Երևանի գրեթե կենտրոնում ՀՀ ներքին գործերի նախարարության երբեմնի պահեստը՝ 3533.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, և ընդհանուր 0.941095 հեկտար մակերեսով հողամասը աճուրդով օտարվել են «Ջերմուկ գրուպ» ընկերությանը։ Գույքը գնելու առաջարկությունը եղել է «Ջերմուկ գրուպինը», իսկ որոշումը կայացրել է կառավարությունը։ Արդյունքում ոստիկանությունը, կարելի է ասել, մնացել է առանց պահեստի։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պետական գույքը օտարելու մասին կառավարության որոշումը և որոշ հանգամանքներ պարզել։
Ինչպե՞ս է կայացել աճուրդը
Երևանի Արշակունյաց պողոտա 77 հասցեում գտնվող շենք-շինություններն ու մեծ հողամասը, որոնք մինչև վերջերս Ներքին գործերի նախարարության համար պահեստ էին ծառայում, այժմ «Ջերմուկ գրուպ» ընկերությանն են։
Այսպես, 2023 թ․ օգոստոսին կառավարությանը նախագիծ է ներկայացվել 3533.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.941095 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով՝ 432.9 մլն ՀՀ դրամ գնահատված արժեքով, օտարել հենց «Ջերմուկ գրուպ» ընկերությանը՝ պայմանով, որ եռամյա ներդրումային ծրագիր կիրականացվի։ Իսկ ներդրումների ծավալը նախատեսվում է առնվազն 300 մլն դրամ։ Սակայն Ֆինանսների նախարարությունն առաջարկել է գույքը օտարել աճուրդով։
«Հաշվի առնելով ներդրումային ծրագրեր իրականացնելու նկատմամբ այլ ընկերությունների կողմից հնարավոր հետաքրքրությունը, առաջարկում ենք օտարումն իրականացնել մրցութային կարգով` հնարավորություն ստեղծելով այլ ընկերություններին ևս ներկայացնել նշված հասցեում հնարավոր ներդրումային ծրագրեր»,- նշվում էր Ֆինանսների նախարարության առաջարկում:
Առաջարկն ընդունվում է, և արդեն 2023 թ․ հոկտեմբերին կառավարության նիստում ընդունվում է որոշում՝ ՆԳՆ գույքը դասական աճուրդով օտարելու մասին։ Իսկ աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվում է 455 մլն դրամ։ «ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր»,- որոշումն այսպես էր հիմնավորել կառավարությունը։
FIP.am-ը հարցում էր ուղարկել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ փորձելով պարզել, թե քանի՞ մասնակից է եղել աճուրդին և որքա՞ն է արժեցել գույքի վերջնական գինը։ Ի պատասխան տեղեկացրել են, որ աճուրդին մասնակցել է երկու ընկերություն՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն և «Միլենիում Ալյանս» ՍՊԸ-ն (իրական շահառուները՝ ՌԴ քաղաքացիներ են–խմբ․)։ Ըստ կոմիտեի, սահմանված մեկնարկային գնով` 455 մլն դրամով հաղթող է ճանաչվել «Ջերմուկ գրուպը»։
Փաստացի, դասական իմաստով աճուրդ տեղի չի ունեցել, և «Միլենիում Ալյանս» ընկերության մասնակցությունը այդ գործընթացին եղել է ձևական։ Դա է վկայում կոմիտեի մյուս պատասխանը մեր հարցերին, թե ի վերջո՝ ո՞րն էր Արշակունյաց 77 հասցեում տեղակայված այս գույքը օտարելու հիմնավորումը, արդյո՞ք այն արդյունավետ չէր կառավարվում կամ նպատակին չէր ծառայում, ինչո՞ւ է օտարվող գույքի ցանկում ընդգրկվել հենց այս գույքը, առավել ևս, որ այն ՆԳՆ կողմից օգտագործվում էր որպես պահեստ։
Պարզվում է, ըստ Կոմիտեի, «Ջերմուկ գրուպն» է դիմել իրենց ու այդ տարածքը՝ շենք–շինություններով, գնելու առաջարկ արել, ինչին կառավարությունը դեմ չի եղել։ «Ընկերության կողմից ներկայացվել է գույքը գնելու առաջարկություն՝ ընկերության գործունեության ընդլայնման հիմնավորմամբ։ Գույքի օտարման առաջարկությունը քննարկվել է Ներքին գործերի նախարարության հետ, և փոխհամաձայնության արդյունքում «Գույքի օտարման մասին» ՀՀ կառավարության որոշման համապատասխան նախագիծը ներկայացվել է կառավարության քննարկմանը, որի արդյունքում էլ որոշվել է աճուրդով օտարել գույքը»,- նշվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանում։
Կոմիտեից խնդրել էինք տրամադրել նաև աճուրդի արդյունքների արձանագրությունը, ինչպես նաև գույքի օտարման պայմանագիրը, սակայն պետական կառույցը վկայակոչելով Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի դրույթները, հրաժարվել է տրամադրել փաստաթղթերը՝ այդպիսով գաղտնի համարելով աճուրդի մանրամասները, կասկածի տակ դնելով դրա թափանցիկությունը։
«Ջերմուկ գրուպի» սեփականատերը, հիշեցնենք, նախկին Հանրապետական Աշոտ Արսենյանն է՝ Վայոց Ձորի Գնդեվազ գյուղից։ Աշոտ Արսենյանը 2003 թվականից Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր է եղել, ՀՀԿ խմբակցության անդամ։ 2018 թ․-ից հետո նա դադարեցրեց անդամակցությունը ՀՀԿ-ին։ Այժմ քաղաքականության մեջ չէ, փոխարենը ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում նրա որդին՝ Վահագն Արսենյանը, որն այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, որի միջոցով էլ դարձել է Ջերմուկի քաղաքապետ։
Ի դեպ, կառավարության որոշման նախագծում նշվում էր, որ գործարքի արդյունքում ներդրումների ծավալը նախատեսվում է առնվազն 300 մլն դրամ։ Կոմիտեից հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ընկերությունը պարտավորվել է ներդրումներ իրականացնել, սակայն պատասխանել են, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, պետական սեփականություն հանդիսացող գույքն աճուրդով օտարման է ներկայացվում առանց պարտավորության կատարման պահանջի։
Թեպետ Պետական գույքի կառավարման կոմիտեից տեղեկացրել էին, որ Ներքին գործերի նախարարությանը պահեստի համար գույք չի հատկացվել, այդուհանդերձ, FIP.am-ը պարզել է, որ Նուբարաշենում ու Չարբախում ՆԳՆ-ն պահեստի համար տարածք ունի։ Մեր թղթակիցը եղել է Շիրակի փողոցում տեղակայված տարածքում, որի վիճակը, մեղմ ասած, անմխիթար է։
Այստեղ գտնվող շենքի օգտագործվող հատվածը կոսմետիկ վերանորոգման փուլում է, մյուս հատվածները շարունակում են մնալ վթարային վիճակում։ Պահեստ տանող մեքենայի ճանապարհը վտանգավոր է՝ վերևից կախված են մեխերով լի փայտե տախտակներ, որոնք քամուց ճոճվում են։
Պահեստ ապրանքներ տեղափոխող մեքենաները շատ արագ բեռնաթափվում են ու դուրս գալիս, որպեսզի վերևից որևէ բան չընկնի։ Մարդկանց անցուդարձը շենքի վթարային կողմով հնարավորինս սահմանափակված է։ Դրանից մի քանի մետր այն կողմ հին բետոնե առաստաղի ամրակներ են, որոնք կախված են մի քանի մետաղյա ձողերից և ճոճվում են քամու ժամանակ։
Փաստացի, Ներքին գործերի նախարարության համար ժամանակին որպես պահեստ ծառայող տարածքը ձևական աճուրդի միջոցով կառավարությունը օտարել է մասնավոր ընկերությանը, փոխարենը ՆԳՆ-ին հատկացրել անբարեկարգ տարածք։
ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ գործունեության ծրագրում շեշտադրվում է պետական գույքի արդյունավետ օգտագործման ու կառավարման անհրաժեշտությունը։ Մինչդեռ ստացվում է՝ պետությունը չի կառավարում ուժային գերատեսչությանը պատկանող գույքը ու որոշում է օտարել այն գործարարին՝ պետական հսկայական ռեսուրսներով մարմնին, ըստ էության, թողնելով առանց պահեստի։
Հասմիկ Համբարձումյան