«Փաստերի ստուգման հարթակը» իմի է բերել կառավարության կողմից խոստացված, բայց 2024-ին ձախողված, չիրականացված կամ հետաձգված 4 կարևորագույն ծրագրերը, որոնք վերաբերում են հանրության լայն շրջանակներին:
Կենսաթոշակների բարձրացման խոստումը կառավարությունը չկարողացավ իրագործել
2024 թ. տարեսկզբին տված մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց՝ 2024 թ.-ին կենսաթոշակները չեն բարձրանա: Փոխարենը թոշակառուներին հնարավորություն տրվեց օգտվել 10, իսկ ավելի ուշ 12% հետվճարի (համապատասխանաբար՝ առավելագույնը 5.000 և 6.000 դրամի չափով) հնարավորությունից՝ անկանխիկ գնումների դեպքում: «Սա ինչ է, եթե ոչ թոշակի բարձրացման արդյունք, էֆեկտ»,- ասել էր նախարարը։
«2024-ին մենք կենսաթոշակ չենք բարձրացնելու, 2025-ին է նախատեսված կենսաթոշակի հաջորդ բարձրացումը»,- խոստացել էր նախարարը:
2024 թ․ նոյեմբերի 4-ին, սակայն, Ազգային ժողովում ներկայացնելով պետբյուջեով նախատեսված ոլորտային ծախսերը՝ Նարեկ Մկրտչյանը հայտարարեց՝ կենսաթոշակների բարձրացում հաջորդ տարի չի նախատեսվում. «2025-ին պահպանվելու են 2024-ին գործող հիմնական կենսաթոշակների չափերը»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, Ազգային ժողովում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով թեմային, ասել էր. «Պարգևավճար չտանք, կտրենք այս ամբողջ պետական համակարգի պարգևավճարները, կարանք թոշակներն ավելացնենք 1000 դրամով»:
«Չոր նավահանգիստ»՝ թղթի վրա
Շիրակի մարզում «չոր նավահանգստի» ստեղծման մասին պաշտոնական հայտարարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տարածել էր 2022 թ. դեկտեմբերի 12-ին:
««Չոր նավահանգիստը» նախագծված է որպես բազմաֆունկցիոնալ, բազմամոդալ հանգույց սպասարկելու համար այն տարածաշրջանային և միջազգային ընկերություններին, որոնք պահանջում են մաքսային գործընթացները համախմբելուն ուղղված մանրակրկիտ գործառնական ընթացակարգ, որը կարող է նպաստել գործառնական ծախսերի նվազեցմանը»,- նշված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
2024 թ. հունվարին տրված մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել էր՝ մինչև տարեվերջ «չոր նավահանգստի» օպերատորը հայտնի կլինի:
Ի հակադրումն Վահան Քերոբյանի, 2024-ի մարտից պաշտոնավարող Գևորգ Պապոյանը «չոր նավահանգստի» թեմային ավելի զգուշավոր էր մոտեցել:
«Կա տեխնիկատնտեսական ուսումնասիրություն «չոր նավահանգստի» հետ կապված, որտեղ նշված են, որ որոշակի պայմանների առկայության պայմաններում այդ պրոյեկտը արդյունավետ է և որոշակի պայմաններում՝ ոչ արդյունավետ։ Մենք հետևում ենք գործընթացներին, և այն պահին, երբ տեսնենք՝ նպատակահարմար է, կմտնենք այդ գործընթացի մեջ, եթե ոչ, ուրեմն չէ»,- նշել էր նա 2024 թ․ օգոստոսի 8-ին ճեպազրույցի ընթացքում:
«Փաստերի ստուգման հարթակն» այս տարվա հոկտեմբերին ուսումնասիրել էր «չոր նավահանգստի» ստեղծման շուրջ հնչած հայտարարություններն ու արձանագրել, որ նախկին նախարարի կողմից հայտարարված ծրագրի մեկնարկի ժամկետները պարբերաբար խախտվել են:
«Չոր նավահանգիստ» ստեղծելու մասին կառավարության ծրագիրը մնում է թղթի վրա
Մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից արձագանքել էին. «Ծրագրի գործարկման ժամանակացույցը ներկայումս գտնվում է քննարկման փուլում, սակայն հնարավորինս արագ գործարկման նպատակով իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ սահմանված ժամանակացույցին համապատասխան»:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի ձախողման պատմությունը
AINF/ԱՆԻՖ-ը ստեղծվել է 2019 թ.-ին՝ ՀՀ կառավարության կողմից՝ հիմնավորմամբ, որ «ընկերությունը ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք և համալիր խորհրդատվության և աջակցության միջոցով կնպաստի ՀՀ-ում ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու և իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը և գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման և գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման և կատարելագործման գործընթացին»:
2022 թ․ մայիսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկա գտնվելով ԱՆԻՖ-ի եռամյա՝ 2019-2021 թթ. գործունեության զեկույցի ներկայացմանը նվիրված միջոցառմանը, հիշեցրել էր՝ երեք տարի առաջ ստեղծված կառույցի հետ կառավարությունը մեծ հույսեր է կապել և շարունակում է կապել:
« … Ես հույս ունեմ, որ մենք արդեն մոտեցել ենք այն գծին, որից հետո պիտի տեսնենք արդյունքներ»,— նշել էր վարչապետը:
Արդյունքները, սակայն, սպասվածից այլ էին: Վերջին երկու տարիների ընթացքում ԱՆԻՖ-ը նախ հայտնվեց վերահսկողական գործառույթներ իրականացնող տեղական ու միջազգային տարբեր կառույցների ուշադրության կենտրոնում՝ մեղադրվելով աշխատանքի ցածր արդյունավետության, անբավարար թափանցիկության ու հաշվետվողականության, ապա նաև ֆինանսական միջոցների անարդյունավետ օգտագործման մեջ: Այսինքն, իր գլխավոր ծրագրերից մեկը՝ ՀՀ-ում ներդրումային հոսքեր ավելացնելը, այդպես էլ չկատարեց։
«Փաստերի ստուգման հարթակն» ավելի վաղ գրել էր, որ ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված քրեական վարույթ է հարուցվել Հայաստանի պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում ներկայացված տեղեկանքի հիման վրա։
«Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են մի շարք ապացուցողական գործողություններ»,- FIP.am–ին տեղեկացրել էին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Սակայն այս գործով դեռևս մեղադրյալներ չկան։
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը հետաձգվեց անորոշ ժամանակով
2023-ին մեկնարկած ու ակտիվորեն գովազդված Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախապատրաստական աշխատանքներից հետո՝ 2024 թ․ հունվարի 12-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրել էր. «2024 թ․ հուլիսից ապահովագրական փաթեթը կգործարկվի այն շահառուների համար, ովքեր այսօր պետական պատվերի շահառու են հանդիսանում»:
Նույն օրը «Արմենպրեսին» տված հարցազրույցի ժամանակ առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը նշել էր. «Իրականում կարելի է համարել, որ առողջության համապարփակ ապահովագրության գործնական փուլն արդեն իսկ սկսված է… Առաջին փուլում՝ 2024 թվականին, կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանեկան նպաստի համակարգում հաշվառվածները և այլ պետական սոցիալական աջակցության համակարգում ներառված և ներկայումս պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստացող անձինք, որոնց ընդհանուր թիվը կկազմի շուրջ 1.3 միլիոն»:
2024 թ․ մայիսին առողջապահության նախարարի նշած մեկնարկային ժամկետը (2024 թ. հուլիս) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը համարեց ոչ ռեալ: Տարվա երկրորդ կեսին արդեն պարզ դարձավ, որ նախարարի խոստացած ժամկետներում ծրագիրը ոչ միայն չի մեկնարկում, այլև ներառված չէ 2025-ի պետական բյուջեում:
Աշնանն Ազգային ժողովում 2025 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր. «Առողջապահության ապահովագրության հետ կապված ծախսերը ներգրավված չեն 2025 թվականի բյուջեում»:
Դեկտեմբերի 25-ի տարեվերջյան ասուլիսի ժամանակ էլ լրագրողի հարցին ի պատասխան Հովհաննիսյանն ասել էր. «Կառավարությունը որոշեց, որ համակարգը դեռ պատրաստ չէ այնպես գործարկման, որտեղ մենք կարող ենք վստահ լինել, որ ձեր վճարած գումարները տալու են այն ծառայությունը, որը դուք ակնկալում եք»:
Ֆինանսների նախարարի այս հայտարարությունը, սակայն, չխանգարեց, որպեսզի Անահիտ Ավանեսյանը հնչեցնի իր հաջորդ խոստումը․ «Մի բան հստակ է՝ 2021-26 թվականներով մեր կողմից տրված քաղաքական խոստումը իրագործվելու է միանշանակ»:
Այսպիսով, կառավարության կողմից տրված առնվազն 4 խոստում 2024 թվականին չի կատարվել․ դրանց իրականացումը կամ ձախողվել է կամ հետաձգվել:
Գայանե Մարկոսյան