Վանաձոր համայնքի ավագանին շարունակում է խախտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգը և «ջրի գնով» հողատարածքներ է ներկայացնում աճուրդի։
Այսպես, ապրիլի 10-ին Վանաձորի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ստորագրել է մարտի 5-ին Վանաձորի ավագանու ընդունած մի որոշում՝ համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն համարվող հողամասերը մրցույթով կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։ Այդ հողամասերը գյուղատնտեսական ու հասարակական նշանակություն ունեն, իսկ դրա համար սահմանվել է «ջրի գին»՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի 1 հեկտարի համար տարեկան 3500 դրամ, իսկ հասարակական նշանակության հողատարածքի 1 քմ․-ի համար՝ տարեկան 50 դրամ։

Չնչին գնով համայնքային հողատարածքների աճուրդների խնդիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրել էր այս տարվա մարտին և զարմացել՝ ինչո՞ւ է այդ խնդրի մասին քաղաքացուց իմանում։
«Ինչի՞ եմ ես սրա մասին իմանում նրանից, որ մի քաղաքացի որոշում է ինձ նամակ գրել: Սա ինստիտուցիոնալ խնդիր է, ձեր աչքը չի ծակո՞ւմ դա, ո՞նց կարող է ՀՀ-ում 100 դրամով հող վաճառվի։ Եթե 100 դրամով հող է վաճառվում, փակեք, արգելեք: Համայնքն ասում է՝ իմ եկամուտն եք փակում, մենք պետական բյուջեից կտանք էդ 100 դրամանոց հողի գինը, արգելե՛ք, փակե՛ք»,- դիմելով կառավարության անդամներին՝ մարտի 13-ի նիստում հայտարարել էր Փաշինյանը։
Վանաձորի ավագանու այս որոշումը, ըստ ընթացակարգի, կուղարկվի Լոռու մարզպետարան, որի պաշտոնական կայքում կհրապարակվի աճուրդի օրվա ու ժամի մասին տեղեկությունը։
Ավագանու որոշմամբ հաստատված մրցույթով կամ վարձակալության իրավունքով տրամադրվող համայնքային հողամասերի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ Հայտնի էին ավելի վաղ շրջանառության մեջ դրված ավագանու որոշման նախագծում եղած տարածքները․ մասնավորապես, նախագծով առաջարկվում էր Վանաձորի կիրճին հարող հասարակական նշանակության տարածքը քմ․-ն ամսական 20 դրամով տալ վարձակալության, իսկ Գուգարք գյուղում գյուղատնտեսական նշանակության հողամասերը՝ 1 հա-ն 3000 դրամով։ Ակնհայտ է, որ ավագանու որոշման նախագիծը մինչև հաստատվելը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։
«Ձևական աճուրդը հիմք է վերանայման, ու պետք է ժամանակ ու էներգիա ծախսենք, գնանք և ձևական բոլոր աճուրդները գտնենք: Սա շատ վատ ազդակ է, մենակ հանձնարարությունով չէ, դեռ հանձնարարությունների կատարման որակը դնում եմ մի կողմ: Եթե հնչում է քաղաքական հայտարարություն, պետք է գործողությունները կառավարման համակարգի համադրվեն այդ քաղաքական հայտարարության հետ: Եթե չի համապատասխանում, վաղը, մյուս օրը պրոբլեմ է առաջանալու, և ես այդ պրոբլեմն ամենասուր ձևով դնելու եմ, ուզում եմ սա հաշվի առնեք: Որտեղ ծիծաղելու գնով հողեր են դրված վաճառքի, հրապարակային ասում եմ՝ կանգնեցրե՛ք, եթե չկանգնեցնեն համայնքները, չգիտեմ՝ ոնց կհնչի, համայնքների հետևից ենք ընկնելու: Գնալու ենք տեսնենք՝ ինչ է տեղի ունեցել այդտեղ: Սա հրատապ է: ՏԿԵ նախարարի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծեք, թող մաքսիմում մեկ ամսվա ընթացքում տան առաջարկ»,- կառավարության նույն նիստում հայտարարել էր Փաշինյանը:
Վանաձորի համայնքապետարանը կառավարության ղեկավարի կոշտ հայտարարությունից հետո ևս, փաստացի, շարունակում է «ծիծաղելի գնով» համայնքային նշանակության հողատարածքներ դնել աճուրդի։
Հասմիկ Համբարձումյան