«Փաստերի ստուգման հարթակը» օրերս ստացել է փաստաթղթերի փաթեթ, որոնք վկայում են եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ռուսաստանյան շրջանակների իրականացված քաղաքական և տեղեկատվական ազդեցության համակարգված գործողությունների մասին։
Այդ փաստաթղթերը արտահոսել են ամենայն հավանականությամբ հաքերային հարձակման արդյունքում և ներկայացնում են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի դե-ֆակտո ենթակայությամբ գործող «Սոցիալական դիզայնի գործակալության» (Social Design Agency, SDA) փաստաթղթեր, նամակագրություններ, էկրանապատկերներ, զեկույցներ, պլաններ և այլ նյութեր։
Փաստաթղթերում առկա են գործակալության կողմից Հայաստանում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, Մոլդովայում, Նորվեգիայում և այլ երկրներում արդեն իսկ իրականացված և նախատեսվող տեղեկատվական արշավների սխեմաներ, պլանավորման նյութեր, հաշվետվություններ և արդյունքների ամփոփումներ։
Գործիքակազմի շարքում են doppelgänger կայքերի ստեղծումը, կեղծ լուրերի տարածումը, հողի վրա ակցիաների, սաբոտաժային ու այլ գործողությունների կազմակերպումը, ցանկալի կարծիք տարածող փորձագետների ու կարծիքի առաջատարների ներգրավումը և այլն։
Արտահոսած նյութերում առկա են այդ երկրներում հասարակությունների վրա ներազդման նյութեր և պլաններ։ Եվրոպական երկրներում, հիմնականում, գործողություններն արվել են Ուկրաինայի, միգրանտների ու, երբեմն, Հայաստանի դեմ զայրույթ գեներացնելու ուղղությամբ, ծայրահեղ աջական ուժերի աջակցության ուղղությամբ և ռուսաստանյան մյուս նարատիվների ուղղությամբ։ Էական գործողություններ են արվել Ուկրաինայի նախագահ Զելենսկու, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Սանդուի հեղինակազրկման ուղղությամբ։
Բազմաթիվ օպերացիաներ պլանավորվել և իրականացվել են կեղծ դրոշով (False flag)։ Օրինակ՝ Հայաստանի դեմ որոշ օպերացիաներ արվել են այնպես, որ տպավորություն ստեղծվի, որ այն Թուրքիայից է համակարգվել, իսկ Ֆրանսիայի դեմ օպերացիաները՝ Ուկրաինայի ու հայկական «Դաշնակցություն» կուսակցության կեղծ դրոշով և այլն։ Տարբեր վայրերում գործողություններում ներգրավվում են տարբեր անձինք՝ ԱՄՆ պաշտոնաթող գեներալ, Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր, ռումինացի օլիգարխ և այլն։
Նամակագրություններում երևացող անձինք օգտագործում են կեղծանուններ, սակայն դրանց մեջ հեշտությամբ նույնականացվում են ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգել Վլադլենովի Կիրիենկոյի (անվանում են СВК), ինչպես նաև նույն աշխատակազմում Սոֆյա Ավրաամի Զախարովայի (կեղծանունը՝ Kristin Kiler) անունները։
Դերակատարների նամակագրություններում հստակ երևում է, որ իրենք լուրջ միջոցներ են ձեռնարկում քողարկման և արտահոսքերի կանխման ուղղությամբ։ Սակայն, ինչպես երևում է, այդքան էլ չի ստացվում։ Բացի այդ, կենտրոնի հետ փոխկապակցված 50 հոգի օրերս հայտնվել են Բրիտանական պատժամիջոցների ցուցակում։
Հայաստան
Գործակալությունը Հայաստանի իշխանություններին վարկաբեկող և երկրի ներքին կյանքի ապակայունացմանը միտված արշավներ է իրականացրել, որոնցից հայ հանրությանը ամենահայտնին, այսպես կոչված, «Մարսելի» օպերացիան է:
Դեռևս նախորդ տարի նորաբաց ֆրանսիական մի կայք գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարսելում մի քանի միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն է գնել։ FIP.am-ն այդ ժամանակ էր պարզել, որ աղբյուրը ոչ արժանահավատ է, իսկ տեղեկությունը՝ ոչ փաստահեն ու կեղծ․ հոդվածը հրապարակած կայքն ավելի ուշ փակվել էր։
Սոֆյա Զախարովային ուղղված նամակներից մեկում Edward Bernays ծածկանունով անձը տեղեկացնում է, թե «Հայաստանի մասով կա հաջողություն», և որ «կոռուպցիոն սկանդալի մասին պատմությունը տարել են հայաստանյան ԶԼՄ-ներն ու կարծիքի առաջատարները»։
Նամակագրության մեջ նշվում է, որ հաջողվել է ներքին քաղաքական առճակատում հրահրել իշխանության և ընդդիմության միջև, ապա առաջարկում է «հաջողված օպերացիայի» ամբողջական հաշվետվությանը ծանոթանալ կցված նյութերում։

Արտահոսած փաստաթղթերում առկա է նաև ամբողջական հաշվետվությունը, որում ներկայացվում են այն հայաստանյան ԶԼՄ-ները և սոցիալական մեդիայի էջերը, որոնք արտատպել են կեղծ հոդվածը։ Զեկույցում երևում է, որ նյութի տարածմանը նպաստել են 17 գործակալներ, այն ունեցել է մոտ 10,6 միլիոն դիտում, իսկ դրա հերքումը՝ մոտ 1,1 միլիոն։

Ֆեյսբուքյան մեկնաբանությունների արտապատկերումների միջոցով հաշվետվության մեջ արձանագրվել է գեներացված ատելության խոսքը։

Համաձայն արտահոսած փաստաթղթերի՝ ռուսալեզու «Երևան1» կայքը պատկանում է գործակալությանը․ առցանց ռեսուրսի հիմնական խնդիրն է ՌԴ հայ համայնքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը։
Այն, որ ռեսուրսը պատկանում է այդ գործակալությանը, պարզ է դառնում արտահոսած մի քանի փաստաթղթերից (1,2)։

Այս ռեսուրսում պարբերաբար հրապարակվում են ՀՀ իշխանություններին թիրախավորող հոդվածներ․ օրինակ, արտահոսած ֆայլերում առկա է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագայի մասին աստղագուշակի վերլուծության տեքստը, որը 2026 թվականի մայիսին հրապարակվել է կայքում։
Արտահոսած ֆայլերից մեկը բացահայտում է, թե ամսական կտրվածքով որքան և ինչ ձևաչափում հոդված պետք է հրապարակվի կայքում։

Գործակալությունը մշակել է նաև Հայաստանը թիրախավորող «Ինքնալրացվող գիտելիքների բազա-Հայաստան» նախագիծը, որի նպատակը Wikipedia-ում ավելի քան 50,000 կլոն կայքերի ստեղծումն է։
Դրանք ունեն SEO օպտիմալացում (Search Engine Optimization), ինչն ապահովում է տվյալ կայքի, էջի կամ բովանդակության բարելավում, որպեսզի այն ավելի բարձր դիրքերում հայտնվի որոնողական համակարգերում, օրինակ՝ Google-ում։ Դրա նպատակն է այնպես անել, որ ChatGBT-ի նման արհեստական բանականությունները քաղաքական գործիչների մասին հարցեր ստանալիս պատմեն այն, ինչ ձեռնտու է Կրեմլին։

Գործակալությունը գործարկել է, այսպես կոչված, «համահայկական մեդիա հարթակ», սակայն արտահոսած ֆայլերում հստակորեն չի նշվում ԶԼՄ-ի անունը։
ԶԼՄ-ի նկարագրությունից հայտնի է դառնում, որ այն թիրախավորում է ԱՄՆ-ի, Լիբանանի, Իրանի, Ֆրանսիայի և այլ երկրների հայկական համայնքները՝ քարոզելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ, Արևմուտքից «եկող վտանգներ», ինչպես նաև թիրախավորում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։
Փաստաթղթում նկարագրված է կայքի կառուցվածքը, համաձայն որի՝ այն պետք է հրապարակի Սփյուռքի նորությունները, առանձնահատուկ կերպով լուսաբանի Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը՝ ընդգծելով ժողովրդի կյանքում Եկեղեցու դերը, ինչպես նաև Մեծ հայերի մասին շարք հրապարակի:
Մեկ այլ փաստաթուղթ նկարագրում է Հայաստանը թիրախավորող մեկ այլ նախագիծ․ նշվում է, որ պետք է վարկաբեկել X քաղաքական գործչին՝ նրա մասին զրպարտող բովանդակություն տարածելով, ինչպես նաև աջակցել «քաղաքական հետապնդման» ենթարկվող ընդդիմադիր գործչին։

Ֆրանսիա
FIP.am-ի ուսումնասիրած նյութերում, թերևս, ամենաշատը Ֆրանսիայում իրականացված օպերացիաների մասին պլաններն ու զեկույցներն են։ Այդ օպերացիաներն ուղղված են ինչպես Ֆրանսիայում միգրանտների ու Ուկրաինայի դեմ բացասական տրամադրություններ խթանելուն ու կրոնական հիմքով ատելության տարածմանը, այնպես էլ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների սրմանը։
Հենց այս նպատակի համար անցյալ տարվա ապրիլի վերջին գործակալությունում պլանավորել ու իրականացրել են «հիշողության օր» օպերացիան, որի շրջանակում որպես դաշնակցական ներկայացող անձինք Փարիզում Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների մոտ պետք է անմոռուկներով թռուցիկներ ու պաստառներ տարածեին։ Այն պետք է իրականացնեին ապրիլի 23-24-ի գիշերը և հաջորդ օրը լքեին Ֆրանսիան։

Համացանցում որոնումները ցույց տվեցին, որ նման օպերացիա իսկապես իրականացվել է (առնվազն՝ Ադրբեջանի դեսպանատան մոտ), բայց դրա իրականացնողները (ազգությամբ՝ սերբեր) խախտել են պլանը և Ֆրանսիան չեն լքել, ավելին՝ սեպտեմբերին իրականացրել են մեկ այլ, շատ ավելի աղմկահարույց ակցիա։
Անցյալ տարվա սեպտեմբերին Ֆրանսիայում մի շարք մզկիթների մոտ հայտնվեցին խոզերի կտրված գլուխներ, ինչը էական լարում ստեղծեց մուսուլման հանրության մոտ։ Ինչպես երևում է FIP.am-ի ուսումնասիրած նյութերում, օպերացիան իրականացրել է նույն գործակալությունը։

Սակայն, թե՛ գործակալության զեկույցում, թե՛ հետագայում իրավապահների հրապարակած բացահայտումներից պարզ է դառնում, որ «խոզի գլուխ» անվանումը կրող օպերացիան հարթ չի անցել, եղել են խնդիրներ մզկիթների պահակների հետ։ Ավելին, երբ դրա որոշ մասնակիցներ ձերբակալվել են, նրանք ընդունել են, որ իրենք են նույն տարվա ապրիլին իրականացրել անմոռուկների տարածումը Փարիզում։
Ֆրանսիայում իրականացված մեկ այլ գործողության մասին տեղեկանում ենք գործակալության նամակների արտապատկերումներից (screenshot)։ Այն նախատեսում էր Ֆրանսիայում գտնել 500 թանկարժեք մեքենա, դրանց վրա տեղադրել ուկրաինական պետհամարանիշներ ու ամեն մեքենայից կատարել երկու լուսանկար։ Աշխատակիցները քննարկում էին, որ շատ թանկ մեքենաների համար (Ռոլս-ռոյս, Լամբորջինի, Ֆեռարի և այլն) հոնորարը կլինի էապես բարձր։ Գործողության նպատակն էր, այդ նկարները ֆրանսիական սոցցանցերում տարածելով, նվազեցնել հանրության՝ Ուկրաինային աջակցելու ցանկությունը։

Մեկ այլ ակցիա էլ միտված է եղել հակամուսուլմանական տրամադրությունների սրմանը․ դրա շրջանակում իսլամի հետ ասոցացվող կանաչ ներկ է լցվել երեք սինագոգի, հրեական ռեստորանի և հրեական այլ հավաքատեղիների մուտքերի վրա։ Որպես ակցիայի հաջողության ցուցիչ՝ զեկուցվել է, որ դեպքի մասին անդրադարձել են ֆրանսիական և իսրայելական առաջատար լրատվամիջոցներ։ Հետագայում, սակայն, հետաքննությունը ցույց է տվել, որ այս ակցիան ևս իրականացրել են Սերբիայի քաղաքացիներ։

Ֆրանսիայում պլանավորված, բայց (առնվազն՝ դեռևս) չիրականացված ակցիաների պլաններում է «Генерал» ակցիան, որի սահմաններում մարդիկ, որոնք պետք է ներկայանային որպես Ուկրաինայի առաջին տիկնոջ՝ Օլենա Զելենսկայայի հիմնադրամի պատվեր կատարողներ, պետք է պղծեին Շարլ դե Գոլի արձանը՝ վրան գրելով «Փառք Ուկրաինային»։ Մասնակիցները պետք է հայտարարեին, որ դա Շարլ դե Գոլի թոռան ռուսամետ հայտարարությունների պատասխանն է։

Պլանավորված գործողությունների թվում էր նաև միգրանտների դեմ ուղղված հերթական ակցիան, որի սահմաններում պետք է սպիտակամորթ և սևամորթ փչովի սեքս-տիկնիկներ նետվեին Սենա գետը։ Ակցիայի նպատակը միգրանտների դեմ տրամադրությունների սրումն էր։ Այն պետք է արվեր «խոզի գլուխ» ակցիայից հետո, սակայն, դրա մասնակիցներին ձերբակալելուց հետո հետաձգվել ու, ըստ ամենայնի, չեղարկվել է։
Առավել հետաքրքիր են Ֆրանսիայի շուրջ 2026 թվականի պլանները։ Դրանք ներառում են սոցիալական տարբեր հարթակներում այնպիսի օգտահաշիվների ներդրում, որոնք ինքնաշխատ կերպով (արհեստական բանականությամբ) կգեներացնեն բովանդակություն։ Նախատեսվում է տարվա ընթացքում 540 տեսանյութի պատրաստում և տարածում։
Գերմանիա և Նորվեգիա
FIP.am-ը փաստաթղթերից տեղեկանում է, որ հատուկ նախագծման արդյունքում ծրագրվել է ապատեղեկատվություն և քաղաքական սկանդալներ Եվրոպայում։
Մասնավորապես, ըստ փաստաթղթերի, Նորվեգիայի մասով, քննարկվել է տեղեկատվական արշավի նպատակը՝ հրահրել քաղաքական սկանդալ 2025 թվականի հունիսի 23-27-ին կայացած Ինտերնետային կառավարման ֆորում 2025-ի (Internet Governance forum/ IGF) ֆորումի շուրջ և վարկաբեկել Նորվեգիան որպես կազմակերպիչ:

Ռուսաստանյան տեղեկատվական արշավն առավել մասշտաբային իրականացվել է Գերմանիայում։ Այստեղ գործողությունները հատկապես ակտիվ են եղել 2025 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ Bundestag 2025։ Փաստաթղթերը վկայում են այդ երկրի ներքաղաքական կյանքի ու ընտրությունների վրա ազդելու լայանածավալ փորձի մասին։ Ընտրություններից առաջ, մասնավորապես, «Կանաչների» կուսակցության թեկնածու Ռոբերտ Հաբեկին վարկաբեկելու նպատակով վնասված մեքենաների վրա փակցվել են նրա պատկերով և «Եղիր ավելի կանաչ» գրությամբ ստիկերներ։
«Նախագծեր 2026» փաստաթղթում նշվում է «Գերմանիայի ինքնալրացվող գիտելիքների բազա» նախագծի մասին, որն արդեն ունի ավելի քան 200․000 էջ։ Նպատակն է արհեստական բանականության և SEO օպտիմալացման միջոցով որոնողական համակարգերում առաջ մղել ռուսամետ նարատիվներ։ Եղել է նաև «Ռուսական ալիք» նախագիծ, որի շրջանակում նախատեսված է եղել Գերմանիայի համար ստեղծել ամսական շուրջ 400 ծավալուն հոդվածներ (լոնգրիդ) և լուրեր՝ տարածելով դրանք VK, Telegram, Facebook և X սոցիալական հարթակներում։
Սոֆիա Զախարովայի ուղարկած նամակի արտապատկերումից տեսնում ենք Գերմանիայի ներքաղաքական կյանքի վրա ազդելու հստակ մեխանիզմներ՝ օգտագործելով տեղի քաղաքական գործիչներին և լրատվամիջոցները։ Մասնավորապես, ըստ նամակագրության, համաձայնություն է ձեռք բերվել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունից Մաքսիմիլիան Կրայի հետ, որն այս ծրագրում ներկայացվում է որպես հասարակական կարծիքի առաջատար։ Քննարկվում է նրա ելույթների տարածումը սոցիալական հարթակներում։
Այս փաստաթղթերում կարմիր թելի նման ուրվագծվում է այն նպատակը, որն ունեցել է արշավը՝ ազդեցություն ունենալ 2025 թվականի փետրվարին Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունների նախընտրական փուլի վրա։ Հատկապես ուշագրավ է AfD-ի համանախագահ Ալիս Վայդելի նախաձեռնությունը՝ կազմակերպել տեսակապով բանավեճեր ռուսական կողմի նշանակալի քաղաքական դեմքերի հետ, ինչպիսին օրինակ նշվում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Գերմանիայում գործողություններին, ըստ նամակագրության, ակտիվ ներգրավում են ԱՄՆ պաշտոնաթող գեներալ-մայորի Պաուլ Վալելիին, որի մասին անրադարձել ենք հոդվածի վերջում։
Ըստ փաստաթղթերի, Միջին Եվրոպա (Mitteleuropa) անվանումով եվրոպական նախագիծ է եղել, որի նպատակն էր ստեղծել քաղաքական և տնտեսական դաշինք Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի միջև՝ թուլացնելով Գերմանիայի և Ֆրանսիայի ազդեցությունը ԵՄ-ում։
Բացի այդ, այս ռազմավարության շրջանակում նախատեսված է եղել ստեղծել ուղեղային կենտրոններ (Think Tanks), որոնք կթիրախավորեն եվրոպացի լրագրողներին և փորձագետներին՝ տարածելով թեզեր, թե ԵՄ-ում լինելը վնասում է ազգային շահերին։
Ուկրաինա
Ուկրաինայի դեմ գործողությունները, որոշ առումով, նման են Հայաստանի դեմ գործողություններին։ Երբեմն, անգամ, իդենտիկ։ Իրականացրած գործողություներից ամենահաջողվածը Զելենսկու կողմից ԱՄԷ-ում «Բուրջ Խալիֆա» աշտարակում անշարժ գույքի ձեռքբերման կեղծ լուրի տարածումն է, որը, համաձայն գործակալության ներքին զեկույցների՝ 86 միլիոն դիտում է ունեցել։ Գործողությունը նյութերում հենց այդպես էլ կոչվել է․ «Բուրջ Խալիֆա»։

Ուկրաինայի դեմ իրականացված մեկ այլ գործողություն էլ տելեգրամյան ալիքների ստեղծումն է, որոնք պետք է ձևացնեն, թե իբր պրոուկրաինական են, բայց, իրականում, դանդաղ առաջ մղեն ռուսաստանյան նարատիվները, թե իբր պարտությունը անխուսափելի է։ Գործողությունների ծրագրերի մեջ առանձնացված է չորս նպատակ՝ ռազմաքաղաքական ղեկավարության վարկաբեկում, էլիտաների պառակտում, բնակչության ապակողմնորոշում և զինված ուժերի բարոյալքում։ Բոլոր նպատակներին պետք է հասնել առանց ուղիղ ռուսամետ ուղերձների, քողարկված։
Մոլդովա
FIP.am-ի ուսումնասիրած փաստաթղթերում Մոլդովայի վերաբերյալ տեղեկատվությունը հիմնականում կենտրոնացած է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին վարկաբեկելու և տարածաշրջանային մեդիա տիրույթում իբրև թե ազդեցություն հաստատելու փորձերի վրա:
Մասնավորապես, Մայա Սանդուի դեմ, ըստ աղբյուրների, իրականացվել են համակարգված արշավներ, որոնց ժամանակ օգտագործվել են այսպես կոչված հետաքննություններ Սանդուի հիմնադրամի գործունեության մասին։
Այդ փաստաթղթերում քննարկվել են գաղափարներ օգտագործելու ռումինացի գործիչ Սեբաստիան Գիթցային (Sebastian Ghiță), որը կհայտարարի, թե Սանդուի վարչակազմը փորձել է 150 հզր եվրոյի դիմաց արգելափակել իր մասին բացասական լուրերի տարածումը «Romania TV»-ով։ Սեբաստիան Գիթցան, նկատենք, ռումինացի նախկին պատգամավոր է, մեդիասեփականատեր և հենց «Romania TV»-ի հիմնադիրն է։
Փաստաթղթերում կարդում ենք, որ Մայա Սանդուն ներկայացվում է որպես հիմնական թիրախներից մեկը SNG.TODAY (SNG{.}FM-ը ևս) կայքում, որը, ըստ աղբյուրների, «Սոցիալական դիզայնի գործակալության» (SDA) սեփականությունը և հովանավորվում է Կրեմլի ու Մարիա Զախարովայի կողմից:
Այսպիսով, Մոլդովան դիտարկվում է որպես տեղեկատվական պատերազմի ակտիվ գոտի, որտեղ հիմնական նպատակը եվրոպամետ իշխանությունների վարկաբեկումն է եղել:
Ամերիկացի գեներալը՝ ռուսամետ կարծիք ձևավորող
Ռուսական ապատեղեկատվական համակարգված արշավի մաս է կազմել ամերիկացի պաշտոնաթող գեներալ Փոլ Վալելին (Paul E. Vallely)։ Քարոզչական թեզը, որը տարածելու խնդիր է դրված եղել նրա առաջ հետևյալն է՝ «ՆԱՏՕ-ն պարտվում է, Ռուսաստանը հաղթում է»: Նա «Stand Up U.S. Foundation» կազմակերպության հիմնադիրն է, որի անունից նամակ է տարածվում լրատվամիջոցներին, և իսրայելական լրատվամիջոցները պատրաստակամություն են հայտնել հարթակ տրամադրել Վալելիի փորձագետներին։
Այսպիսով, ըստ աղբյուրի, Պոլ Վալերին օգտագործվում է որպես հեղինակավոր կերպար՝ արևմտյան և իսրայելական մեդիա տիրույթում Ռուսաստանի հաղթանակի և ՆԱՏՕ-ի ձախողման մասին թեզերը տարածելու համար։ Ըստ Սոֆյա Զախարովայի գրած նամակի, քննարկում են վճարման հետ կախված հարցեր և որոշ գործողություններ անում են հենց պաշտոնաթող գեներալի միջոցով։

Քողարկում, աշխատանքի կազմակերպում և ներքին հաշվետվողականություն
Փաստաթղթերից շատերը վերաբերում են գործակալության ներսում տեղեկատվական անվտանգությանը, ներքին վերահսկողությանը ու ֆինանսական հաշվետվողականությանը։
Ֆինանսական հաշվետվողականության վառ ապացույց են Իսրայելում ու Եգիպտոսում տարբեր «հետազոտական» կենտրոնների ստեղծման աշխատանքների նախահաշիվները։ Օրինակ, Իսրայելում այդպիսի կենտրոնի ծախսերը հաշվարկվել են ամսական 1,5 միլիոն ռուբլի ընթացիկ ծախսերի համար և, ևս 3 միլիոն ռուբլի բովանդակության տարածման ու ինֆլուենսերների վարձատրության համար։ Եգիպտոսում «Հակագլոբալիզմի» ինստիտուտի գործունեությունն ամսական 5 միլիոն ռուբլի է գնահատվում։

Թեև նյութերում շատ են փաստաթղթերը, որոնք վերաբերում են քողարկմանը, գաղտնագրմանը, IT անվտանգությանը, այդուհանդերձ, թիմի ներսում «դավաճաններ» են փնտրել։ Այսպես, օրինակ, 2025 թվականի հունիսին, հաքերային հարձակումներից մեկից հետո, ներքին հետապնդում են սահմանել երկու աշխատակիցների՝ Նիկիտայի և Իլիայի նկատմամբ: Նամակներից մեկում էլ Սոֆյա Զախարովան հանձնարարում է հարցաքննել վերջիններին՝ կասկածելով, որ աշխատում են օտար երկրների համար։

Նամակագրություններում հստակ երևում է, որ աշխատակիցները զեկուցում են Kristin Killer մականունով հանդես եկող Սոֆյա Զախարովային (իրեն հենց Սոֆյա էլ կոչում են), որը, երբեմն, նշում է, որ որոշ ֆինանսական հարցեր պետք է համաձայնեցնի Սերգեյ Կիրիենկոյի հետ (նամակներում СВК)։
Ամփոփում
Արտահոսած փաստաթղթերը վկայում են, որ ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ-ի նկատմամբ ինտենսիվացած և հսկայական ծավալների հասած ապատեղեկատվական արշավները, հիբրիդային հարձակման տարատեսակ գործողությունները նախապես և մանրակրկտորեն մշակված մեծ ռազմավարության մաս են, որոնք համակարգվում են մեկ կենտրոնից՝ ՌԴ նախագահի աշխատակազմից։
Փաստաթղթերը բացահայտում են Հայաստանում ներքին քաղաքական կյանքի միջամտության, ապակայունացմանը միտված հիբրիդային գործիքների, մեդիառեսուրսների, նախագծերի մասին, որոնք ամենօրյա շոշափելի ազդեցություն են ունենում Հայաստանի տեղեկատվական տիրույթի ու ներքին հանրային կյանքի վրա։
Ուշագրավ է, որ Կրեմլի ենթակայությամբ գործող գործակալությունը միևնույն գործիքակազմը կիրառել է Եվրոպական Միության և հարակից այլ տարածաշրջանների երկրներում իրավիճակի ապակայունացման, իշխանությունների վարկաբեկման նպատակով։
Հատկանշական է, որ գրեթե բոլոր գործողությունները կատարվում են «կեղծ դրոշի» տակ, քողարկված՝ արհեստականորեն սրելով բարդ ու խնդրահարույց հարաբերություններ ունեցող երկրների ու կրոնական-ազգային խմբերի միջև օրակարգերը․ փաստացի, այս մեխանիզմով ստեղծվում է կեղծ տպավորություն, թե պատմական-քաղաքական ինչ-ինչ հակասություններ ունեցող խմբերն են (հայերն ընդդեմ թուրքերի, մուսուլմաններն ընդդեմ հրեաների, աջ ծայրահեղականներն ընդդեմ մուսուլմանների և այլն) միմյանց նկատմամբ նման գործողությունների դիմում, մինչդեռ դրանք մշակվում և գործի են դրվում ՌԴ նախագահի աշխատակազմում։
Հասմիկ Համբարձումյան
Նանե Մանասյան
ՓԱՍՏԱՉԱՓ
Խոշորացույց
Թիվ-թվանք
Տեսանյութեր




