Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր տեսաուղերձում պնդել է, թե իրեն պաշտոնից հեռացրել են ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացման դեպքում կրակ բացելու հրաման տալու համար։
«Ես գեներալ մայոր Արշակ Հենրիկի Կարապետյանը․․․, որը պաշտոնից հեռացվեց այն պատճառով, որ հրաման տվեց կրակ բացել հակառակորդի վրա նրա առաջխաղացման դեպքում, և այն դեպքերում, երբ որ նա կփորձի ներխուժել ՀՀ տարածք․․․»,- մասնավորապես, ասել է Կարապետյանը։
Փաստացի, Կարապետյանը պնդում է, որ գործող իշխանությունը, ի թիվս մի շարք այլ պատճառների, իրեն պաշտոնից հեռացրել է ՀՀ սահմանները ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փորձերից պաշտպանելու, սադրանքներին համարժեք պատասխան տալու հրամանի համար։
Կարապետյանը 2021 թվականի օգոստոսին հրապարակային ձևով հրահանգել էր կասեցնել Հայաստանի սահմանը հատելու հակառակորդի բոլոր փորձերը․ «Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք»։
Հիշեցնենք, որ Կարապետյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ պաշտոնից հեռացվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին։
Կարապետյանի հրաժարականի հաջորդ օրը՝ նոյեմբերի 16-ին, երբ Սուրեն Պապիկյանն արդեն նշանակված էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը․ նախարարության հաղորդագրության մեջ նշվում էր, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։
Իրադրության վերաբերյալ պաշտպանական գերատեսչության մյուս հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ ադրբեջանական կողմը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ հայկական կողմը, համարժեք գործողությունների դիմելով, կարողացել է հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ պատճառել։
Օրվա ընթացքում նախարարությունը հրապարակել էր նաև ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածք ներխուժած հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման կադրեր:
Մարտերը շարունակվել էին մինչև երեկո․ նույն օրը ռուսական կողմի միջնորդությամբ ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել․ հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունեցավ զոհեր, վիրավորներ, գերեվարվածներ ու դիրքային կորուստներ։
Մինչդեռ Կարապետյանի՝ ադրբեջանական առաջխաղացման դեպքում կրակելու հրաման տալը որպես իր պաշտոնանկության պատճառ ներկայացնելիս ստացվում է, թե ՀՀ իշխանություններն ադրբեջանական սադրանքներին համարժեք դիմադրություն ցույց տալը խնդրահարույց են համարել և, ըստ էության, ՀՀ սահմանները չպաշտպանելու քաղաքականություն են իրականացրել։
Փաստացի, Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունից մեկ օր անց տեղի ունեցած ադրբեջանական հերթական սադրանքին հայկական զինված ուժերը պատասխանել են՝ այդ թվում նաև հրետանային զինատեսակներով, տեղի են ունեցել մարտեր։ Հետևաբար, նրա պնդումը, թե իր՝ հակառակորդի առաջխաղացման դեպքում կրակելու հրաման տալը ՀՀ գործող իշխանությունների համար խնդրահարույց էր և իր պաշտոնանկության պատճառներից մեկն էր, մանիպուլյատիվ է։
Նանե Մանասյան