Նախորդ տարեվերջին ՀՀ կառավարությունը անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական խթանմանն ուղղված որոշում էր ընդունել։ Որոշմամբ նախատեսված է աջակցել այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են որպես անհուսալի, և որոնց ընդհանուր մայր գումարի պարտավորությունը չի գերազանցում 1 մլն ՀՀ դրամը։
Որոշմամբ՝ ծրագրի թիրախային խմբում ընդգրկված էր շուրջ 218․000 անձ։
Ծրագրով ակնկալվում էր, որ մինչ 2026-ի հունվարի 31-ը թիրախային խմբի շուրջ 60%-ը կամ 131․000 անձ կդառնա ծրագրի շահառու և կսկսի մարել վարկային պարտավորությունները։ Այսօր, սակայն, ակնհայտ է, որ Կառավարության կանխատեսումներն ու ակնկալիքները չեն արդարացել։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կանխատեսումներն ու իրական արդյունքները՝ ծրագրի մեկնարկից 9 ամիս անց և դիմումների վերջնաժամկետից մոտ 2 ամիս առաջ։
Շահառու է դարձել կանխատեսված թվի 6%-ը
Ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի փետրվարի 1-ից։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ ծրագրի շահառու դառնալու համար, սահմանվել է 2026 թվականի հունվարի 31-ը։
Այն, որ ծրագիրը կանխատեսված ընթացքով առաջ չի գնում, պարզ դարձավ ծրագրի մեկնարկից 7 ամիս անց, երբ սեպտեմբերի սկզբին Կառավարության նիստերից մեկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր․
«Ծրագրի մեկնարկից մինչ այժմ շահառու է դարձել 5715 անձ․․․Հաշվի առնելով, որ շահառուների պոտենցիալ թիվը 218․000 անձ է, մենք չենք կարող ասել, որ ծրագիրը հասել է իր նպատակներին՝ ունենալով այսպիսի փոքր թվեր»։
2025 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ ծրագրից օգտվել է ընդամենը 7․717 անձ․ թիրախային խմբի 3․5 և պոտենցիալ շահառուների մոտ 6%-ը:
Ակնկալված և իրական ֆորմալ զբաղվածություն ունեցողների թիվը․ 90․000 և 1660
Ծրագրի մեկնարկին նախարարությունն ակնկալում էր, որ լրացուցիչ շուրջ 90․000 անձ ձեռք կբերի ֆորմալ զբաղվածություն։ Ըստ նախնական հաշվարկների՝ 218․000 պոտենցիալ շահառուներից մոտ 43․600-ն արդեն իսկ ֆորմալ զբաղված էին։
Կառավարության սեպտեմբերյան նիստին նախարար Թորոսյանն ընդգծել էր, որ նույնիսկ այդ՝ արդեն աշխատող խմբից ակտիվ դիմելիության խնդիր ունեն։ «Այս մարդիկ հիմա արդեն աշխատում են և կարող են դառնալ ծրագրի շահառու։ Բայց նույնիսկ այդ թվին չենք հասել… Նույնիսկ նրանք չեն դիմում…»։
Վերջինս նշել էր, որ ծրագրի շահառու դարձած 5715 քաղաքացուց «1532-ը կամ 27%-ը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, այսինքն՝ նոր են աշխատանք ձեռք բերել»։
FIP.am-ի հարցմանն ի պատասխան նախարարությունից տեղեկացրել են՝ նոյեմբերի 10-ի դրությամբ «ծրագրի շրջանակում (հեղ․՝ ֆորմալ զբաղվածի) հաստատված կարգավիճակ ունի դիմում ներկայացրած 1660 անձ»։
Այս ցուցանիշը հեռու է ծրագրով նախանշված 90․000 աշխատողի ֆորմալ զբաղվածության ապահովման կանխատեսումից։
Վարչապետի հանձնարարականից 2 ամիս անց հստակ պատասխան չկա
Ծրագրի արդյունավետությունն ու հասանելիությունը բարձրացնելու նպատակով վարչապետ Ն․ Փաշինյանը սեպտեմբերին հանձնարարել էր ստեղծել աշխատանքային խումբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՊԵԿ-ի և ԿԲ-ի աշխատակազմերի մասնակցությամբ։
Վարչապետի ձևակերպմամբ՝ «բանաձև է պետք մշակել՝ ոնց հասնել այդ մարդկանց, ոնց գտնել և ոնց ակտիվացնել»։
Այդ հանձնարարականից շուրջ երկու ամիս անց նախարարությունը դեռևս հստակ պատասխան չունի՝ ինչո՞ւ է դիմելիությունը ցածր։
«Փաստերի ստուգման հարթակին» նախարարությունից պարզաբանում են․
«Հանձնարարականի համաձայն` պոտենցիալ շահառուների շրջանում կատարվում է խորը վերլուծություն ծրագրի դիմելիության ակտիվության բարձրացման մեխանիզմների ուղղությամբ: Ներկայում աշխատանքներն ընթացքի մեջ են»։
Այսպիսով, այս փետրվարից մինչև նոյեմբերի 10-ը ծրագրին մասնակցել է թիրախային խմբի 3․5 և պոտենցիալ շահառուների 6%-ը, իսկ 90․000 նոր ֆորմալ զբաղվածություն ապահովելու կանխատեսումն իրականացել է մոտ 2%-ով, ինչը, ծրագրի մեկնարկից ամիսներ անց ստիպել է Կառավարությանն անցնել խորը վերլուծության և լուծումների որոնման փուլին։
Գայանե Մարկոսյան
ՓԱՍՏԱՉԱՓ
Խոշորացույց
Թիվ-թվանք
Տեսանյութեր
