ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 16-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Լոռու մարզի Օձուն բնակավայրի 8 հասցեում գտնվող՝ 4 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ:
Խոսքը՝ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» (Բանակին, ավիացիային և նավատորմին աջակցող կամավոր ընկերություն, ռուս․ հապավում՝ ДОСААФ, Добровольная общество содействия армии, авиации и флоту) համահայկական, հայրենասիրական հասարակական կազմակերպության սեփականություն հանդիսացող գույքի մասին է։
Սրան զուգահեռ, ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր և ԶԼՄ-ներ (1, 2, 3, 4) պնդել են, թե Փաշինյանը կեղծ տեղեկություն է տարածել՝ հայտնելով, թե այն վերադարձվել է պետությանը, քանի որ այն «միշտ էլ պետական է եղել, երբեք չի մասնավորեցվել»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է գույքը վերադարձնելու վերաբերյալ քրեական գործը, վարչապետի ու սոցիալական մեդիայում առկա պնդումները։
Գույքը պետությանը չի պատկանել
Վարչապետի գրառումից ավելի քան մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 4-ին, նման հաղորդագրություն էր տարածել նաև ՀՀ գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Օձունում հողատարածքի նկատմամբ հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
FIP.am-ին Դատախազությունից տեղեկացրին, որ գույքը եղել է հենց հասարակական կազմակերպության սեփականությունը և պետությունը որևէ իրավունք չի ունեցել դրա նկատմամբ։
Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության գրանցման վկայականի՝ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվել է 2025 թվականի նոյեմբերի 3-ին՝ դատարանի 2025 թվականի հուլիսի 3-ի թիվ ՎԴ/5967/05/25 վճռի արդյունքում։

Հետևաբար սոցիալական մեդիայում տարածված պնդումը, թե խնդրո առարկա գույքը պետական է եղել, կեղծ է։ Փաստացի գույքը եղել է հասարակական կազմակերպության սեփականությունը, որը պետությանը հանձնվել է դատարանի վճռով։
Քրեական գործ՝ ԴՕՍԱԱՖ-ից 10-յակ գույքեր վերադարձնելու համար
ԴՕՍԱԱՖ-ի հաշվեկշռում գտնվող գույքերի վերաբերյալ Կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում խոսել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ հասարակական կազմակերպությունը 2025 թվականի ապրիլի 25-ին որոշել է 11 անշարժ գույք վերադարձնել ՀՀ-ին։
Ըստ Վարդապետյանի՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում է այս հանգամանքը վեր հանվել, և Դատախազությունը դիմելու է դատարան ՀԿ-ի հաշվեկշռում գտնվող ևս 7 գույքի պատկանելությունը վիճարկելու համար։
Նշենք, որ համաձայն ԳԴ հաղորդագրությունների՝ հասարակական կազմակերպությունը պետությանն է վերադարձրել Հայաստանի տարբեր հասցեներում`Տավուշում, Արմավիրում, Երևանում (1, 2), Սյունիքում, Արարատում գտնվող մի շարք գույքեր:
Նույն նիստի ընթացքում Փաշինյանն իր հերթին, անդրադառնալով թեմային, նշել է, որ գույքերը Խորհրդային միության փլուզումից հետո ամրացվել են ոչ պետական կառույցների, և իրավական ճանապարհով չի ամրագրվել այդ գույքերի հանձնումը նշված ընկերության սեփականությանը։
«Շատ կարևոր է, որ մենք ԴՕՍԱԱՖ-ի պարագայում էդ գույքերը վերադարձնում ենք և ամրացնում ենք Պաշտպանության նախարարությանը, որն ի սկզբանե ֆունկցիոնալ նշանակությամբ հենց հասցեագրված էր դրան»,- ասել է Փաշինյանը։
Այսպիսով, հասարակական կազմակերպության հաշվեկշռում կա մոտ երկու տասնյակ գույք, որոնց մի մասի նկատմամբ պետությունն արդեն իսկ վերականգնել է սեփականության իրավունքը, իսկ մնացածի վերաբերյալ դեռ շարունակվում է քրեական վարույթը։
Նանե Մանասյան
ՓԱՍՏԱՉԱՓ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թիվ-թվանք
Տեսանյութեր




