Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում տարածվում է Արցախի «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») հուշարձանի ոչնչացումը պատկերող լուսանկար: Հոդվածի հրապարակման պահին լուսանկարը տարածել է ավելի քան 300 օգտատեր։
Հուշարձանը ոչնչացնելու սպառնալիքները՝ Բաքվից
2023 թվականին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո Բաքվից բազմիցս հնչել են առաջարկներ ադրբեջանական վերահսկողության տակ անցած Ստեփանակերտի «Մենք են մեր սարերը» հուշարձանը ապամոնտաժելու վերաբերյալ։
Մասնավորապես՝ 2025 թվականին այսպիսի առաջարկ էր արել Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը, իսկ ավելի ուշ էլ հուշարձանը ենթարկվել էր վանդալիզմի․ X-ի իր օգտահաշվում այդ մասին փաստող տեսանյութ էր հրապարակել ազգությամբ թալիշ լրագրող Ռահիմ Շալիևը։
The historical monument “We Are Our Mountains”, considered a symbol of Artsakh, was vandalized by Azerbaijanis. pic.twitter.com/19rVDzlLvZ
— Rahim Shaliyev (@rahimsaliyev) November 20, 2025
Թվային մանիպուլյացիաների հետքեր լուսանկարում
«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում տարածվող լուսանկարը արհեստական բանականության կամ թվային մանիպուլյացիայի այլ հետքեր հայտնաբերող ծրագրերի միջոցով։
Ըստ այդմ, մի շարք գործիքներ եզրակացրել են, որ լուսանկարում առկա են միջամտության և ԱԲ գործիքների կիրառման հետքեր։

Սրան զուգահեռ, արհեստական բանականության այլ գործիքներ, վերլուծելով նկարը, ուշադրություն հրավիրեցին կռունկի և էքսկավատորի աշխատանքի վրա, որը ֆիզիկապես այնքան էլ համոզիչ չէ։ Միևնույն ժամանակ փոշու և բեկորների տարածումը որոշ տեղերում անբնական է և ամբողջությամբ չի համապատասխանում նման քանդման ժամանակ սպասվող պատկերին։
«Giriş Qadağandır» (ադրբեջաներեն՝ «Մուտքը արգելված է») գրությամբ արգելապատնեշի կարմիր նշանը ստորին աջ անկյունում ևս ունի անբնական տեսք, իսկ դրան շատ մոտ նկատվում է մի տղամարդու դեմքի կիսատ պատկերը այլ՝ հատակի սալահատակներից տարբերվող երանգավորմամբ ֆոնով։
FIP.am-ը նկատել է նաև, որ հուշարձանի մոտ կանգնած բանվորական հագուստով անձը ունի անբնական փոքր չափսեր՝ հուշարձանի համեմատությամբ․ մինչդեռ նախկինում հուշարձանի մոտ նկարահանված իրական տեսանյութերում հուշարձանի մոտակայքում գտնվող անձինք այդքան փոքր չեն դրա համեմատ։
FIP.am-ը պարզեց նաև, որ լուսանկարի սկզբնաղբյուրը ադրբեջանալեզու Xankəndililər անունով ֆեյսբուքյան էջն է․ այն նկարը հրապարակել է հունիսի 21-ի երեկոյան։

Լուսանկարի տարածումից հետո հայտարարություն է տարածել Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը՝ նշելով, որ «այս պահի դրությամբ նշված տեղեկությունը չի հաստատվել»։
«Նման բնույթի հրապարակումները, հատկապես երբ վերաբերում են ազգային ինքնության և մշակութային ժառանգության առանցքային խորհրդանիշներին, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ բռնի տեղահանված արցախահայության և ողջ հայ հասարակության վրա՝ խորացնելով անհանգստությունը, ցավն ու տեղեկատվական անորոշությունը», — նշված է հայտարարության մեջ։
Այսպիսով, չնայած ադրբեջանական տարբեր ռեսուրսներ ու պաշտոնյաներ ժամանակին առաջարկել են ապամոնտաժել հուշարձանը, այս պահի դրությամբ դրա քանդման մասին տեղեկությունները չեն հաստատվում։
Միևնույն ժամանակ լուսանկարը, որը տարածվում է սոցիալական մեդիայի հայալեզու տիրույթում, ունի թվային մանիպուլյացիայի հետքեր։
Նանե Մանասյան
ՓԱՍՏԱՉԱՓ
Խոշորացույց
Թիվ-թվանք
Տեսանյութեր





