168 TV-ի տաղավարում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով Հայկական ատոմային էլեկտրական կայանի փակման՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հնչող պահանջին, պնդել է, թե «ատոմակայանն էսօր ուզում են փակել [ՀՀ վարչապետ] Նիկոլ Փաշինյանն ու [ԱԽ քարտուղար] Արմեն Գրիգորյանը»։
ՀԱԷԿ-ը փակելու պարտավորությունը Սերժ Սարգսյանն է ստանձնել
2017 թվականին՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, Հայաստանն ու Եվրոպական միությունը կնքեցին «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (Comprehensive and Enhanced Partnership Agreement, CEPA), որում ի թիվս տարբեր այլ ոլորտների՝ կային նաև էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ դրույթներ։
Համաձայնագրի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի 2-րդ ենթակետում արձանագրվում է, որ կողմերը պետք է համագործակցեն Մեծամորի ատոմակայանի անվտանգ փակման վերաբերյալ։
«Մեծամոր ատոմակայանի փակումն ու դրա անվտանգ ապամոնտաժումը, ինչպես նաև այդ ուղղությամբ գործողությունների ծրագրի կամ ճանապարհային քարտեզի նախապես ընդունումը՝ հաշվի առնելով դրա փոխարինումը նոր արտադրական հզորություններով՝ ապահովելու համար Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմանները», -ասվում է համաձայնագրում։

Սրան զուգահեռ նշենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն (ԱԷՄԳ) արձանագրել է, որ ՀՀ գործող կառավարությունը պատշաճ է իրականացրել ատոմակայանի անվտանգ շահագործման ու արդիականացման ծրագրերը, ինչի արդյունքում ատոմակայանի աշխատանքը երկարաձգվել է մինչև 2026 թվականը։
Նշենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Մոսկվայում անցկացվող «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին հայտարարել է, որ Հայաստանը «որոշել է երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը»։
Փաստացի, Բագրատյանի պնդումները չեն հաստատվում ՀՀ կառավարության՝ ատոմակայանի շահագործման ժամկետները երկարաձգելուն միտված ԱԷՄԳ-ի եզրակացություններում։
Միևնույն ժամանակ, Բագրատյանի պնդումը մանիպուլյատիվ է, քանի որ անկախ ՀՀ կառավարության ցանկությունից, Հայաստանը 3-րդ նախագահի օրոք ստանձնել է ատոմակայանը փակելու միջազգային պարտավորություն։
«Արևմուտքը մոդուլային կայաններ չունի»
Բագրատյանը պնդել է նաև, թե «Արևմուտքը թույլ չի տալիս», որ Հայաստանի նոր ատոմակայանը Ռուսաստանը կառուցի։
«Արևմուտքը չի թողնում, որ մենք ռուսական ատոմակայան․․․։ Արևմուտքն ասում ա՝ Արմեն Գրիգորյան հլը արի ստեղ, կգնաս էս բանը խոսաս․․․ Արևմուտքը չունի, մոդուլային կայան չունի․․․», -ասել է Բագրատյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ-ն «մոդուլային ատոմակայան կառուցելու ռազմավարական որոշում ունի»։
Նրա պնդումը, թե Արևմուտքը չունի մոդուլային կայան, նույնպես մանիպուլյատիվ է. Արևմտյան երկրները ունեն մոդուլային ատոմակայանների առաջատար տեխնոլոգիա և մշակում են մի շարք մոդուլային ռեակտորների նախագծեր, որոնց մի քանիսը արդեն անցել են լիցենզավորման կամ կառուցման փուլերը։
Այսպես, ԱՄՆ-ի NuScale Power-ը ԱՄՆ-ի առաջին լիցենզավորված մոդուլային նախագիծն է՝ հզորություն՝ 77 ՄՎտ մեկ մոդուլի համար։ Կանադայի Ontario Power Generation կայանում 2024 թվականից կառուցվում է մոդուլային ատոմակայն GE Hitachi BWRX-300 նախագծով։ Մեծ Բրիտանիան ևս ունի տեխնոլոգիա. 70 ՄՎտ հզորությամբ մոդուլային ատոմակայան կկառուցվի Rolls-Royce SMR նախագծով, առաջին կայանը կշահագործվի 2030-ին։ Ֆրանսիան ևս տիրապետում է տեխնոլոգիային և 2030-ականներին շահագործման կհանձնի EDF NUWARD նախագիծ՝ 340 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։
Այսպիսով, Արևմտյան երկրներն ունեն մոդուլային կայանների առաջատար տեխնոլոգիաներ, որոնք ներդրվել են արդեն առնվազն լիցենզավորման կամ կառուցման փուլն անցնող նախագծերում։
«Փաստերի ստուգման հարթակը» շաբաթներ առաջ գրել էր, որ ռուսաստանյան քարոզչությունը հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում էներգետիկ ոլորտի զարգացումներին, և ամփոփել էր դրա վերաբերյալ ռուսաստանյան կամ դրանք տարածող հայկական տելեգրամյան ալիքների համակարգված քարոզչական արշավները, մանիպուլյատիվ ու քարոզչական թեզերը։
Նանե Մանասյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր




