԵՄ-ական «փորձագետների» կասկածելի ակտիվությունից հայ-ադրբեջանական սահմանի գոտում: Առավելևս, նրանք ունակ չեն ապահովելու անվտանգությունը և ռուսաստանյան վճռական միջնորդությամբ հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը: Տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորը նախկինի պես մնում է ռուսաստանյան խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունը»,- ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության, ասել է Զախարովան:
Հատկանշական է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդների ներկայությունը քննադատող հերթական հայտարարությունը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն արել է նույն օրը, երբ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարը, կրակ են բացել Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ՝ վիրավորելով տարածքում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման նպատակով տեղում գտնվող Հնդկաստանի երկու քաղաքացու: Ընդ որում, Երասխի տարածքում 2020-ի նոյեմբերից ի վեր գործում է Ռուսաստանի Դաշնության զինվորական կոնտինգենտը:
Փաստացի, ՌԴ զինվորականների ներկայությունը չի երաշխավորում անվտանգությունը և հրադադարի պահպանումը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և Արցախի Հանրապետության տարածքում, այլև Հայաստանի Հանրապետության տարածքում և հայ-ադրբեջանական պետական սահմանի գոտում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պնդումը, թե «տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորը նախկինի պես մնում է ռուսաստանյան խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունը», մանիպուլյատիվ է և չի համապատասխանում իրականությանը:
Հակոբ Կարապետյան