Ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցի մամուլի սրահում մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, խոսելով Հայաստանի կողմից այլ երկրներից զենք ձեռք բերելու մասին, հայտարարել է, թե Հայաստանի ձեռք բերած զինատեսակները 90 տոկոսով կիրառության ենթակա չեն։
«Իմ տեղեկություններով՝ ամեն ինչ, ինչ նրանք գնել են, չեմ ուզում երկրները թվարկել, որպեսզի չվիրավորեմ նրանց, բայց ամեն ինչ, ինչ նրանք գնել են, 90%-ը կիրառելի չէ և տարբեր պատճառներով, որոշները՝ տեխնիկական պատճառներով: Ասում են՝ հրետանային զենքեր են գնել, բայց դրանց համար արկեր չկան, քանի որ չափանիշները տարբեր են։ Յուրաքանչյուր կրակոց, եթե ռուսական արկը կրակի ասենք 300 դոլարով, մեկ արկ, ապա սա 1,5 հազար դոլարով։ Այսինքն՝ յուրաքանչյուր կրակոց ավելի թանկ է դառնում։ Թե ինչպես են ձգելու՝ չգիտեմ։ Իմ տեղեկություններով՝ Հայաստանի տնտեսությունը սարսափելի վիճակում է»,— նշել է Կարապետյանը։ Վերջինը, նկատենք, ստեղծել է կուսակցություն և, ապրելով Ռուսաստանում, քաղաքական հայտ է ներկայացրել ու ավելին՝ պատրաստվում է մասնակցել 2026 թվականին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։
«Փաստերի ստուգման հարթակը» Արշակ Կարապետյանի հայտարարությունների առնչությամբ խոսել է ռազմական փորձագետների հետ, որոնք նրա հայտարարությունները գնահատել են մանիպուլյատիվ և ոչ պրոֆեսիոնալ։
FIP.am-ի հետ զրույցում Վազգեն Ղազարյանն ընդգծեց, որ Կարապետյանի հայտարարությունն իր բովանդակությամբ ապատեղեկատվություն է՝ առանց իրական վիճակագրության կամ հիմնավորման․ «Էտ տոկոսայնությունը ինչի՞ վրա է հիմնված։ Ինչպե՞ս է նա ստացել այդ 90 տոկոսի տվյալը։ Ավելին, եթե խոսում ենք արկերի տրամաչափերի մասին, ապա ամբողջ աշխարհում կիրառվում է 155 մմ-ը, մինչդեռ 152 մմ-ը օգտագործում են Ռուսաստանը և մի քանի այլ պետություններ։ Իսկ մեծածավալ արտադրանքը, ըստ տնտեսագիտության օրենքների, միշտ ավելի էժան է լինում»։
Նա նաև նշեց, որ Հնդկաստանից Ուկրաինան 155 մմ տրամաչափի արկերը գնում է 2500-3000 դոլարով, մինչդեռ Հայաստանը Ռուսաստանից 152 մմ տրամաչափի արկերը գնել էր 4000-6000 դոլարով։
«Արևմտյան զինատեսակների տրամաչափը ոչ միայն ավելի տարածված է, այլ նաև գներով ավելի մրցունակ։ Ավելին, արևմտյան զինատեսակների օգտակար գործողության գործակիցը, օրինակ՝ 155 մմ տրամաչափի հրետանու, ավելի բարձր է, քան ռուսականների, այսինքն՝ եթե Ռուսաստանը խոցում է տարածքներ, ապա Ուկրաինան խոցում է ճշգրիտ օբյեկտներ։ Դա ցույց տվեց նաև մեր 20 թ․-ի պատերազմը․ 20 թ․-ին արևմտյան մոտեցումները, արևմտյան տեխնոլոգիաները, արևմտյան մարտի կառավարման համակարգը մրցակցության մեջ էր սովետականի, ռուսականի հետ, և մենք պարտվեցինք»,— ասաց Ղազարյանը։
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ռազմական փորձագետ Էդուարդ Առաքելյանը FIP.am-ի հետ զրույցում նկատեց, որ 155 մմ տրամաչափը համարվում է ՆԱՏՕ-ի տրամաչափ, այն ամենատարածված հրետանային տրամաչափն է ամբողջ աշխարհում, որը օգտագործում է նույնիսկ Իրանը։
«Նման գնումների աշխարհագրությունը ավելի լայն է և դիվերսիֆիկացիոն տեսանկյունից շահավետ։ Իսկ 152 մմ արկերի շուկան խիստ սահմանափակ է։ Ռուսաստանը նույնիսկ իր համար բավարար չի կարողանում արտադրել ու գնում է Հյուսիսային Կորեայից։ Այնպես որ, այն, ինչ մենք գնում ենք, 152 մմ-ը փոխարինում ենք 155 մմ-ով, դա ուրախալի է։ Կարապետյանի հայտարարությունը խիստ քաղաքականացված է ու մանիպուլյատիվ։ Եթե Արշակ Կարապետյանը հիմա լիներ պաշտպանության նախարար, նա կասեր, որ լավ ընտրություն ենք կատարել»,— նշեց Առաքելյանը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից վերջին շրջանում ձեռք բերվող զինատեսակները ավելի ժամանակակից են, ավելի բարդ են և պահանջում են հմտացում։
Սյուզաննա Համբարձումյան