Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Մեծ խաղ» հաղորդման մայիսի 27-ի եթերում հաղորդման հյուրերը Հայաստանի մասին խոսելիս թույլ են տվել փաստական տվյալների խեղաթյուրում՝ դրանք համեմելով Հայաստանի, Հայաստանի իշխանությունների մասին վիրավորական բնույթ ունեցող գնահատականներով։
«Փաստերի ստուգման հարթակը» հավաքել է այդ հաղորդման ընթացքում հնչած կեղծ, սուտ տեղեկությունները, մանիպուլյացիաները և ներկայացրել տարբեր առիթներով այդ թեմաների շուրջ պաշտոնական Երևանի հայտարարությունները։
Մասնավորապես, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ասել է․ «Փաշինյանը դավաճանել է Ղարաբաղում իր հայրենակիցներին, հրաժարվել է նրանցից, ըստ էության, դավաճանել նրանց, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղից հայերը տեղահանվել են»։
Պաշտոնական Երևանի հայտարարությունները, սակայն, հակասում են Զատուլինի եզրահանգումներին։ 2024-ի ապրիլի 10-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եվրոպական հարթակներում Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության հնարավորություն եղել է, սակայն Արցախի ներկայացուցիչները չեն մասնակցել։ «Եղել է հնարավորություն եվրոպական հարթակներում մեկնարկել խոսակցություն Ադրբեջանի հետ, ինչի՞ չի գնացել ԼՂ-ն։ Չի գնացել, որովհետև արգելել են ԼՂ-ին, և ես չեմ եղել արգելողը։ Արգելել են»,- ասել էր Փաշինյանը։
Այս հայտարարությունից որոշ ժամանակ անց՝ մայիսի 3-ին, ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հստակեցրել էր, որ Արցախի իշխանությունները հնարավորություն ունեին գնալ Սոֆիա ու Ադրբեջանի հետ սկսել բանակցություններ, սակայն «Հայաստանից զանգ է հնչել ու Արցախի իշխանություններին հետ պահել այս հանդիպումից»։
Հրապարակախոս, քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանն ավելի պարզ էր ներկայացրել վիճակը՝ 2023-ի հոկտեմբերի 29-ին իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Պատկերացնո՞ւմ եք, Սոֆիայի հանդիպումը տապալում է Ստեփանակերտը՝ ռուսների խորհրդով: Երևանը հորդորում է գնալ, խոսել, բայց չէ, պետք է հավատալ մշտական բարեկամին, սիրելի Պուտինին և արհամարհել դավաճան Նիկոլին: Արցախի իշխանությունները մինչև վերջ հավատացին ռուսներին՝ Պուտինին, անգամ մինչև այն պահը, երբ Ստեփանակերտում՝ Կարեն Սարգսյանի առանձնատնից առևանգում, Բաքու էին տեղափոխում Արցախի նախկին երկու նախագահներին»։
2023-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակման և այնուհետև Արցախի բնակչության տեղահանման ժամանակ ռուս խաղաղապահները տեղում են եղել և որևէ աջակցություն չեն ցուցաբերել բնակչությանը։ Ավելին, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի հեռուստաընկերությանը 2023-ի հոկտեմբերի 28-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ռուս խաղաղապահները որևէ օգնություն չեն ցուցաբերել տեղահանվող արցախահայությանը։ «Սեպտեմբերի 19-ին հարձակումից ժամեր անց ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ․ ռուսական կողմը, կարելի է ասել, գտնվում էր դիտորդի կարգավիճակում, և մեր հարցերը պետք է ինքնուրույն լուծեինք»,- ասել էր Շահրամանյանը։
Ռուսական հեռուստաալիքի եթերում Զատուլինը, վերագրելով Հայաստանի վարչապետին, հնչեցնում է մի արտահայտություն, որը Փաշինյանը չի ասել։
«Իր հայտարարության մեջ նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկու երկիր օգնել են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, ընդ որում ասել է, որ այդ երկրների մայրաքաղաքները սկսվում են «Մ» տառով»,- մասնավորապես, ասել է Զատուլինը, իսկ հաղորդման մյուս մասնակիցները լրացրել են՝ նշելով, որ այդ մայրաքաղաքները Մինսկն ու Մոսկվան են։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, նման բան չի ասել։ Արձագանքելով 2020-ի պատերազմում Ադրբեջանին աջակցելու մասին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությանը՝ Հայաստանի վարչապետը մայիսի 22-ին ԱԺ-ում ասել է․ «Քանի որ Բելառուսի նախագահը այդ մասին խոսել է, ես առիթը կօգտագործեմ ու ուղիղ կասեմ, ինչը չորս տարի չեմ կարողացել ասել՝ 2020-ի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը ոչ մեր կողմից մասնակցել են մեր դաշնակիցները, և ես ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»։
Զատուլինը մանիպուլացնում է նաև Հայաստանում սահմանազատման գործընթացի հետ կապված տեղեկությունները՝ հայտարարելով․ «Հայաստանի կառավարությունը դավաճանում է հենց Հայաստանի շահերը, հանձնում է տարածքներ, որոնք հայերը համարում են իրենցը»։
Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել, որ սահմանազատման գործընթացն իրականացվում է 1976 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբում եղած քարտեզներով։ Մայիսի 22-ին ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից ցույց տալով այդ քարտեզը՝ հայտարարել էր․ «Սահմանազատումը իրականացվում է Գլխավոր շտաբի կողմից օգտագործվող 1976 թվականի քարտեզով։ Սա Քարտեզագրության և գեոդեզիայի ոլորտում Խորհրդային միության լիազոր մարմնի կողմից վերստուգված, հաստատված քարտեզներն են հիմնված 1969 թվականի սահմանազատման արդյունքների վրա։ Այս քարտեզները շատ կարևոր ու էական դեր ունեն մեր պետության անկախության, ինքնիշխանության զարգացման գործում»։
Այսպիսով, ռուսական հեռուստաալիքի եթերում ՌԴ պաշտոնյան առնվազն երեք անգամ ակնհայտ սուտ տեղեկություն է տարածում՝
1․ 2023-ի սեպտեմբերի 19-ին ռուսական խաղաղապահ առաքելությունը ադրբեջանական ագրեսիայի դեմ միայնակ է թողել հայ բնակչությանը և անհրաժեշտ պաշտպանություն չի իրականացրել։
2․ Փաշինյանը չի խոսել «Մ» տառով սկսվող մայրաքաղաքների մասին, հետևաբար՝ Մոսկվայի և նույնիսկ Մինսկի անուն չի հնչել։
3․ Հայաստանում սահմանազատումն իրականացվում է 1976 թ․ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներով։
Հասմիկ Համբարձումյան