Ռուսական Россия 1 պետական հեռուստաալիքով հեռարձակվող «Շաբաթվա լուրեր» հաղորդման հունվարի 12-ի թողարկմանը մի շարք իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են հնչել հայ-ադրբեջանական հարաբերությունների և տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ։
«Զանգեզուրի միջանցք» և Խաղաղության խաչմերուկ
Մասնավորապես, հաղորդման ժամանակ «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, հաղորդավար Դմիտրի Կիսելյովը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին և տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը, պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքը» համաձայնեցված է եղել «2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»։
«Այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: Ակնհայտ լարվածություն։ Պատճառը երկրների միջև խաղաղության պայմանագրի և սահմանային վեճերի կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայությունն է: Այս պայմաններում Ադրբեջանի համար կենսական է մնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» ավտոմայրուղու կառուցման անհրաժեշտությունը, որը համաձայնեցվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից հայ-ադրբեջանական պատերազմին հաջորդած եռակողմ համաձայնագրով»,— նշել է Կիսելյովը, այնուհետև հիշեցրել Ալիևի սպառնալից հայտարարությունը, թե ««Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»։
Նկատենք, որ Դմիտրի Կիսելյովն է իր խոսքում որպես եռակողմ հայտարարության ընդունման ամսաթիվ պարբերաբար նշում նոյեմբերի 10։ Այս դեպքում ևս ռուս հաղորդավարը սխալվում է, քանի որ հայտարարությունն ընդունվել է 2020-ի նոյեմբերի 9-ին։
Սակայն, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ պայմանավորվածության մասին պնդումը կեղծ է, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա «Զանգեզուրի միջանցք» բառակապակցություն։ Հայտարարության 9-րդ կետում նշվում է միայն, որ «ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»։
Դմիտրի Կիսելյովը նաև հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ անտեսել է և՛ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, և՛ Իլհամ Ալիևի պահանջը՝ բացել Զանգեզուրի միջանցքը, և ավելի վաղ համաձայնեցված որոշման փոխարեն 2023 թվականի աշնանը առաջարկել է իր նախագիծը՝ «խաղաղության խաչմերուկը»։
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր 2023 թ․ հոկտեմբերին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Այն ունի 4 սկզբունք, բայց Հայաստանի համար կենսական են առաջին երկուսը՝
- Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:
- Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը:
Այսպիսով, 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ որևէ համաձայնություն չկա «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, իսկ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը չի հակասում այդ հայտարարությանը։
Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունների խախտմանը, ապա իրականում որոշ կետեր խախտվել են, բայց դրանք խախտողը հայկական կողմը չի եղել։ Համաձայն հայտարարության 1-ին կետի՝ հրադադարից հետո կողմերը պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում: Սակայն դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում իրականացրին Հադրութի երկու գյուղերի ուղղությամբ, ինչի հետևանքով դրանք նույնպես անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: 2022 թ. մարտի 24-ին ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում Ադրբեջանի զինված ուժերը մտել էին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։
6-րդ կետի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ցամաքային կապը ապահովվելու էր Լաչինի միջանցքով և այն մնալու էր ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Բայց 2022 թ․ դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի բնապահպանները փակել էին Լաչինի միջանցքը, իսկ արդեն 2023 թ. ապրիլի 23-ին Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը Հայաստանի հետ սահմանին տեղադրել էր սահմանային անցակետ։ Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը, ինչի հետևանքով սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում սկսվեց: Ռուսական խաղաղապահ զորախումբը որևէ կերպ դրան չմիջամտեց:
Հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Սակայն Բաքվում գերության մեջ են շարունակվում պահվել հայ գերիներ։ Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը՝ չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի ևս 32 գերիների առկայության մասին:
Հայտարարության 7-րդ կետի համաձայն, ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: 2023 թ․ սեպտեմբերից հետո Արցախն ամբողջությամբ հայաթափված է, ռուսական խաղաղապահ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը:
Շարունակելով հայ-ադրբեջանական հարաբերությունների թեման՝ Կիսելյովը մեջբերում է Ալիևի խոսքերը, թե «Հայաստանը ֆաշիստական երկիր է», և նշում, որ Փաշինյանը դրան պատասխանել է փոխադարձությամբ՝ խեղաթյուրելով Փաշինյանի արձագանքը։
Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Ադրբեջանի նախագահի՝ «Հայաստանը ֆաշիստական երկիր է» մեղադրանքին, նշել էր․ «Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը»:
Ի դեպ, Կիսելյովն իր խոսքում նաև նշում է, թե Հայաստանը Ֆրանսիայից զենքի մեծ խմբաքանակ է ստանում, ու հավելում՝ «ակնհայտ է, որ պատրաստվում է պատերազմի»։
Մինչդեռ, հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ սպառազինությունը, որը ձեռք է բերվում տարբեր երկրներից, բացառապես պաշտպանական է։
ԵՄ-ին անդամակցելու գործընթացը և դրան աջակցելու «ՀՀ կառավարության որոշումը»
«Հայաստանը սկսում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Երևանում կառավարությունն արդեն պատրաստել է համապատասխան օրինագիծ»,— հայտարարել է Կիսելյովը։
Կառավարության հունվարի 9-ի նիստին հավանություն տրվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Վարչապետ Փաշինյանը նիստի ընթացքում շեշտեց, որ «սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս բուն իմաստով»:
ԵՄ-ին անդամակցելու նախաձեռնությունը «Ժողովրդավարական ուժերի հարթակինն» էր, որը մեկնարկել էր 2024 թվականին։ Սեպտեմբերի 16-ից նախաձեռնվել էր ստորագրահավաք, անհրաժեշտ էր հավաքել 50 հազար ստորագրություն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտներ ԱԺ օրակարգ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել էր «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած՝ օրենսդրությամբ պահանջվող քանակի ստորագրությունների վավերականությունը։ Վավեր ստորագրությունների թիվը կազմել էր 52,351։
Այսպիսով, Կիսելյովի պնդումը, թե ՀՀ կառավարությունն է պատրաստել Եվրամիությանն անդամակցելու համապատասխան օրինագիծ, սխալ է, քանի որ ԵՄ-ին անդամակցելու նախաձեռնությունը սկսել էր արտախորհրդարանական «Ժողովրդավարական ուժերի հարթակը»։
Դմիտրի Կիսելյովի այս հաղորդման առնչությամբ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել էր ՀՀ արտգործնախարարություն։ Նրան հանձնվել է համապատասխան բողոքի հայտագիր՝ հաղորդման ընթացքում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հնչեցված խոսույթի կապակցությամբ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն իր հերթին հունվարի 15-ին հայտարարել էր, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարող է արգելափակել «Ռոսիա 1» հեռուստաալիքի՝ Դմիտրի Կիսելյովի «Շաբաթվա լուրեր» հաղորդումը: Ավելի վաղ՝ 2024-ի սկզբին, գրեթե նույն հիմնավորմամբ Հայաստանում արգելափակվել էր Վլադիմիր Սոլովյովի հեղինակային երկու հաղորդումների հեռարձակումը։
Սյուզաննա Համբարձումյան