Նոյեմբերի 11-ին Ադրբեջանը կհյուրընկալի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը՝ COP 29-ը, որին ավանդաբար մասնակցում են հազարավոր ներկայացուցիչներ տարբեր երկրներից։ Այս որոշումն ընդունվել է անցյալ տարի դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP 28-ի լիագումար նիստում։
«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է՝ ինչպես է պատրաստվել Ադրբեջանը COP 29-ին և ընդհանրապես՝ ինչ արժե իմանալ այս միջոցառման մասին։
4.7 մլն դոլար՝ Ադրբեջանի իմիջի բարելավման համար
Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակից անդամների 29-րդ նստաշրջանից օրեր առաջ Democracy For Sale կազմակերպության հետաքննող լրագրող Լուկաս Ամինը բացահայտել էր, որ Ադրբեջանը 4.7 մլն ԱՄՆ դոլար է վճարել Teneo խորհրդատվական ընկերությանը՝ խոշորագույն միջոցառումից առաջ սեփական հեղինակությունը բարելավելու համար։ Լոբբիստական այս կազմակերպությունը, ըստ իրականացված հետաքննության, սերտ կապեր է ունեցել բրիտանացի քաղաքական գործիչների ու նավթային ինդուստրիայի հետ։ Լոբբիստներին վճարվել է 4․7 մլն դոլար՝ օգնելու «Ադրբեջանի բռնատիրական ռեժիմին բարձրացնել իմիջը COP 29-ից առաջ»։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի բիզնես խորհրդական Ալեքս Հիքմանը ևս այդ ընկերությունից է։ Նա և բրիտանացի մի շարք խորհրդականներ յոթամսյա պայմանագիր են կնքել, որի շրջանակներում վճարվել են ամսական 25 հազար դոլար, ինչպես նաև 50 հազար դոլար բոնուսներ՝ «աշխատելու մարդու իրավունքների ոտնահարման համար մեղադրվող ադրբեջանական ռեժիմի համար»։
Կլիմայի փոփոխության արշավի մասնակիցները մեղադրել են Teneo-ին, քանի որ վերջինս օգնում է Ադրբեջանին «պարզաջրել» (greenwash) սեփական իմիջը։ «Սեփական իմիջը գեղեցկացնելու փոխարեն, Ադրբեջանը և նրա գործընկերները պետք է նավթային ընկերություններին ստիպեն վճարել ՄԱԿ-ի Կորուստների և վնասների հիմնադրամին: Մոլորակն աղտոտողները պետք է վճարեն իրենց պատճառած ավերածությունների համար»,- հայտարարել է Global Witness-ի գլխավոր հետաքննող Լելա Սթենլին։
Ի՞նչ է COP-ը
1988 թ.-ին ՄԱԿ-ի որոշմամբ ստեղծվել է կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբը, որը 2000-ին ներկայացրել է իր հետազոտության արդյունքները՝ գլոբալ կլիմայի արդի վիճակի և դրա հեռանկարների վերաբերյալ: Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի փորձագետներն ապացուցել էին կլիմայի գլոբալ փոփոխության մարդածին բնույթը և կոչ էին արել վճռական գործողություններ ձեռնարկել այն կանխելու համար:
1992-ին Ռիո դե Ժանեյրոյում ստորագրվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (ԿՓՇԿ)։ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի առաջարկություններից մեկը նպատակային համաշխարհային համաժողովի ստեղծումն ու անցկացումն էր. դրա համար ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ստեղծվեց կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը, կրճատ՝ COP (անգլ.՝ Conference of the Parties).
COP-ը ՄԱԿ ԿՓՇԿ-ի հիմնական որոշումներ կայացնող մարմինն է: Դրա կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ բոլոր «Կողմերից», այսինքն՝ այն երկրներից, որոնք համաձայնել են մասնակցել ՄԱԿ ԿՓՇԿ-ին և ստանձնել հանձնառություններ ընդունված համաձայնագրերի մասով։ ՄԱԿ ԿՓՇԿ-ն համաձայնագիր է 198 կողմերի (197 պետություն և ԵՄ) միջև։ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան (ԿՓՇԿ) 1993 թ. մայիսին։ Համաձայնագրի նպատակն է՝ «կայունացնել ջերմոցային գազերի կոնցենտրացիան այնպիսի մակարդակի վրա, որը կկանխի կլիմայական համակարգի վրա վտանգավոր մարդածին ազդեցությունը»:
2015-ին COP 21-ում ընդունված Փարիզի համաձայնագիրը կլիմայի փոփոխության վերաբերյալ առաջին իրավաբանորեն պարտադիր գլոբալ պայմանագիրն է:
ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Փարիզյան կլիմայական համաձայնագիրը 2017 թվականին: Փարիզի համաձայնագրով՝ Հայաստանը պարտավորվում է կրճատել ջերմոցային գազերի արտանետումների քանակը մինչև 633 միլիոն տոննա, ինչպես նաև մինչև 2030-ը երկրի անտառածածկ մակերեսն ավելացնել 50.000 հա, իսկ մինչև 2050-ը՝ անտառածածկը հասցնել երկրի ամբողջ տարածքի 20․1 տոկոսի:
COP համաժողովն անցկացվում է ամենամյա հիմունքներով։ COP-ի հանդիպումները հիմնականում կայանում են բանակցությունների և բանավեճերի շուրջ, որոնց նպատակն է՝ վերանայել ՄԱԿ ԿՓՇԿ-ի ընդհանուր նպատակի ուղղությամբ առաջընթացը՝ սահմանափակել կլիմայի փոփոխությունը:
Ադրբեջանը և նրա «ձեռքբերումները» կլիմայի փոփոխության ոլորտում
Նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանը կհյուրընկալի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը՝ COP 29-ը։ Այս որոշումն ընդունվել է անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP 28 լիագումար նիստում։ Որպես բարի կամքի քայլ՝ Հայաստանն իր աջակցությունն էր հայտնել COP 29-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտի առիթով և հանել իր թեկնածությունը, իսկ Ադրբեջանն իր աջակցությունն էր հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի COP-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված Հայաստանի թեկնածությանը:
COP 29-ը կոչվում է «ֆինանսական COP»՝ կլիմայի ֆինանսավորման ծավալների մեծացման վրա կենտրոնանալու պատճառով: Կլիմայի ֆինանսավորումը վերաբերում է այն ֆինանսավորմանը, որն անհրաժեշտ է ավելի ցածր եկամուտ ունեցող երկրներին օգնելու անցում կատարել զրոյական ածխածնային տնտեսությունների և օգնելու առավել տուժած համայնքներին հարմարվել կլիմայի փոփոխության հետևանքներին: COP 29-ի հիմնական նպատակն է՝ ավելացնել այս ֆինանսավորումը և ստեղծել նոր նպատակ ապագա կլիմայի ֆինանսավորման համար:
COP 29 համաժողովին ընդառաջ, միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել՝ նշելով, որ Ադրբեջանն ունի մարդու իրավունքների տագնապալի ցուցանիշ՝ արտահայտվելու, միավորումների և հավաքների ազատության իրավունքի երկարաժամկետ սահմանափակումներով: Խաղաղ բողոքի ակցիաները, այդ թվում՝ բնապահպանական խմբերի կողմից անցկացվող բողոքի ակցիաները, սովորաբար ենթարկվում են բռնաճնշումների, տեղական ՀԿ-ների տվյալներով՝ ներկայումս ավելի քան 300 մարդ կալանավորված է քաղաքական դրդապատճառներով: Կազմակերպությունը նաև ընդգծել է, որ իրականում, մարդու իրավունքների ծանր իրավիճակը Ադրբեջանում վատթարացել է այն բանից հետո, երբ երկիրը հայտարարվել է որպես COP 29-ի հյուրընկալող երկիր: Իշխանություններն այս տարի հետապնդել են ավելի քան մեկ տասնյակ ակտիվիստների ու լրագրողների և լռեցրել են կլիմայական ճգնաժամի վերաբերյալ հիմնական ձայները:
Անդրադառնալով կլիմայի փոփոխության ոլորտում Ադրբեջանի տվյալներին՝ կազմակերպությունը նշում է, որ հանածո վառելիքը կազմում է Ադրբեջանի տնտեսության մոտ կեսը և նրա արտահանման եկամուտների ճնշող մեծամասնությունը: Պետական նավթագազային SOCAR ընկերությունը նախագահ Իլհամ Ալիևի կառավարության եկամտի հիմնական աղբյուրն է:
Այնուամենայնիվ, Ադրբեջանը նույնպես պետք է իր ներդրումն ունենա հանածո վառելիքից արագ և արդարացի հրաժարմանը հասնելու գործում, ինչը նշանակում է, որ հանածո վառելիքի արդյունահանման նոր նախագծեր այլևս չեն լինի։ Սակայն այս տարի ավելի վաղ նախագահ Ալիևը հայտարարել էր գազի արդյունահանման ընդլայնման ծրագրերի մասին, որոնք սկզբունքորեն անհամատեղելի են Փարիզյան համաձայնագրով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ:
2015 թվականի Փարիզյան համաձայնագրի համաձայն՝ երկրները պարտավոր են երկու տարին մեկ ներկայացնել արտանետումների վերաբերյալ իրենց տվյալները, բայց Ադրբեջանը 2018 թվականից ի վեր չի ներկայացնում դրանք: Ըստ Global Witness-ի վերլուծության, այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի նավթագազային օբյեկտներում այրված գազի քանակն աճել է 10․5%-ով։ Բացի այդ, գազի այրման տեմպերն աճել են ավելի քան 70%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերից ի վեր արբանյակների կողմից արձանագրվել են ավելի քան 1000 առանձին այրման դեպքեր:
British Petroleum-ը (BP) շահագործում է մի քանի օբյեկտներ, որտեղ այրման բարձր մակարդակը պահպանվում է, ներառյալ՝ Կասպից ծովի Ազերի-Չիրագ-Գյունաշլի (ACG) հսկայական հանքավայրը և Բաքվից հարավ ընկած Սանգաչալ տերմինալը:
Ըստ Global Witness-ի արբանյակային տվյալների վերլուծության, BP-ի Ազերի-Չիրագ-Գյունաշլիի կայանքները 2019 թվականից ի վեր այրել են մոտ 1 միլիարդ խորանարդ մետր գազ: Սա այն դեպքում, երբ 2023-ին նավթի արդյունահանումը 46%-ով ցածր էր, քան մեկ տասնամյակ առաջ։
Միայն 2024 թվականի առաջին կիսամյակում Սանգաչալի տերմինալում արդեն այրվել է գրեթե 40 միլիոն խմ գազ, ինչը վստահորեն այն դնում է պատմության մեջ տարեկան ամենաբարձր այրման արագության վրա:
Սյուզաննա Համբարձումյան