Վերջին օրերին Ադրբեջանի տարածքով անցած և Վրաստանից Հայաստան ներկրված ցորենի շուրջ քննարկումները լայն արձագանք են ստացել Հայաստանում։
Հիշեցնենք, որ այդ ճանապարհով նոյեմբերի 5-ին ներկրվել էր 1000 տոննա ռուսական, իսկ նոյեմբերի 8-ին՝ 1․000 տոննա ղազախական ցորեն։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվությամբ՝ ներկրումն իրականացրել է մասնավոր ընկերությունը՝ «Բաղրամյան» ՍՊԸ-ն։ Այն պատկանում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել և համադրել է ներմուծված ցորենի շուրջ ընթացող քննարկումները, ինչպես նաև վերջին տարիներին Հայաստանում ցորենի ներմուծման միտումները։
3-րդ, թե՞ 4-րդ կարգի է ղազախական ցորենը․ պետական կառույցների հակասական տվյալները
Քննարկումների առանցքային հարցերից մեկը վերաբերում էր ներկրված ցորենի կարգին։ Մինչ իշխանության ներկայացուցիչները շեշտում էին այլընտրանքային ճանապարհով ներկրվող ցորենի առավելությունները, հանրային քննարկումները կենտրոնացել էին այն հանգամանքի վրա, որ Ղազախստանից ներկրված ցորենը 4-րդ կարգի է։ Այդ փաստն իր խոսքում հաստատել էր նաև էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը։
Սակայն, նոյեմբերի 14-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրապարակեց պաշտոնական տեղեկություն, ըստ որի՝ լաբորատոր փորձաքննության արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նմուշը համապատասխանում է 2-րդ, իսկ Ղազախստանի Հանրապետության նմուշը՝ 3-րդ կարգի ցորենին։

Չնայած այդ հաղորդագրությանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը FIP.am-ի հարցմանը նոյեմբերի 18-ին պատասխանել է, որ Հայաստան է ներմուծվել 1000 տոննա 3-րդ կարգի ռուսական և 1000 տոննա 4-րդ կարգի ղազախական ցորեն։
Պետական տարբեր մարմինների ու պաշտոնյաների կողմից ներկայացվող հակասական տվյալները, մեղմ ասած, ոչ միայն չեն պարզաբանել իրավիճակը, այլ այն դարձրել են հանրության համար ավելի խրթին ու անվստահելի։
Ցորենի ներմուծման ծավալները նվազել են
2021-2024 թվականների վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարբեր երկրներից Հայաստան ներկրվող ցորենի ծավալները տատանվել են 270․000-365․000 տոննայի սահմաններում։
Ներմուծման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2022 թվականին՝ 364․693 տոննա։ Այնուհետև, հաջորդող երկու տարիներին շարունակվել է նվազման միտումը՝ 343․674 տոննա՝ 2023 թվականին և 316․009 տոննա՝ 2024 թվականին։
2025 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստան է ներկրվել 223․805 տոննա ցորեն։
Ռուսաստանը շարունակում է մնալ ներմուծման հիմնական աղբյուրը՝ 99․9% բաղադրիչով
Վերջին տարիներին Հայաստան ցորեն է ներմուծվել Ռուսաստանից, Վրաստանից, Հունգարիայից, Բելառուսից, Ղազախստանից և Սլովակիայից։ Այնուամենայնիվ, բոլոր տարիներին ներմուծման գերակշիռ մասը ապահովել է Ռուսաստանի Դաշնությունը։
Չնայած Կառավարության՝ ներմուծման շուկաների դիվերսիֆիկացման վերաբերյալ պարբերաբար հնչեցվող հայտարարություններին, 2022-2025 թթ․ ցորենի 99․9%-ը շարունակում է ներմուծվել ՌԴ-ից։ Միայն 2021 թվականին է այդ ցուցանիշը եղել մի փոքր ցածր՝ 99․4%։
Ներկրված ցորենի ապագան
Մեր հարցմանը՝ ներմուծված 4-րդ կարգի ցորենը նախատեսվում է օգտագործել հացարտադրությա՞ն մեջ, թե՞ որպես անասնակեր, նախարարությունից պատասխանել են․
«Ալյուրի արտադրության համար ցուցանիշները բավարարելու դեպքում 4-րդ կարգի ցորենն օգտագործվում է պարենային նպատակներով, իսկ որոշ ցուցանիշների անհամապատասխանությունը կարգավորելու նպատակով ալրաղացները տարբեր կարգերը խառնում են իրար»։

Այսպիսով, ներմուծված ցորենի կարգի մասին ներկայացվող տվյալները մնում են հակասական. պետական կառույցները ռուսական ու ղազախական ցորենի կարգերի վերաբերյալ հրապարակում են միմյանց հակասող տեղեկություն։
Գայանե Մարկոսյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր





