Սոցիալական մեդիայում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցից մի դրվագ, որում նա իբր խոսում է թուրքերեն։
View this post on Instagram
Ինստագրամում տարածված տեսնայութի դիտումների քանակը հատել է 750 000-ը։
Փաշինյանի հարցազրույցը թուրքական լրատվամիջոցներին հրապարակվել է մարտի 13-ին։
Հարցազրույցի ընթացքում, սակայն, Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանում է բացառապես հայերենով։
«Փաստերի ստուգման հարթակը» հատուկ գործիքի միջոցով պարզել է, որ սոցցանցերում տարածվող կարճ տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող՝ թուրքերեն խոսքը, որում Փաշինյանը կարևորում է հայ–թուրքական երկխոսությունը, գեներացվել է արհեստական բանականության միջոցով, փաստացի այն deep fake է։
Մասնավորապես, FIP.am-ը deepware գործիքի միջոցով պարզել է, որ տեսանյութում Նիկոլ Փաշինյանի թուրքերեն խոսքը գեներացված է արհեստական բանականության միջոցով։
Deep fake-ը արհեստական ինտելեկտի միջոցով պատրաստվող տեսանյութեր, լուսանկարներ և աուդիոներ են, որոնք ստեղծում են ինչ-որ մեկի նմանությունը կամ փոխում ինչ–որ մեկին՝ հաճախ իրատեսական աստիճանի: Թվային բովանդակության այս խիստ մանիպուլյացիաները կարող են այնպիսի տպավորություն թողնել, որ թվա՝ մարդն ասել է կամ արել է մի բան, որը երբեք չի ասել կամ արել: Այս պարագայում Փաշինյանի խոսքի արտաբերման ու շուրթերի շարժման ճշգրտությամբ հնչող թուրքերեն խոսքը ՀՀ վարչապետը երբեք չի արտաբերել։
Եվ ընդհանրապես, Փաշինյանն իր քաղաքական գործունեության ընթացքում երբևէ թուրքերենով հարցազրույցներ չի տվել, հրապարակային որևէ հայտարարություն չի արել։
Նանե Մանասյան