Կառավարության 2021-2026 թթ․ ռազմավարական ծրագրով նախատեսված է 17 ջրամբարների կառուցում՝ Հանրապետության տարբեր մարզերում։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ռազմավարական ծրագրով նախանշված ժամկետներն ու ջրամբարների կառուցման ծրագրերի իրական պատկերը։
Կապսի ջրամբար
Կապսի ամբարտակի և օժանդակ կառույցների շինաշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսին՝ 34 ամիս տևողությամբ։ Այս տարվա հոկտեմբերին՝ պայմանագրի մեկնարկից 28 ամիս անց, սակայն, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում արձանագրել են՝ «պայմանագրի մեկնարկից 28 ամիս անց իրականացվել է ֆիզիկական աշխատանքների շուրջ 13%-ը»։
FIP.am-ի հարցմանն ի պատասխան՝ ներկայացնելով շինարարության դանդաղ տեմպերի պատճառներն ու դրանց լուծման ուղղությամբ աշխատանքները՝ ՏԿԵՆ-ից նշել են․ «Շինարարության տեմպերը դեռևս գոհացուցիչ չեն, ինչի պատճառով հնարավոր չէ շինարարությունն ավարտել նախատեսված ժամկետներում»։
Ջրամբարի կառուցման վերաբերյալ ամենաթարմ տեղեկությունը հրապարակվել է Ջրային կոմիտեի ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 14-ին։
«Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացիկ կարգավիճակը և առկա խնդիրները, ինչպես նաև ծրագրի հետագա ընթացքի մի քանի տարբերակներ… Կողմերը համակարծիք էին հրատապ լուծումներ գտնելու և կառույցի անվտանգությունն ապահովելու հարցում»։
Կապսի ջրամբարի կառուցման մասին քննարկումներն ու պաշտոնական հայտարարությունները Հայաստանում սկսվել են դեռևս 2007 թվականից։ Թեմային և ջրամբարի կառուցման շուրջ զարգացումներին FIP.am-ն անդրադարձել է նաև 2022 թվականին։
Վեդու ջրամբար
Վեդու ջրամբարի և օժանդակ կառույցների շինարարությունը մեկնարկել է 2017 թվականին։ Ի սկզբանե ծրագրի իրականացման վերջնաժամկետ էր սահմանված 2021 թվականը։
Ավելի ուշ, սակայն, նախապես սահմանված վերջնաժամկետները բազմիցս երկարաձգվել են։ Նախ, նոր վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականը։
Այնուհետև, 2023 թվականին Կառավարությունը վերջնաժամկետը երկարաձգել է մինչև 2025 թվականի մարտի 1-ը։
Վերջին ամենաթարմ վերջնաժամկետը՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ն է․ շինաշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
Նախարարությունից պարզաբանում են․ «Ծրագրի ժամկետի երկարաձգումը պայմանավորված է եղել կապալառուի վատ ֆինանսական վիճակով, եվրոյի կուրսի կտրուկ անկմամբ, ինչպես նաև պատերազմի ու կորոնավիրուսի համաճարակի հետևանքներով»։
Նախարարության տրամադրած տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմավարական ծրագրով նախատեսված 15 փոքր և միջին ջրամբարների կառուցումը սահմանված ժամկետներում հնարավոր չէ։
Պատճառաբանությունների թվում նշվում է․ «Ծրագրերի իրականացման համար պահանջվում են ինժեներական հետազոտություններ և փորձաքննություններ, որոնք տևական գործընթացներ են…»։
Որոշ ջրամբարների դեպքում էլ «ժամանակային ձգձգումները պայմանավորված են եղել ելակետային ոչ բավարար տվյալներով»։
Հոկտեմբերի վերջին Հանրային ներդրումային կոմիտեն հաստատել է հինգ ջրամբարների կառուցման ծրագրերը՝ Ելփին, Քասախ, Աստղաձոր, Արթիկ, Լիճք։ Այդ մասին նշել է նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը դեկտեմբերի 3-ին՝ Ազգային ժողովի նիստում։
«Հոկտեմբերին տեղի ունեցավ Հանրային ներդրումային կոմիտեի նիստը, որով հաստատվեց հինգ ջրամբարների կառուցման ծրագիր։ Այս ծրագիրն իրականացնելու ենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ… Այս 5 ջրամբարների նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ էին»,- ասել է նա։
Առավելագույնը, որ 15 ջրամբարների մասով սահմանված ժամկետում ՏԿԵՆ-ից խոստանում են, հետևյալն է․
- 2026 թվականի առաջին կիսամյակում սկսել 5 ջրամբարների շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը,
- մնացած 10 ջրամբարների մասով «մեկնարկել կամ ավարտել նախագծային աշխատանքները»։
Այսպիսով, Կառավարության 2021-2026 թթ․ ռազմավարական ծրագրով նախատեսված 17 ջրամբարների կառուցման գործընթացը զգալիորեն հետ է մնում սահմանված ժամկետներից․ 17 ջրամբարներից միայն մեկն է ավարտվում մինչև տարեվերջ, մինչդեռ մնացածի աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարիներին։
Գայանե Մարկոսյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր







