«Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրում, քան նույնիսկ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք ու պատգամ ունի»,- հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ այս գլխագրով նորություն են տարածել այսօր։ Դրանց թվում են «Հետքը», «Ա1+»-ը, Oragir.News-ը, InfoPort.am-ը, Lurer.com-ը և այլք։
Տեղեկատվության աղբյուրը Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնական կայքում հունիսի 29-ին տարածված հաղորդագրությունն է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման մասին․ դրանում Ֆրանսիայի նախագահին է վերագրվում հայ-ադրբեջանական գործընթացի, մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման վերաբերյալ հայտարարությունը։
Ըստ կուսակցության կայքի՝ Մակրոնը, պատասխանելով Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Սաբրինա Ագրեսթի-Ռուբաշի (Sabrina Agresti-Roubache)՝ Արցախին և Հայաստանին վերաբերող հարցին, նշել է, թե ինքն Ալիևի վրա «ավելի շատ ճնշում է գործադրում և կգործադրի, քան նույնիսկ Փաշինյանը»:
«Ես Ալիեւին վրայ աւելի ճնշում բանեցուցած եմ եւ կը բանեցնեմ քան նոյնինքն Փաշինեանը: Հարցը Փաշինեանն է: Ես Արցախի հարցով միակն եմ, որ յստակ կեցուածք ու պատգամ ունիմ»,- ըստ ՀՅԴ կայքի արևմտահայերեն բնագրի՝ ասել է Մակրոնը։
Այս տեղեկությունը նույնությամբ արտատպած ԶԼՄ-ների մեծ մասի վերնագրերն ապակողմնորոշող են․ դրանցից տպավորություն է ստեղծվում, որ Ֆրանսիայի նախագահին վերագրվող խոսքերը պաշտոնապես հաստատված են։
«Հետք» պարբերականի ֆեյսբուքյան էջում անգամ Մակրոնին վերագրվող հայտարարությամբ լուսանկար հրապարակվեց՝ առանց աղբյուրին հղում անելու։
«Հետքը», սակայն, ավելի ուշ սոցմեդիայից հեռացրեց լուսանկարը՝ կից գրառմամբ, ինչպես նաև կայքից հեռացվեց համապատասխան հրապարակումը։
Տեղեկատվության տարածումից որոշ ժամանակ անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ փոխկապակցված Civic.am-ը փորձեց հերքել այն՝ հղում անելով անանուն աղբյուրի՝ հայ համայնքի հետ հանդիպմանը մասնակցած երիտասարդներից մեկին։
«Մարսելի հայ համայնքի հետ կազմակերպված Ֆրանսիայի նախագահի հանդիպմանը մասնակցած երիտասարդներից մեկը հերքել է մամուլում տարածված տեղեկությունը, համաձայն որի Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը հայտարարել է, թե ինքը ավելի շատ ճնշում է բանեցրել Ի. Ալիևի նկատմամբ, քան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երիտասարդը հայտնել է, որ հանդիպման ամբողջ ընթացքում համանման որևէ հայտարարություն Ֆրանսիայի նախագահը չի արտաբերել, այլ ընդհակառակը՝ շեշտել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների և մշակութային կապի կարևորությունը»,- գրված է հրապարակման մեջ:
FIP.am-ն ուսումնասիրեց նաև Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը և սոցցանցային էջերը։ Դրանցում սահմանափակ տեղեկատվություն կա Մակրոնի՝ Մարսել կատարած այցի մասին․ հայ համայնքի հետ հանդիպման և դրա մանրամասների մասին պաշտոնական տեղեկություն չկա։
Մակրոնին վերագրվող հայտարարության մասին չի նշվում նաև պատգամավոր Սաբրինա Ագրեսթի-Ռուբաշի թվիթերյան միկրոբլոգի՝ հայ համայնքի հետ հանդիպմանը վերաբերող գրառման մեջ․ ըստ ՀՅԴ հանրային գրասենյակի՝ Մակրոնին վերագրվող հայտարարությունն արվել էր Ագրեսթի-Ռուբաշի հարցին ի պատասխան։ Պատգամավորի գրառման մեջ, այնուհանդերձ, նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ կատարվել է Արցախին։ «200 օր շրջափակում Արցախում. Մենք չենք մոռանում այնտեղ ապրող 120000 հայերին։ Այս մասին երեկ հիշեց հանրապետության նախագահ Էմմանուել Մակրոնը՝ իմ ընտրատարածքի հայ համայնքի ղեկավարների հետ քննարկման ժամանակ։ Նրանց անվտանգությունը մեր առաջնահերթությունն է», — ասվում է Սաբրինա Ագրեսթի-Ռուբաշի թվիթում։
200 jours de blocus en Artsakh. Nous n’oublions pas les 120 000 Arméniens qui y vivent 🇦🇲
Le Président de la République @EmmanuelMacron l’a rappelé hier lors nos échanges avec des responsables de la communauté arménienne de ma circonscription.
Leur sécurité est notre priorité. pic.twitter.com/kxnPnmRodh
— Sabrina Agresti-Roubache (@SabrinaRoubache) June 28, 2023
Ըստ ՀՅԴ կայքի՝ հանդիպման ընթացքում Մակրոնը վստահեցրել էր նաև, որ վճռական է Հայաստանին ու Արցախին պաշտպանելու հարցում։
Մակրոնի ենթադրյալ հայտարարությանն արձագանքել են Բաքվից՝ նշելով, որ նման հայտարարությունները «հակաադրբեջանական» են ու «անընդունելի», որ դրանք «խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման գործին»։
Այսպիսով, Մակրոնին վերագրվող հայտարարությունը պաշտոնական աղբյուրներում՝ նախագահի կայքում, սոցիալական մեդիայի օգտահաշիվներում, այլ բաց աղբյուրներում՝ ֆրանսիական ԶԼՄ-ներում և այլն, չի հաստատվում։ Հետևաբար, հայաստանյան տեղեկատվական դաշտում տեղեկատվությունը հիմնված է բացառապես մեկ՝ ընդդիմադիր կուսակցական աղբյուրի վրա։
Հ․Գ․ «Փաստերի ստուգման հարթակը» գրավոր դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն և Ֆրանսիայի նախագահի աշխատակազմ՝ պարզելու տեղեկատվության իսկությունը։ Պատասխանն ստանալուն պես այն կհրապարակենք։
Նանե Մանասյան