Դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը հաստատեց անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական խթանմանն ուղղված որոշումը, որով նախատեսվում է աջակցություն՝ թվով 218,000 անհուսալի վարկառու համարվող անձանց:
Աջակցության հիմնական նախապայմանն է. շահառուի վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են անհուսալի դասով, կազմում են մինչև 1 մլն դրամ:
Ծրագրին մասնակցելու համար քաղաքացին պետք է լինի կամ դառնա գրանցված աշխատող:
Որպես աջակցություն՝ կառավարությունը նախատեսում է արդեն իսկ աշխատող և ծրագրին մասնակցայնություն ունենալու իրավունք ստանալու համար աշխատանքի անցած անձանց հնարավորություն տալ աշխատավարձից գոյացող ողջ եկամտահարկը մինչև 2 տարի ժամկետում ուղղել վարկի մարմանը:
Որպես հավելյալ աջակցություն՝ նախատեսված է նաև վարկառուների՝ մինչև 80 տոկոսի չափով տույժ-տուգանքների մարում՝ բանկերի կողմից, ինչպես նաև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից աշխատավարձից 20 տոկոսի գանձման սահմանաչափ:
Եկամտահարկի հաշվին անհուսալի վարկերը մարելու կետը վերջին օրերին դարձել է բուռն քննարկման ու բողոքի առարկա․ մարդիկ դժգոհում են գլխավորապես այն բանի համար, որ անհուսալի վարկատուներին ծառայություն է մատուցվելու բյուջեի հաշվին: Ի աջակցություն կառավարության որոշման՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին վստահեցրել է․ «Այսօր աշխատող մարդու կամ առկա բյուջեի հաշվին չի արվելու որևէ բան»:
Որպես քաղաքացիների բողոքն ու իրավիճակը մեղմող հանգամանք՝ պատգամավորը նաև նշել է. «Այս մարդիկ այսօր հարկ չեն վճարում, քանի որ չեն աշխատում, բայց միևնույն է, օգտվում են Ձեր վճարած հարկերից գոյացած բյուջեից: Հիմա պետությունն իրենց ասում է, գնա աշխատիր, դարձիր օրինական հարկատու, վճարիր հարկեր»:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է որոշման նախագծի (որոշումը ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում և զեկուցվող էր, 50-րդ հարց) մանրամասները, կառավարության քննարկումներն ու պարզել՝ պատգամավորի տեսակետներն առնվազն մասամբ ճիշտ չեն:
Եվ այսպես, կառավարության որոշման նախագծի հիմնավորման համաձայն, ծրագրի թիրախային խումբը շուրջ 218.000 քաղաքացի է, որոնցից 43,600-ն ունի ֆորմալ զբաղվածություն:
Որոշման նախագիծը ներկայացրած ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը նաև հաշվարկել է վերոնշյալ աշխատող անձանց վարկերի մարմանն ուղղված եկամտահարկի մեկ տարվա հանրագումարը:
Ստացվում է, որ արդեն իսկ աշխատող 43,600 անձանց 15 մլրդ 173 մլն դրամ տարեկան եկամտահարկը պետբյուջե գնալու և հանրությանը ծառայեցվելու փոխարեն պետք է ուղղվի սեփական անհուսալի վարկի մարմանը, ինչի արդյունքում այդ չափով կրճատվելու են պետբյուջե կատարվող մուտքերը:
Կառավարության որոշման նախագծի մեկ այլ կետով ծրագրի թիրախային խմբում ընդգրկված թվով 218.000 շահառուների միջին վարկային բեռը կազմում է 774,000 դրամ (այդ թվում՝ մայր գումարը, տոկոսագումարը, տույժերն ու տուգանքները), իսկ բանկերի կողմից տույժ-տուգանքները 80 տոկոսի չափով ներվելու պարագայում մեկ անձի գծով մարման ենթակա վարկային բեռը կկազմի 434,600 դրամ:
Այս պնդումը աշխատող 43,600 անձանց վրա տարածելու պարագայում վերոնշյալ եկամտահարկի չափը կարող է փոփոխվել՝ կախված աշխատավարձի չափից ու վարկի մարման ժամկետներից:
Այսպիսով, այդուհանդերձ, վերջնարդյունքը մեկն է՝ այդ անձանց վարկերը մարվելու են պետբյուջե վճարվելիք եկամտահարկի կամ որ նույնն է՝ պետբյուջեի հաշվին, հետևաբար, Սիսակ Գաբրիելյանի պնդումը, թե պետբյուջեի հաշվին չի իրականացվելու այս նախագիծը, առնվազն 43,600 անձի մասով ճիշտ չէ:
Գայանե Մարկոսյան