ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը Factor TV-ի տաղավարում պնդել է, թե Հայաստանը 2022 թվականին 4-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում տնտեսական աճի ցուցանիշով։
«Անցած տարվա ցուցանիշներով, Հայաստանն ունեցել է մաքուր 12․7% տնտեսական աճ, ինչը աշխարհում 4-րդ ցուցանիշն է»,- ասել է պատգամավորը։
Նշենք, որ ավելի վաղ՝ 2023 թվականի ապրիլին, նման պնդում էր արել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներին։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց նախորդ տարում երկրների տնտեսական աճի վերաբերյալ ինչպես Արժույթի միջազգային հիմնադրամի, այնպես էլ հեղինակավոր այլ ինդեքսների տվյալները։
Այսպես, ըստ ԱՄՀ-ի, Հայաստանն աշխարհում տնտեսական աճի ցուցանիշով զբաղեցնում է 8-րդ տեղը։
Մեկ այլ՝ Համաշխարհային բանկի ինդեքսով, Հայաստանը 7-րդն է եղել աշխարհում՝ տնտեսական աճով։
Այսպիսով, ՀՀ վարչապետն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը սխալվում են. ՀՀ-ն տնտեսական աճի տարբեր հեղինակավոր ինդեքսներում ոչ թե 4-րդ, այլ 7-8-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում։
Նանե Մանասյան